Հայաստանը խորացնում է թշնամանքը, Ռուսաստանը սպառնում է չմոռանալ

Հայաստանը խորացնում է թշնամանքը, Ռուսաստանը սպառնում է չմոռանալ

2018 թվականին հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում իշխանությունը բռնազավթած վարչախումբը կտրուկ փոխեց Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը: Եթե մինչ այդ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից երկիր էր եւ մաս էր կազմում ՀԱՊԿ-ին, միեւնույն ժամանակ գործընկերային հարաբերություններ պահելով Արեւմուտքի`ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, ապա փաշինյանական վարչախմբի գործունեությունը հետեւողականորեն ուղղված է Հայաստանը Ռուսաստանի թշնամի երկիր դարձնելուն, եւ այդ քաղաքականությունը հաջողվում է: Եթե Հայաստանի իշխանությունները համարեին, որ Ռուսաստանն այնքան էլ լավ դաշնակից չէ, որ չի բավարարում դաշնակցի մասին մեր պատկերացումներին, եւ հրաժարվեինք այդ երկրի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններից, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի կլիներ: Բայց Փաշինյանը շատ ավելի վատ ձեւով է վարվում, նա Հայաստանը վերածում է Ռուսաստանի թշնամի երկրի՝ թերեւս գիտակցելով այդ թշնամանքի հնարավոր հետեւանքների մասին:

Շարունակելով ֆորմալ առումով լինել ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանն արդեն երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող որեւէ միջոցառման: Բայց դրա փոխարեն Հայաստանը մասնակցում է Մոլդովայում անցկացվող ՆԱՏՕ-ի Regex 24 շտաբային զորավարժություններին: Որքան էլ որ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ պաշտոնյաները շարունակեն պնդել, թե Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ երկիր, Հայաստանի գործողությունները վկայում են ճիշտ հակառակի մասին` Հայաստանը փաստացի Ռուսաստանի դեմ պատերազմող ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ նրա ֆորմալ անդամակցությունը ՀԱՊԿ-ին ավելի է ընդգծում այդ կառույցի անլրջությունը կամ, ավելի ճիշտ՝ չգոյությունը: Կարող է թվալ, թե Ռուսաստանն ուղղակի չգիտի, թե ինչպես վարվի Հայաստանի հետ, մի կողմից՝ չի ուզում ինքն էլ իր գործողություններով խորացնել թշնամությունը, մյուս կողմից՝ չարձագանքելն էլ չի ստացվում: Արդյունքում այդ թշնամանքը գնալով խորանում է, դրա համար ի հայտ են գալիս նորանոր առիթներ եւ դրսեւորումներ:

Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել շվեյցարական Լյուցերն քաղաքում հունիսի կեսին տեղի ունենալիք՝ Ուկրաինային նվիրված խաղաղության կոնֆերանսին: Արեւմտյան երկրներն այդ կոնֆերանսը կազմակերպում են առանց Ռուսաստանի մասնակցության, ըստ էության, Ռուսաստանի դեմ՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը գտնվում է միջազգային մեկուսացման մեջ, եւ աշխարհում գոյություն ունեցող երկրների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ՝ պահանջելով վերացնել Ուկրաինայի օկուպացիան: Տարբեր գնահատականներով՝ Արեւմուտքին հաջողվել է այդ կոնֆերանսին մոբիլիզացնել մոտ 120 երկրի ղեկավարի, որոշ երկրներ կմասնակցեն ավելի ցածր կարգավիճակով: Խաղաղության կոնֆերանսում նախատեսվում է ստորագրել մի հռչակագիր, որով դատապարտվելու է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, եւ կոչ է ուղղվելու՝ դուրս բերել զորքերն այն տարածքներից, որոնք Ռուսաստանը գրավել եւ իրեն է միացրել 2014 թվականից հետո, այսինքն՝ վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Արեւմուտքը Ռուսաստանին կոչ է անելու՝ հարգել, այսպես կոչված, Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության լուծարման արդյունքում անկախություն ստացած երկրները ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք նրանք ունեցել են ԽՍՀՄ-ում:

Հայաստանը միանշանակ կմիանա Շվեյցարիայում ընդունվելիք հայտարարությանը՝ բացատրելով, որ ինքն արդեն տեւական ժամանակ պայքարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման հարցում եւս հիմք ընդունվեն այն քարտեզները, որոնք առկա են եղել ՀԽՍՀ-ի եւ ԱԽՍՀ-ի միջեւ: Քանի որ Հայաստանի իշխանությունները խիստ սկզբունքային են, նրանք չեն կարող կողմ լինել երկակի ստանդարտներին, եւ այն, ինչ ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման մասով, պետք է ընդունելի լինի նաեւ ռուս-ուկրաինական սահմանի համար: Մի խոսքով, Հայաստանն այդ հակառուսական հռչակագրին միանալու լրիվ օրինական բացատրություններն ունի: Բայց մի՞թե Ռուսաստանին հետաքրքրում են բացատրությունները, թե՞ նրան հետաքրքրում են յուրաքանչյուր երկրի դիրքորոշումը եւ պահվածքը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, անդրադառնալով չեզոք երկրների կողմից այդ կոնֆերանսին հնարավոր մասնակցության հարցին, գրել է. «Տարբեր պատճառներով որոշ չեզոք երկրներ ստիպված են արձագանքել նման հրավերներին, որպեսզի չփչացնեն հարաբերությունները խոշոր խաղացողների հետ։ Բայց նրանք նաեւ պետք է հասկանան, որ նման օդիոզ իրադարձությանը մասնակցելը, ուզեն թե չուզեն, նշանակում է, որ հրաժարվում են հավասարակշռված քաղաքականությունից եւ անմիջականորեն բռնում են բանդերական քաղաքական ռեժիմի կողմը... պետք է հասկանան, որ նման գործողությունները պատշաճ գնահատական կստանան Ռուսաստանի կողմից եւ ապագայում անպայման կանդրադառնան մեր հարաբերությունների վրա։ Մենք սա չենք մոռանա»։

Կարելի է ասել, որ Ռուսաստանը շատ անգամ է սպառնացել, բայց նա այդքան ուժ եւ ռեսուրս չունի այդ սպառնալիքներն իրագործելու համար: Այնպես որ, կարելի է հանգիստ եւ նույնիսկ քամահրանքով մոտենալ Ռուսաստանին, մանավանդ որ մենք աշխարհի ուժեղների թիմում ենք, նրանց պաշտպանության տակ: Հայաստանի իշխանություններն արդեն 6 տարուց ավելի հենց այդպես էլ մտածում եւ գործում են՝ Հայաստանը վերածելով աշխարհի ուժեղների դեմ գործիքի, որի հետեւանքը Հայաստանի ներկայիս ողորմելի վիճակն է: Ի դեպ, Ադրբեջանը, չգիտես ինչու, չի միանում աշխարհի ուժեղներին եւ դեմ է Ալմա-Աթայի հռչակագրին, միայն մի պատճառով` ի համերաշխություն Ռուսաստանի:

ՀԳ․ Ի դեպ, նախօրեին էլ ՀՀ իշխանությունները դադարեցրին ռուսական առաջին հեռուստաալիքի հեռարձակումը` վարձավճարները չմուծելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ նախկինում էլ Սոլովյովի հաղորդումն էին փակել եւ արագ քայլերով գնում են դեպի ռուսական հեռուստաալիքները Հայաստանում արգելելուն, ինչի մասին խոսում էին ՔՊ-ական պատգամավորները եւ ՔՊ-ին պատկանող Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը:

Ավետիս Բաբաջանյան