Նախկին «կոկորդիլոսագետ» Գարիկը որոշել է հիմնովին վերադառնալ Ազգային Ժողով: Հիմնովին, քանի որ մարզպետի կարգավիճակում գտնվելով՝ 2018 թ.-ի դեկտեմբերի ընտրություններին դառնալով ԱԺ պատգամավոր, հրաժարվել էր մանդատից: Եվ շարունակել էր որպես Արարատի մարզպետ «ծառայել» Հայաստանի Հանրապետությանը։
Եթե չեմ սխալվում, հենց այդ ժամանակաշրջանին է վերաբերում կոկորդիլոսների բուծարան հիմնելու գաղափարը: Բայց քանի որ վերջինս մնացել էր Նոր Կյանք գյուղի դպրոցը ժամանակին գերազանցությամբ ավարտած աշակերտի մակարդակին՝ գործը գլուխ չեկավ: Հետո էլ երևի իմացավ, որ Գագիկ Ծառուկյանն է կոկորդիլոսներ պահում, ու մոռացավ կոկորդիլոսը սողուն է, թե թռչուն, որպեսզի պահելու ձևն իմանար: Եվ, ընդհանրապես, դա ինչ էր կամ, ինչպես ռուսերենում է ասվում, «с чем это едят»: Դա էլ 2012-2015 թթ.-ին Ռուսաստանի Դաշնությունում իբրև թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արձանագրում:
Ինչևէ, մագիստրոսի կրթական մակարդակով ռուսահայ «ձեռներցը» հայրենի Նոր Կյանք գյուղը վերադառնալուց հետո ընտրվում է համայնքապետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ոգևորություն էր տիրում ընդդիմադիրներիս շրջանում. ինքն առաջին իրական ընդդիմադիր համայնքապետն էր: 2018-ի գարնանային իշխանափոխությունից հետո, ինչպես ասվեց, նշանակվում է մարզպետ: Այնուհետև առաջնորդը նրան առաջ է քաշում՝ նշանակելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Կոմիտեի նախագահի պաշտոնում (ընտրությունների ընթացքում, ինչպես ընդունված է, արձակուրդ գնալով) 2021-ի դեկտեմբերի 5-ին մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Վեդիի համայնքի ավագանու ընտրություններին, սակայն անհաջողության է մատնվել: Քանի որ, ենթադրաբար, կոմիտեի նախագահի պաշտոնում նա իրեն չի արդարացրել առաջնորդի աչքում:
2022 թվականի հունվարի 5-ին ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Ու կրկին տեղափոխվել է ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմնի) մակարդակ՝ նշանակվելով Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Բնականաբար, մինչ այդ «մշտական հանգստի» է ուղարկվել նախորդ տարեվերջին ընտրված ավագանին: Մարտի 27-ին պաշտոնակատարի համակարգմամբ Վեդիում կազմակերպվում են ավագանու արտահերթ ընտրություններ: Արդյունքում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյան Գարիկն էլ ազատվում է ԺՊ հապավումից: Եվ ավելի քան 4 տարի երջանկություն է պարգևում Վեդիի բնակիչներին: Ինչպես ասում են, Նոր Կյանքի երբեմնի ընդդիմադիր գյուղապետը վերջապես գտել էր իրեն Վեդիում:
Բայց նրա բախտի անիվը կրկին շրջապտույտ է կատարում: Ու ՔՊ-ի ցուցակում զբաղեցնելով 42-րդ համարը՝ ինքն այս անգամ ենթադրաբար հիմնովին վերադառնում է Ազգային Ժողով: Որպեսզի ՏԻՄ պրակտիկ ղեկավարության փորձի հիման վրա «զարգացնի» Հայաստանի համայնքային կառավարման համակարգը: Բայց չգիտեմ, թե նրա առաջնորդի ղեկավարությամբ ինչպես է ՀՀ յուրաքանչյուր համայնքը և մարզը, և իրենց «իրական Հայաստանը» օր առաջ դառնալու «ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն»՝ ինչպես ինքն է գրել իր հրաժեշտի ուղերձում։ Որովհետև քանի գնում, այնքան վտանգավոր է դառնում մեր պետության ապագան: Այնքան լկտի են դառնում թշնամու պահանջները և նույն չափով թուլանում՝ դրանց դեմ առնելու մեր կարողությունը: Որովհետև «ի շահ Հայաստանի Հանրապետության» նշանաբանը կարող է կյանքի կոչվել ոչ թե պարզապես խոսքով՝ լինի այն գրավոր, թե բանավոր, այլ գործով: Եվ պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ այդ ուղղությամբ ոչինչ արվում, բացարձակ ոչինչ...