Շունը տիրոջը չի ճանաչում

Շունը տիրոջը չի ճանաչում

Այսօր հաղորդագրություն ենք ստացել, որ «Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին։ ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է պարենային անվտանգության ոլորտում նախարարության իրավասություններին ու ոլորտային իրավակարգավորումներին։ Անդրադարձել է պարենային անվտանգության կարիքների գնահատմանը, այդ թվում՝ կարծրացած մոտեցումներից դեպի ճկուն պետություն-մասնավոր գործընկերությանն անցման կարևորությանը։ Կողմերը քննարկել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

Այսինքն, երբ գյուղատնտեսության նախարարություն չունես` դրսից ժամանած գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն պետք է ընդունի ՆԳ փոխնախարարը: Պարզապես պարենայինի կողքը անվտանգություն բառը կպցնելով պարենային անվտանգության եւ գյուղատնտեսության խնդիրները ոչ մի կերպ չեն դառնում ՆԳ լիազորությունների հարց: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մկրտչյանն էլ օրեր առաջ Սաուդիան Արաբիա էր ուղեւորվել եւ հանդիպել տեղի ՏՏ ոլորտի նախարարի հետ՝ «քննարկել էին թվային տեխնոլոգիաների զարգացման հարցերը»։ Մինչդեռ այս դեպքում մենք հատուկ նախարարություն ունենք ոլորտային՝ Բարձր տեխնոլոգիաների եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի գործառույթների մեջ բոլորովին չի մտնում ՏՏ ոլորտը եւ թվային տեխնոլոգիաները։ 

Մի ավելի զավեշտալի փաստ ներկայացնենք ձեզ․ «Մարտի 6-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացել Դավիթ Բեկ գյուղի 50-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել զենք-զինմթերք»: Փրկարարներն ինչ կապ ունեն զենքի հետ եւ ինչու են զենքն ընդունել քաղաքացուց, իսկ ինչով է զբաղված Կապանի ոստիկանությունը` պարզ չէ: Նույնն է, որ վաղը ուսուցիչների վերապատրաստման գործը դնեն էկոնոմիկայի նախարարության վրա, ասելով, որ դպրոցը մեր տնտեսության մաս է կազմում, կամ` պարեկները գյուղերում հող մշակելու խորհրդատվություն իրականացնեն:

Մի խոսքով` քաոսն ամենուրեք է եւ անգամ կառավարման համակարգում չգիտեն, թե ով ինչով պետք է զբաղվի, որն է իր գործառույթների շրջանակը եւ որտեղ են սկսվում մյուս գերատեսչության լիազորությունների սահմանները: