Ղազախստանում պատասխանել են Պետդումայի փոխխոսնակի մեղադրանքներին

Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Մուրատ Աբենովը մեկնաբանել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի՝ Ղազախստանի մասին սկանդալային հայտարարությունները։
Գրել էինք, որ ռուս պաշտոնյան ղազախական քաղաքները «ռուսական» է անվանել՝ պնդելով, որ Մոսկվան «պատմական իրավունքներ ունի այդ տարածքների նկատմամբ»: Նա նաև Ղազախստանին մեղադրել էր ռուսաֆոբիայի մեջ՝ նշելով, որ այդ երկիրը փորձում է անկախ պետության պատրանք ստեղծել և անցում կատարել լատիներեն այբուբենին:
Ըստ Աբենովի, Պետդումայի փոխխոսնակը մի շարք հայտարարություններ է արել, «որոնք ոչ մի կերպ չեն կարող համահունչ լինել երկու երկրների բարիդրացիական և դաշնակցային հարաբերություններին»։
«Կասկած չկա, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ղազախստանը անկախ և ժողովրդավարական երկրներ են, որտեղ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը։ Սա հաճախ օգտագործվում է տարբեր տեսակի սադրիչների կողմից: Ի վերջո, դուք չեք կարող հետևել բոլորին:
Բայց երբ նման հապճեպ հայտարարություններ է անում ոչ թե պարզապես պատգամավորը, այլ Պետդումայի փոխնախագահ պարոն Տոլստոյը, ես դա բացարձակապես անընդունելի եմ համարում։ Ակնհայտ է, որ պարոն Տոլստոյն իր սադրիչ հայտարարություններով կասկածի տակ է դնում իր երկրի ղեկավարության քաղաքականությունը։ Թվում է, թե Տոլստոյը չի հասկանում, որ իր խոսքերը վնասում են հենց Ռուսաստանի շահերին, ինչի մասին իբր մտածում է։
Անհատական միջադեպերը՝ կապված քաղաքացիների քաղաքավարության պակասի և ցածր իրավական կուլտուրայի հետ, պատգամավորը ներկայացնում է որպես միտում, և դա չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել։ Բայց հենց Ռուսաստանում կան ղազախաֆոբիայի դրսևորումների բազմաթիվ դեպքեր, սակայն ղազախ պատգամավորները, ելնելով երկու պետությունների բարեկամության և համագործակցության շահերից, երբեք չեն դրամատիկացնում նման միջադեպերը»,- Աբենովի խոսքերն է մեջբերում Tengrinews պորտալը։
Խորհրդարանականը կարծում է, որ ղազախ պատգամավորները շատ ավելի պատասխանատու են վերաբերվում ղազախա-ռուսական հարաբերությունների բոլոր ասպեկտներին, քան ռուս պատգամավորները։
«Ցանկանում եմ հորդորել իմ ռուս գործընկերներին, որոնք ներկայացնում են Ռուսաստանի բազմազգ ժողովրդին, հոգ տանել երկու հարևան պետությունների բարեկամության և համագործակցության մասին։ Մենք չէինք ցանկանա, որ ղազախա-ռուսական բարեկամությունը տուժեր անձնական, այլ ոչ թե պետական շահերով թելադրված նման անպատասխանատու հայտարարությունների պատճառով»,- ասել է նա։
Կարծիքներ