«Վհուկ»… Վհուկը դու ես, «հոգեկան»

«Վհուկ»… Վհուկը դու ես, «հոգեկան»

Ես ինձ միշտ համարել եմ վերջին մարդը, ում ինչ-որ չափով հետաքրքրել է Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի փոխհարաբերությունը: Չգիտեմ, ինձ ուղղակի չի հետաքրքրել այդ թեման: Ես վհուկներին չեմ սիրում, աշխատում եմ ամբողջ ուժով չհավատալ նրանց գոյությանը: Այս լոկալ փոխհարաբերությունը, ինչքան էլ չընդունեմ, շատ նման է ամերիկյան ֆիլմերից հայտնի չար ու մութ ուժերի «հակամարտությանը», որն ի վերջո ավարտվում է այդ ուժերի ոչնչացմամբ: Գալիս է կինոյի միջի տղեն, պատռում բոլորի դիմակներն ու սկսում «գռռըցնել»: Դրանից հետո ես ուշքի եմ գալիս միայն այն ժամանակ, երբ ֆիլմի վերջին տիտրերում նշում են, որ նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանի չի տուժել:

Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ արդեն տարիներ ձգվող այդ հակամարտությունը նկարահանվում է գյուղական մակարդակի մի պարզունակ սցենարով, որտեղ ամեն ինչ պարզ է հենց սկզբից: Դիտում ես սերիալն ու գիտես՝ ինչով է վերջանալու այն: «Բենթլիով» գալու է համապատասխան թեմի հոգևոր պետն ու դիմելու է նրանց. որդյակ իմ Վանեցյան և որդյակ իմ Փաշինյան, սիրեք զմիմեանս և դադարեցրեք զհակամարտությունս զայս: Ու եթե սրանք իսկական վհուկներ են, պիտի որ խաչը տեսնելուն պես ճողոպրեն դեպքի վայրից: Բայց կճողոպրե՞ն: Այ սա է հետաքրքիր: Ասում եմ չէ՞, այս հակամարտության սցենարը շատ գյուղական մակարդակի է:

Իսկ ի՞նչ կարելի է ասել խնդրո առարկա հակամարտության դերասանների մասին: Ցանկացած ֆիլմի պրոդյուսեր ձեզ կասի, որ քաստինգը լուրջ պրոցես է, որ նախորդում է նկարահանումներին և քաստինգի՝ դերասանների ճիշտ ընտրությունից է մեծապես կախված ֆիլմի հաջողվածության աստիճանը: Թե ով է այս ֆիլմի պրոդյուսերը, ես հստակ ասել չեմ կարող, բայց մի բանում վստահ եմ, որ նկարահանումների վրա ծախսված փողն իր նպատակին չի ծառայել: Հետաքրքիր է՝ քաստինգն այդ ինչպե՞ս են անցկացրել, որ ընտրել են թերևս ամենավատ դերասաններին, որոնց վհուկ լինելն էն գլխից էր պարզ… Թվում է՝ այս հանգամանքը պետք է նպաստեր, որ կերպարներն ավելի համոզիչ լինեին, բայց ոչ: Ստացվել է ճիշտ հակառակը: Վհուկն ինչպե՞ս կարող է վհուկի քիթ տրորել էկրանին, եթե կյանքում, իսկ սա գիտի հանդիսատեսը, նրանք կապված են եղել նույն վհուկանոցում՝ КГБ-ի ժամանակներից մինչև մեր օրերը: Եվ, իսկապես, ո՞ւմ հայտնի չէ, որ ֆիլմի հանգույցը հանդիսացող ձայնագրությունները կարող էր անել միայն «վհուկանոցի» աներևույթ շեֆը, որին առաջին հերթին հետաքրքրում է ոչ թե ֆիլմի հաջողությունը, այլ իր ենթակայության հիմնարկի անհաջող սաների խայտառակությունը: Այս իմաստով «շեֆի» քայլը, պիտի խոստովանել, իսկապես վիրտուոզ քայլ է:

Նիկոլ Փաշինյան- Արթուր Վանեցյան հակամարտությունն արդեն մի քանի տարի է շարունակվում է «դու վհուկ ես… վհուկը դու ես» բանավեճի համատեքստում: Ինտրիգ, որպես այդպիսին, համարյա չկա: Կարող էր այսպես երկար շարունակվել, եթե Փաշինյանի կողմից հերթական անգամ «վհուկ» անվանված Վանեցյանը նրան չհակադարձեր՝ «հոգեկան հիվանդ»: Սա սցենարից դուրս իմպրովիզացիա՞ էր Վանեցյանի կողմից, թե՞ Փաշինյանն էր խախտել վհուկանոցի կանոնակարգ- օրենքը՝ չասել ավելին քան թույլատրված է: Ի՞նչ էր նշանակում Փաշինյանի ակնարկը հայտնի ձայնագրությունների տակավին չհրապարակված հատվածի մասին: Փաշինյանը Վանեցյանին երևի ուզում էր ասել՝ ես ավելի շատ բան գիտեմ, քան դո՞ւ: Վանեցյանն էլ իրեն չկորցրեց ու դիմեց հոգեբույժներին, որ նրանք զբաղվեն Փաշինյանով:

Ի՞նչ հետևություն անել այս ամենից: Իսկ հետևություն, ավելին, հետևություններ անել պետք է, այլապես Փաշինյան-Վանեցյան հակամարտության «լեյտմոտիվը» կարող է գերիշխող դառնալ Խաչով ու Հիսուսով մեզ մաքրագործության տանող այս շարժման մեջ: Նկատել եք երևի, որ վհուկանոցից արդեն թեզեր են նետվում շրջանառության մեջ, որ մեր հոգևոր առաջնորդների մեջ էլ վհուկներ, այն է՝ օտարերկրյա գործակալներ կան: Շարժման ղեկավարները հումորով վերաբերվեցին դրան, բայց, իմ կարծիքով, իրավիճակն ավելի լուրջ է, քան իրենք են պատկերացնում: Վհուկանոցն ընդունակ է ամեն ինչի, միայն թե ինքը կառավարի պրոցեսները: Այս հիմնարկը, եթե մտքին դնի, կարող է նույնիսկ իմ և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու վերջին հեռախոսային ձայնագրությունը հրապարակել, որտես ես նրան ասում եմ՝ քեզ այսօր կխփեն: Այնպես որ Փաշինյանն ու Վանեցյանն ընդամենը «ծակված» վհուկներ են, որոնք ինչ-որ բան անում են, բայց անձամբ չգիտեն, թե ինչ են անում: Վհուկանոցից նրանց ասում են՝ նրանք անում են:

Կարող է հարց առաջանալ, լավ, ինչո՞վ կավարտվի այս ամենը: Միանգամից ասեմ՝ չի ավարտվելու: Այլ հարց, որ կարող է նոր զարգացումներ լինեն և սցենարներ ու դերակատարներ փոխվեն անճանաչելիության աստիճան: Հիշո՞ւմ եք հայտնի խոսքը՝ «մաֆիան անմահ է»: Արդ ուրեմն, անմահ են նաև աշխարհի բոլոր վհուկանոցները: Բացառություն չի կազմում նաև հայկականը: Առաջիկայում, հնարավոր է, սատանաների նոր խմբաքանակ նետվի հրապարակ, սատանաների նոր որս սկսվի, և այսպես շարունակ: Իսկ գլխավոր դերակատարների կտրուկ փոփոխություն հազիվ թե տեղի ունենա, քանզի վհուկանոցի և մեր խնդիրները միանգամայն տարբեր են: Պետություն, օրենք, խիղճ՝ վհուկանոցի համար չեն: