Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը. ի՞նչ է հայտնի

Այսօրվանից՝ մայիսի 30-ից, Իրանում սկսվել է հնգօրյա գրանցման շրջան գործիչների համար, ովքեր մտադիր են թեկնածու առաջադրվել հունիսի 28-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։
Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-10-ը Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կստուգի յուրաքանչյուր գրանցված թեկնածուի համապատասխանությունը անհրաժեշտ պահանջներին:
Քվեարկելու համար կարող են գրանցվել 40-75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։
Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին: Դրան կհետևի նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 26-ը:
Հիշեցնենք, որ ներկայում, Իրանի նախագահի պարտականությունները կատարում է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը: Հենց նա է ստանձնել նախագահի պարտականությունները Էբրահիմ Ռայիսիի՝ մայիսի 20-ին տեղի ունեցած ողբերգական մահից հետո:
Կարծիքներ