«Հրապարակ». Ովքեր են պայքարում ռադիոյի տնօրենի պաշտոնի համար

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթը մեկնարկել է մայիսի 6-ին եւ ավարտվելու է հունիսի 5-ին։ Մրցութին մասնակցում է նաեւ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ Մեզ հետ զրույցում Խումարյանն ասաց, որ փաստաթղթերն արդեն ներկայացրել է։ «Ընթացքի վերաբերյալ դժվարանում եմ որեւէ բան ասել։ Ենթադրում եմ, որ ներկայում ուսումնասիրվում են մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը, մրցութային հայեցակարգերը, ինքնակենսագրություններն ու մոտիվացիոն նամակները»,- ասաց Խումարյանը։
Ըստ ՀԽԽ տարածած հաղորդագրության, մասնակիցները չորսն են՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի: «Երեք մրցակիցներիցս անձամբ միայն Մհեր Մարգարյանին եմ ճանաչում։ Մեր ընկերության տեխնիկական տնօրինության աշխատակից է։ Տիկնանցից որեւէ մեկին չեմ ճանաչում»,- ասաց Խումարյանը։
Մհեր Մարգարյանը մի շարք ռադիոկայաններում էլ է աշխատել՝ «Radio XFM», «Radio Energy Armenia», «MFM Music Radio», «Radio Chanson Yerevan FM 90.1», «Ar Radio Intercontinental», «Radio Yerevan FM», «Լավ Ռադիո / Lav Radio» եւ այլն։
Բելլա Հովհաննիսյանի մասին էլ միայն մեզ հաջողվեց պարզել, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգում բուհ է ավարտել, իսկ Մարիամ Մանուկյանի մասին համացանցի բաց աղբյուրներում տեղեկություններ չգտանք։
Խումարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրող հանձնաժողովը Հանրային հեռարձակողի խորհուրդն է՝ Արա Շիրինյան, Վահագն Թեւոսյան, Արփի Ոսկանյան, Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան, Վահրամ Մարտիրոսյան, Արամ Սուքիասյան։ Սա այն կազմն է, որը Գարեգին Խումարյանի դեմ հայտարարություն էր տարածել, քանի որ վերջինս իր գլխավորած լրատվամիջոցի կայքում հոդված էր հրապարակել` քննադատելով Նիկոլ Փաշինյանի հետ արված հարցազրույցը։ Այսինքն՝ իշխանամերձ մի խորհուրդ, որը կառավարությունից եկած հրահանգներով է առաջնորդվում: Խումարյանին հարցրինք՝ ինքն արդեն մասնակցե՞լ է հարցազրույցի, ի՞նչ բնույթի հարցեր են տվել, մեղադրանքներ չե՞ն հնչեցրել։ «Խորհրդի անդամների հետ հանդիպում դեռ չի եղել։ Ընթացակարգը հարցազրույց ենթադրում է, բայց չի պարտադրում։ Բացառված չէ, որ հարցազրույց չլինի էլ։ Ուստի հարցի երկրորդ մասի վերաբերյալ պատասխան չունեմ։ Կարող եմ ասել, որ մրցունակ հայտ եմ ներկայացրել եւ, ինչպես մրցույթի սկզբում, լի եմ հաղթելու վճռականությամբ»։
Կարծիքներ