Արյունահեղությամբ, թե անարյուն. ինչպես կհեռանա Փաշինյանը 

Արյունահեղությամբ, թե անարյուն. ինչպես կհեռանա Փաշինյանը 

Նիկոլ Փաշինյանի միակ հույսը մնացել է բռնությունը, չափազանց մեծ և դաժան բռնությունը: Հանրային ճնշումը լռեցնելու և մարդկանց վախեցնելու համար նրան պետք է, որ արյուն հեղվի, մարդիկ սպանվեն, որ ինքը կարողանա ևս ինչ-որ ժամանակ մնալ իշխանության: Մահակով, արցունքաբեր գազով, ջրցանով հնարավոր է ցրել մի քանի հարյուր մարդու, բայց տասնյակ հազարների դեմ դա չի աշխատում` ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Մարդկանց հնարավոր է ճնշել միայն մահվան սպառնալիքով: Մարդը պետք է իրական վտանգ զգա իր կյանքի համար, իսկ դրա համար պետք են օրինակներ, հնարավորինս շատ: Բայց ո՞վ պետք է հանուն Փաշինյանի իշխանության երկարաձգման իր վրա նման պատասխանատվություն վերցնի, ո՞վ կուզենա անմեղ ու անզեն մարդկանց վրա կրակ բացելու հրաման տալ, ո՞վ կցանկանա կատարել այդ հրամանը: Դժվար է պատկերացնել, որ նույնիսկ այն ոստիկանները, որոնք մահակներով մարդ են ծեծում, պատրաստ կլինեն մարդկանց վրա կրակ բացել: 

Կարող են ասել, որ 2008 թվականին Հայաստանում ընդդիմության ցույցերը ցրելու ժամանակ 8 խաղաղ ցուցարար զոհվեց, ուժային կառույցի 2 ներկայացուցիչ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Բայց մի՞թե դա արել են ոստիկանության ներկայացուցիչները, ինչո՞ւ պետք է ոստիկանը ոստիկանի վրա կրակեր: Դեռ այն ժամանակ տեսակետ էր հնչում, որ ցուցարարների վրա կրակել են Երևան բերված ինչ-որ հատուկ ջոկատայիններ: Համենայնդեպս, մինչև այժմ սպանության հեղինակները ո´չ անհատականացվել են, ո´չ էլ հայտնաբերվել և դատապարտվել: Բացի այդ, 2008 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վրա վերցրեց այդ գործողությունների պատասխանատվությունը, երկրում հակասահմանադրական հեղաշրջում թույլ չտալու հիմնավորմամբ: Պատրա՞ստ է հիմա Նիկոլ Փաշինյանը խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալ, պատրա՞ստ է հենց ինքը զենքը ձեռքին դուրս գալ ցուցարարների դեմ:

2020 թվականին Արևմուտքը Բելառուսում փորձեց գունավոր հեղաշրջում կազմակերպել: Արևմտյան երկրները չճանաչեցին նախագահ Լուկաշենկոյի հաղթանակը, անկախ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներից, արևմտյան դեսպանատներն ու պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, որ ճանաչում են իրենց հովանավորյալ Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը: Բելառուսի ընդդիմությունը փողոց հանեց տասնյակ հազարավոր ցուցարարների, ովքեր պատրաստ էին տապալել գործող նախագահի իշխանությունը: Ալեքսանդր Լուկաշենկոն ոստիկանությանը ցուցարարների դեմ ուժ կիրառելու հրաման տվեց, և ինչ-որ պահի, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ գնալու է շրջապատելու նախագահի կեցավայրը, Լուկաշենկոն ավտոմատը ձեռքը վերցրեց և որդու հետ, տեսախցիկների առաջ հայտարարեց, որ առաջինը կրակ կբացի իր տան վրա եկողների վրա: Լուկաշենկոն ցույց տվեց, որ ինքն իսկական առաջնորդ է, որ չի պատրաստվում թաքնվել ոստիկանների և հատուկ ջոկատայինների հետևում և իր վրա անձնական պատասխանատվություն է վերցնում` առաջնորդելու նրանց: Նման պայմաններում երկրի ուժային կառույցների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները չլքեցին Լուկաշենկոյին, ուժային կառույցները երկրի նախագահի վերահսկողությունից դուրս բերելու Արևմուտքի փորձերը ձախողվեցին:

Պատկերացնո՞ւմ եք` Նիկոլ Փաշինյանն ավտոմատը ձեռքին հայտարարի, որ պատրաստ է պաշտպանել իրեն և իր իշխանությունը, նրան ոստիկաններին ու հատուկ ջոկատայիններին առաջնորդելիս: Դա նույնիսկ պատկերացնելու բան էլ չէ` ամենամեծ երևակայության դեպքում անգամ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ մի քանի հարյուր ցուցարարներ մտել էին կառավարության շենք, իսկ մի քանիսը` կառավարական ամառանոց, Փաշինյանը ճողոպրել և թաքնվել էր ինչ-որ բունկերում, ամենայն հավանականությամբ` ՊՆ ապաստարանում: Մի քանի օր նրա մասին ոչինչ հայտնի չէր, իսկ երբ եթեր դուրս եկավ, սկսեց հիստերիկ ճղճղալ ու անհասցե մեղադրանքներ ուղղել` հայտարարելով, թե եկել է «ժողովրդի վրեժի ժամը»: Նա թաքստոցից դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ վստահություն ունեցավ, որ իր կյանքին և անվտանգությանը ոչինչ չի սպառնում, փողոցային ցույցերն ու բողոքի ակցիաները հանդարտվել են: Ճիշտ նույնկերպ նա վարվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, թաքնվեց այնքան ժամանակ, մինչեւ անվտանգության երաշխիքներ ունեցավ:  

Փաշինյանն այսօր ընտրության առաջ է. նա կարող է հրաման տալ կրակելու, մտածելով, որ ինքն իշխանության եղած տարիներին այնքան հանցագործություններ է կատարել, որ մեկով ավել, մեկով պակասը ոչինչ չի փոխում: Եթե իրեն հաջողվի մի քանի տասնյակ մարդ սպանել, դա կարող է երկարաձգել իր իշխանությունը, բայց վտանգ կա, որ այդ հրամանը կատարող չի լինի: Այդ դեպքում, իշխանությունը կորցնելուց հետո նա կարող է այլ հանցագործություններից բացի մեղադրվել նաև սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տալու համար: Ի տարբերություն նրա բազմաթիվ այլ հրամանների, սա պետք է արվի գրավոր. դժվար թե ՆԳ նախարարը կամ ոստիկանապետն իրենց վրա նման պատասխանատվություն վերցնեն և Փաշինյանի բանավոր հրամանով իրենց ենթականերին մարդ սպանելու սանկցիա տան: Փաշինյանը կարող է և նման հրաման չտալ, բայց նա հասկանում է, որ իր իշխանությունն ավարտվել է. ինքը պետք է հեռանա, խնդիրն այն է` դա կանի արյունահեղությա՞մբ, թե՞ առանց դրա:

Ավետիս Բաբաջանյան