Փաշինյանի համար իշխանություն կորցնելը շատ ցավոտ է լինելու՝ չափազանց ցավոտ

Փաշինյանի համար իշխանություն կորցնելը շատ ցավոտ է լինելու՝ չափազանց ցավոտ

Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին խնդրեցինք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին եւ ՔՊ-ի պահվածքին: Նա կարծում է, որ իշխանությունը վախեցած է եւ դա ամեն ինչից է երեւում: «Շատ բնական է, որ հիմա որոշակի համազգային կոնսոլիդացիա կա կոնկրետ մի նպատակի շուրջ: Ընդ որում, այդ նպատակը բավականին խորագիտորեն չի ասվում, որ դա իշխանափոխությունն է: Տավուշում դելիմիտացիա կամ դեմարկացիա չի արվում՝ զիջում է արվում կամ հանձնում՝ սա փաստ է և նույնիսկ Փաշինյանն է անուղղակի խոստովանել: Պետրոսի մոտ երբ հարցազրույց էր տալիս, ասաց՝ խնդիր ունենք այդ սեփականության վկայականների հետ, եթե հիշում եք: Այսինքն, ՀՀ տարածք է հանձնվում և դա կապ չունի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ»,-ասաց Նահապետյանը: 

Պատերազմը կարող է պայմանավորված լինել, կարող է և լինել չպայմանավորված՝ ասում է ռազմական փորձագետը: «Եթե Փաշինյանը տեսնում է, որ այնուամենայնիվ, Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» գործընթացը թափ է հավաքում, օրինակ, հարյուր հազարներ իջնում են փողոց, ինքը՝ որպես այդ գործի ոչ վատ մասնագետ, հրաշալի գիտի, որ վաղ թե ուշ այդ մեծ թվաքանակը կարող է ճնշման լրջագույն գործիք դառնալ ու, ասենք ,ոստիկանական ուժերը բավարար չլինեն ուժ կիրառելու՝ մարդկանց ցրելու համար: Հիմա ի՞նչ պիտի արվի. ինքն անցել է շատ կարմիր գծեր և իր համար իշխանության հանձնումը շատ ցավոտ է լինելու: Ես չեմ ուզում բացել ցավոտ բառի բնութագրումը, բայց հատկապես իր համար շատ ցավոտ է լինելու՝ քաղաքական թիմի մասին չեմ ասում»,-ասաց Նահապետյանը: 

Ռազմական փորձագետը նշում է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի տարբեր հատվածներում սկսեն կրակել, Արդբեջանը ոչ թե բանակցողներ է ուղարկելու, այլ որպես առիթ է դա օգտագործելու ռազմական գործողություններ սկսելու համար: «Եթե այդ կրակոցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ոչ թե պատերազմ, այլ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ եք կարծում, Փաշինյանը կարո՞ղ է գնահատել դա, ենթադրենք, որպես մեր տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից խախտելու քայլեր և, ասենք, ռազմական դրություն մտցնել… Չենք բացառում, ռազմական դրություն մտցնել նշանակում է երթերը, հանրահավաքները օրենքով արգելել»,-ասաց վերջինս: Փորձագետը շեշտում է, Ալիևի համար կարևոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Բացի այդ, պարտադիր չի, որ հայկական կողմից արձակվի առաջին կրակոցը՝ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել նաև առանց դրա:

«Այնպես որ պատերազմի մասին, որ ասում են, դա իրականում պատերազմ չի, բայց դրանք Փաշինյանին իրավունք կտան օրենքով սահմանված կարգով ռազմական դրություն կամ արտակարգ դրություն մտցնել և ըստ այդ արտակարգ դրության` արգելել հավաքներ, երթեր, կլինեն ձերբակալություններ և այսպես շարունակ»,-ասաց Նահապետյանը: 

Մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը ակնարկել է նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու մասին: Նահապետյանն արձագանքում է` ոստիկանությունը իրավունք ունի ուժ կիրառել, սակայն խնդիրն այդ ուժի կիրառման համաչափության մեջ է: «6 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե մեր Հայաստանի ոստիկանությունը ինչպես է «համաչափ ուժ» կիրառում, դե հիմա կարող է ավելի մեծ համաչափ ուժ կիրառել»,-ասաց նա: Փաշինյանը կարող է ծնկել միայն իրենից ուժեղի առաջ, իսկ ինչ է նշանակում Փաշինյանից ավելի ուժեղ: «Ես կարծում եմ, մեկ միլիոն մարդ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փողոց իջնելն է: Հնարավոր է դա, թե ոչ` ամեն ինչ հնարավոր է: Որևիցե մեկը հնարավոր համարո՞ւմ էր, որ այն, ինչ սկսեց Բագրատ Սրբազանը, այսօր իշխանության կարկառուն ներկայացուցիչների սրտերում մեծ վախ է առաջացրել, կարո՞ղ էիք երկու ամիս առաջ դա հնարավոր համարել՝ ոչ, չէ՞»-ասաց Նահապետյանը: 

Իսկ հնարավո՞ր է, որ մեր դաշնակից կամ բարեկամ պետությունները որոշակի անուղղակի աջակցություն ցույց տան շարժմանը, մեր զրուցակիցն ասաց, որ կան հստակ կանոնակարգված ձևեր և մեթոդներ՝ պետությունները չեն խառնվում այլ երկրների ներքին գործերին, եթե այդ երկրների կառավարությունները չեն դիմում օգնության խնդրանքով:

«Ներքին գործերին սովորաբար խառնվում են և դա լավագույնս մենք գիտենք՝ հավաքական Արևմուտքի շատ երկրներ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները` առաջին հերթին… կես կատակ-կես լուրջ ասում էին, որ երկրներում կլինի գունավոր հեղափոխություններ, ասում էին՝ բոլոր երկրներում, բացի Միացյալ Նահանգներից. ինչո՞ւ, որովհետև Միացյալ Նահանգներում չկա Միացյալ Նահանգների դեսպանություն։ Ինքին այս ամեն ինչ կազմակերպողը ցանկացած երկրի ներքին գործընթացներին միջամտելու կամ ոչ ընտրություններով իշխանափոխություն կազմակերպելու գործիքակազմը, մեթոդաբանությունը, ռեսուրսները, ֆինանսական և մարդկային՝ դա միշտ հավաքական Արևմուտքն է օգտագործել։ Հիմա նայեք, իշխանական լրատվամիջոցները գրեցին, որ Բագրատ Սրբազանը Կրեմլի գործակալ է։ Այն դեպքում, երբ որ այդ մարդն իր գիտակից կյանքի այն հատվածը, որտեղ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել դրսում` որպես թեմի առաջնորդ, Մեծ Բրիտանիան և Կանդան է, էլ չեմ ասում Եղիսաբեթ թագուհու կողմից ստացած պարգևը, էլ չեմ ասում արևմտյան շատ երկրներում ուսուցում անցնելը, որը Ռուսաստանի հետ բացարձակապես կապ չունի»,-ասաց Նահապետյանը: 

Բագրատ Սրբազանին հիմա պիտակ են կպցնում, որ հետո ասեն, թե իբր այս գործընթացի մեջքին կանգնած է Ռուսաստանին եւ շարժումը ռուսական կողմից է ֆինանսավորվում: Բայց այդ փորձերը ձախողվել են, թեեւ իշխանության գործիքակազմում միշտ կան պիտակավորելը, ձերբակալելը, առանց ապացուցողական հիմքի վարկաբեկելը: 

«Փաշինյանը շատ կարմիր գծեր է անցնել ու իր նահանջի կամուրջները այրված են, եթե շատ պաշտոնատար անձինք դեռևս այդ կամուրջները չեն այրել, ինքն այրել է։ Հորդորով դիմում եմ` ում ապօրինի հրաման կտա՝ բռնությունների ոչ համաչափ կիրառման, այդ թվում նաև ոստիկանական հատուկ միջոցների կիրառման, այդ թվում նաև զենքի, հրազենի ապօրինի կիրառման, ցանկացած հրաման տվող թող մտածի, որ այս իշխանությունը հավերժ չէ ու եթե իշխանության գա ընդդիմադիր իշխանություն՝ իրենք պատասխան են տալու: Պարզապես գիտեք` իրենք մտածում են, որ նախկինների ժամանակ արել են ու մեծ հաշվով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Իրոք դա կա, դրա համար անպատժելիության մթնոլորտ կա և բարձրաստիճան ոստիկանները մտածում են՝ անենք, չենք պատժվելու, չանենք՝ գործից կազատվենք, ավելի լավ է անենք՝ չպատժվենք, մնանք գործին և ավելի բարձրացում ստանանք: Այս խաբկանքը կա, սակայն գալու է քարերը հավաքելու ժամանակը և այդ ժամանակ չի բացառվում, որ այս ամեն ինչը կքննվի։ Օրինակ, 1995 թվականի նախագահական և հաջորդ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դեպքերից… բավականին հետ եմ գնում, բայց կարող է այդ քննությունները ինչ-որ մեկը բացի, ներառյալ` 2008 թվականի Փաշինյանի կատարած քաջագործությունների մասին, 2018 թվականին սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մասով և այլն: Այնպես որ, յուրաքանչյուրը թող մտածի, որ հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ կլինեն իշխանություններ, որ այդ ամեն ինչը ջրի երես կհանեն և իրենք այս կամ այն ձևով պատասխանատվության կենթարկվեն: Այսինքն, այս անպատժելիության մթնոլորտը պիտի վերցվի. այս մարդկանց այդքան ուժ է տալիս ոչ այնքան իշխանությունը, որքան անպատժելիության մթնոլորտը»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը: