Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի կողմից 4 գյուղերի հանձնումը

Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի կողմից 4 գյուղերի հանձնումը

«Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում»:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Իսլամաբադում պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ այսօրվա հանդիպմանը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը։

Բայրամովի խոսքով, ինքը Պակիստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է նաև Ադրբեջանի «ազատագրված հողերի վերականգնողական աշխատանքների մասին». «Ես նշել եմ, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին»։

ԱԳ նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և «Հայաստանի կողմից երկար ժամանակ օկուպացված չորս գյուղերի՝ Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում»:

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է նախարարը։