Շիրակի մարզպետն արցախցիներին է սիրաշահում, «ջերմ» հանդիպումներ է կազմակերպում

Վերջին շրջանում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ակտիվ հանդիպումներ է ունենում մարզում ապաստան գտած արցախցիների հետ։ Անցած շաբաթ Գյումրիում բնակվող արցախցիներին էր հյուրընկալել, այս շաբաթ հանդիպում էր կազմակերպել Արթիկ համայնքում ու նրա բնակավայրերում բնակություն հաստատած բռնի տեղահանվածների հետ։Մարզպետի նպատակը արցախցիներին պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելն է, կրկին բացատրելն ու ուղղակի համոզելը, որ շուտով լուծվելու է նրանց բոլորի բնակարանների հարցը, քանի որ պետական մեծ աջակցություն է տրամադրվելու ։ Ներկաներին մանրամասն պատմում է «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, եւ առանձնահատուկ շեշտում․« Այսօր Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում ձեզ մտահոգող խնդիրները օր առաջ լուծելու համար, վստահ եմ՝ տեղեկացված եք թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ և թե երկարաժամկետ ծրագրերից, բայց մենք ուզում ենք սերտ համագործակցությամբ ու ակտիվ հանդիպումների միջոցով կարողանանք լրացնել առկա թեկուզ ամենափոքր ինֆորմացիոն բացը, օգնել ձեզ շուտ հարմարվելու և նաև բնակարան արագ ձեռքբերելու հարցում»։
Հիշեցնենք, որ ըստ այդ ծրագրի՝ բնակարան ձեռք բերելու տարբերակներն հետևյալն են․ 1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում, 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու, 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։
«Հանկարծ մեզ հիշել են, մեր խնդիրները, բնակարանների հարցը լուծելուց են խոսում։ Իհարկե, այս իրավիճակում իրենց այլ բան չի մնում, քան արցախցիներին սիրաշահելը կամ էլ ինչ-որ կերպ ճնշելը, որ չգնան հանրահավաքների ու ճանապարհներ փակեն։ Իրենց առաջարկածը ձեռ առնելիք է, այսօրվա շուկայական գներով էդ 5մլն դրամով, որ առավելագույնն է շնչին, ո՞նց ենք գնելու։Մեր ընտանիքում ես ու ամուսինս ենք, տասը մլն․ դրամով ի՞նչ բնակարան ենք գնելու, կասե՞ք։ Անգամ գյուղերում հիմա էդ արժողությամբ տներ չկան։ Ու եթե անկեղծ, ինձ հիմա ոչինչ պետք չէ իրենցից, թող հայրենիքս վերադարձնեն՝ թեկուզ անտուն, եղած հայրենիքս էլ բաժին-բաժին չանեն թշնամուն, ես դա իրենց անձամբ ասել եմ,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց արցախցի տիկին Շուշանը, որ 2023թ-ից հաստատվել է Գյումրիում։
Նշենք, որ Շիրակի մարզի ավելի քան 130 բնակավայր ընդգրկված է ծրագրում, որտեղից կկարողանան Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերել։
Մայիսի 24-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3747 քաղաքացի՝ 1025 ընտանիք։
Կարծիքներ