Մեզ մոտ Մայդան չի լինելու. Կոբախիձեն դասեր է քաղել Ուկրաինայից

Վրաստանում Մայդան չի լինելու, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա անլուրջ քայլ է անվանել Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցությունը Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին, գրում են վրացական լրատվամիջոցները։
«Երբ արտաքին գործերի նախարարը մասնակցում է Վրաստանում ընդդիմության հանրահավաքին առանց իր կառավարության իմացության, դա վկայում է անլրջության մասին, որը դրսևորվում է այս կառույցում, բայց դա, իհարկե, նրանց գործն է»,- ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Մեկնաբանելով օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից ուկրաինական Մայդանի և Թբիլիսիի վերջին շաբաթների իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու թեման, Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է.
«Ես ուզում եմ բոլորին ասել, որ ոչ մեկը Վրաստանում Մայդան չի տեսնի»:
Նա հիշեցրել է Մայդանի հետեւանքներն Ուկրաինայի համար.
«Մայդանից հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին դրսից: Ով նշանակեց այս իշխանություններին՝ ոչ մի պատասխանատվություն չկրեց: Մինչև 2013 թվականը Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և 200 միլիարդ դոլարի տնտեսությամբ պետություն էր։ Այսօր Ուկրաինան փլուզվել է, և կրկին ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ստանձնում են երկրի զարգացման պատասխանատվությունը։
Կարծիքներ