Հանեք շարադրությունները, կեղծիքն ու սպառնալիքը, տակը մնում է մեկ բան․ իշխանությունը բղավում է՝ ես չգիտեմ իմ անելիքը

Հանեք շարադրությունները, կեղծիքն ու սպառնալիքը, տակը մնում է մեկ բան․ իշխանությունը բղավում է՝ ես չգիտեմ իմ անելիքը

«Հրապարակ»-ի զրուցակիցն Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։ 

- Նիկոլ Փաշինյանն անընդհատ շահարկում է այն թեզը, որ եթե այս պահին կասեցնենք գործընթացը, որն իշխանությունն անվանում է սահմանազատում ու սահմանագծում, պատերազմ կսկսվի։ Փաստացի, պատերազմի սպառնալիքը որպես մահակ է օգտագործում մեր հասարակության գլխին՝ թույլ չտալու որեւէ ներքաղաքական պրոցես։ Ուրիշ ճանապարհ չկա՞, բացի միակողմանի զիջումներից, խուսափելու պատերազմից։

- Գիտե՞ք, գուցե մի քիչ ցինիկ հնչի, բայց սա այն դեպքն է, երբ իշխանության վարքագիծը հասկանալի է, իհարկե՝ չակերտներում, որովհետեւ ուրիշ ի՞նչ պիտի անի այս իշխանությունը։ Իր կառավարման տարիների բոլոր հնարավոր ձախողումներն ու տապալումները փաստելուց հետո, հիմա իշխանություն պահելու համար վերջին նարատիվն է՝ ես չլինեմ, լինելու է պատերազմ։ Այսօր էլ առաջ է քաշում սահմանազատման դադարեցումը, թե՝ դադարեցնենք, լինելու է պատերազմ։ Նախ, որեւէ մեկը չի արտահայտվել Ադրբեջանի հետ բանակցությունների դեմ, որեւէ մեկը չի արտահայտվել սահմանագծման, սահմանազատման պրոցեսի դադարեցման դեմ։ Լուրջ  մարդիկ, այդ թվում՝ սրբազանը եւ այլ շրջանակներ, դեմ են այս տիպի սահմանազատմանն ու սահմանագծմանը եւ հստակ առաջ են քաշել այլընտրանքային տարբերակներ, որոնցով կարելի է շարունակել բանակցությունները։ Այն է՝ սահմանազատումը պետք է լինի ամբողջ սահմանի երկայնքով, ոչ թե հատվածային։ Երբ կհամաձայնեցվեն բոլոր վիճահարույց կետերը, այդ ժամանակ կարելի է սկսել ռեալ սահմանազատման աշխատանքը։ Սա առաջին սկզբունքն է, երկրորդ սկզբունքը՝ պետք է համաձայնեցնել, թե ինչ քարտեզներով, ինչ միջնորդով, որ ձեւաչափում է կատարվում այդ աշխատանքը։ Տեսեք՝ ինչ է ստացվում․ երկու տարի հայ հանրությանը մարդն ասում է, որ գնում է խաղաղ բանակցությունների, մեկ էլ մի օր գալիս է ու ասում՝ մեզ ներկայացրել են վերջնագիր, եթե չզիջենք այս գյուղերը, կլինի պատերազմ։ Կա՛մ խաբում ես երկու տարի, կա՛մ խաբում ես հիմա։ Իմ կարծիքով՝ խաբել է երկու տարի եւ խաբում է հիմա։ Միանշանակ է, որ այն իշխանությունը, որը հանուն իշխանություն պահելու, սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով, պետք է հեռանա։ Գիտե՞ք ինչու՝ այսօր ասում է, որ եթե մենք դադարեցնենք այս պրոցեսը, վաղը կլինի պատերազմ։ Ադրբեջանը դա ֆիքսել է ու անդադար նոր պահանջներ է ներկայացնելու՝ մեկը մյուսից վտանգավոր, ու ամեն անգամ նույն մարդը կարող է վեր կենալ ու ասել՝ ա՛յ, եթե այս պահանջը չկատարենք, վաղը լինելու է պատերազմ։ Այսպես Ադրբեջանը կարող է ասել՝ նոր տարածքներ եմ ուզում, 200-300 հազար փախստականների անարգել մուտք եմ ուզում Հայաստան, էլի նույն տեքստն ենք լսելու։ Տեռորիստի պահանջին չենթարկվելու մեկ սկզբունք կա՝ պետք է մեկ անգամ չենթարկվել եւ կարողանալ հասարակության հետ խոսել ու բացատրել, որ սա ուղղակի իշխանություն պահելու համար նոր արկածախնդրության նարատիվ է զարգացնում։ 

- Հաշվի առնելով շարժումը, որն այս օրերին թափով մոտենում է Երեւանին, պատերազմի սպառնալիքը նորից դաշտ նետելու այդ հայտարարությունները վախի՞ դրսեւորում են, թե՞ յուրատեսակ ազդակ, օգնության կանչ Ալիեւին՝ եկ, ինձ պահիր, որովհետեւ հնարավոր է Հայաստանում իշխանության գան ուժեր, որոնք քեզ հլու-հնազանդ չեն լինի։ Այս համատեքստում հնարավո՞ր եք համարում, որ նոյեմբերի 9-ին, երբ շարժումը Երեւան հասնի, ու ինչ-ինչ պրոցեսներ հենց մայրաքաղաքում գեներացվեն, սահմանային լարվածության միջոցով Ադրբեջանը փորձի աջակցել Փաշինյանին։

- Ես մի առիթով փորձել եմ հասկանալ եւ իմ հասկացածը հանրությանը ներկայացնել, թե ինչ է ուզում ասել այս իշխանությունը եւ իշխանության գլխին կանգնած այդ մեկ մարդը։ Օգտվելով առիթից՝ նորից ուզում եմ այդ միտքն ասել։ Երբ վերջին 1-2 ամիսներին իշխանության ղեկավարը ժամերով, տարբեր ձեւակերպումներով խոսում է, ու դրանից հանում ենք շարադրությունները, կեղծիքն ու սպառնալիքը, տակը մնում է մեկ բան, որի մասին իշխանությունն ուղղակի բղավում է՝ ես չգիտեմ իմ անելիքը։ Իրականությունը շատ բարդ է, մենք պետք է փորձենք ռացիոնալ նայել։ Այս իշխանությունը հայ հասարակությանն ասում է՝  ես իմ անելիքը չգիտեմ, ինչ արել եմ, տապալել եմ։ Այս ասուլիսում էլ կարմիր գծի պես այդ նախադասությունը գնում է, ասում է՝ ես չգիտեմ, թե ինչ կլինի, ինչքան մարդ կհավաքվի, ինչ շարժում կլինի, չգիտի՝ երբ քաղաքական ձեւակերպումներ կլինեն, քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզ կլինի, էն գլխից ապրիորի վախեցնում է պատերազմով, ուրիշ ի՞նչ պիտի անի, ուրիշ անելիք այս իշխանությունը չունի։ Չգիտեմ՝ ծիծաղելի է, թե հակառակը, բայց այն իշխանությունը, որն իր իշխանության գալու առաջին իսկ օրվանից բերել է պատերազմ, վախեցնում է պատերազմով։ Այս իշխանությունը 2020 թվականից անդադար պատերազմ է բերում։ Այստեղ հակաբնական բան կա, մենք պետք է հասկանանք՝ ով ինչ է ասում։ Շատ կարեւոր է, որ այս շարժումը, որն առաջնորդում է Բագրատ սրբազանը, շատ հստակ ուղերձներ տա հայ հասարակությանը, Հայաստանի միավորներին, քաղաքական-հանրային շրջանակներին, մեր հարեւաններին, մեր հակառակորդներին, միջազգային հանրությանը։ Իմ խորին համոզմամբ, այս շարժումն Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ, այս շարժումը Հայաստանի ներքին առողջացման, Հայաստանում ճշմարտության հաղթանակի, ստի հաղթահարման, ստի մերժման շարժում է, Հայաստանում ներքին համերաշխության հաստատման շարժում է։ Եթե մենք ներսում հաշտ չեղանք, ինչպե՞ս կարող ենք սահմանին հաշտություն ապահովել։ Սրանք ուղիղ կապակցված բաներ են, եւ որքան շուտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը եւ այն առաջնորդող Բագրատ սրբազանը, ում շուրջ ահռելի կոնսոլիդացիա կա, ձեւակերպի շարժման նպատակներն ու անելիքն արդեն ռացիոնալ՝ էմոցիոնալ դաշտից դուրս, այնքան այդ ռիսկերը, որոնք տարածում է ՀՀ իշխանությունը, ավելի արագ կմեղմվեն։

- Դուք տեսնո՞ւմ եք միակողմանի զիջումներից դուրս պատերազմի այլընտրանքը, խնդրում եմ նշեք, թե, մասնավորապես, դիվանագիտական հարթությունում ինչ քայլեր պետք է անի Հայաստանը, եթե իշխանության ղեկին չլինի Նիկոլ Փաշինյանը, ով իրավիճակը փորձում է փակուղային ներկայացնել։

- Այլ ճանապարհ, քան պատերազմը, կար 2020թ․ սեպտեմբերի 27-ից առաջ, բայց այս իշխանությունը բերեց պատերազմ, այլ ճանապարհ կար նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո՝ կյանքը շարունակելու եւ հայկական Արցախը պահելու համար, այս իշխանությունը գնաց ուրիշ ճանապարհով։ Այլ ճանապարհ կար՝ թույլ չտալու էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին, որ թուրքը չգար հասներ Ջերմուկի բարձունքներին, կար, այս իշխանությունն ուրիշ ճանապարհով գնաց, այլ ճանապարհ կար՝ Արցախը չճանաչելու Ադրբեջանի կազմում, ինքնագլուխ չգնալ-հայտարարելու եւ փոխելու այդ հարցի ամբողջ կոնյունկտուրան ու նարատիվը։ Հասկանո՞ւմ եք, այս իշխանությունը միշտ ասում է՝ այլ ճանապարհ չկա, երբ ինքը ժողովրդին առաջարկում է ամենաայլանդակ ճանապարհը, որի արդյունքում մենք ունենում ենք կորուստներ, զոհեր։ Սա է խնդիրը։ Հիմա նստել քննարկել՝ որ նոր իշխանություն լինի, ինչ կանի, արդեն իսկ սխալ նարատիվ է, որովհետեւ նոր իշխանությունը կսկսի բանակցել, բայց շատ կարեւոր է, որ այդ նոր իշխանությունն ինքը չլինի արկածախնդիր, նոր իշխանությունը պետք է լինի պրոֆեսիոնալ, գրագետ, ես այդ բառը շատ եմ օգտագործում՝ սոլիդ, որից արկածախնդրություն դուրս չի գա, որը կփորձի ներսում ապահովել համերաշխություն, ինչը շատ կարեւոր է, քանի որ աշխարհը պետք է տեսնի, որ այս փոքր երկիրը միահամուռ է ու պատրաստ պաշտպանելու իր ազգային շահերը։ Երկրորդ․ պետք է հասկանալ, թե որտեղ ենք բանակցում, որ ֆորմատով, որ միջնորդով, բանակցային թղթերն ուր են հասել։ Կան սահմանագծման ու սահմանազատման միջազգային նորմեր, այս մարդը ո՛չ այդ նորմերն է պահպանել, ո՛չ միջնորդ ունի, ո՛չ բանակցային ձեւաչափ, ինչ ասում ես, ասում է՝ ես գիտեմ։ Դա նման է «ես իմ կետից եմ բանակցում» թեզին, երբ 26 տարվա բանակցածը ջուրը գցեց, ու վերջում հասանք այս վիճակին՝ պատերազմ եւ զոհեր։ Սա է խնդիրը։ Ամեն ինչ խաղի իր կանոններն ունի, բայց այդ մարդը բոլոր կանոնները ոտնահարում է, ու ինչ կա իր գլխի մեջ, առաջ է տանում։ Հստակ է, որ զիջումների այլընտրանքը պատերազմը չէ, զիջումների այլընտրանքը նորմալ բանակցություններն են։ Ինքն ասում է՝ ես թույլ եմ, ես մենակ եմ, դրա համար պետք է զիջեմ, բայց բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է Հայաստանը թույլ ու մենակ։ Այս իշխանությունն է բերել այդ վիճակին։ Նոր իշխանության կարեւորագույն խնդիրն է՝ այնպես անել, որ մենք չլինենք մենակ ու թույլ, դրա ձեւերը կան։

- Դուք իմ հաջորդ հարցին մոտեցաք․ Հայաստանը դեռ ունի՞, թե՞ սպառել է ռեսուրսը՝ բարելավելու հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, բարեկամական ու գործընկերային դարձնելու դաշնակից ու շահակից երկրների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները, Արեւմուտքի հետ զարգացնելու այնպիսի հարաբերություններ, որ դրանք չհակասեն այն երկուսի հետ հարաբերություններին, որ երկիրը մեծերի կոնֆլիկտում կռվախնձոր չդառնա, այսինքն, ի շահ մեզ աշխատելու բոլոր կողմների հետ, անելու այն, ինչ սովորաբար անում է դիվանագիտությունը։

- Շնորհակալություն լավ հարցի համար։ Հայաստանը ոչ միայն ունի այդ ռեսուրսը, այլեւ դա հաջորդ իշխանության կարեւորագույն անելիքն է։ Նոր իշխանությունը ձեւավորված լիներ երեկ, մենք դա այսօր կունենայինք, ձեւավորվի այսօր՝ մենք վաղը կունենանք այլ վիճակ։ Ուղղակի խելագարություն է այսօրվա աշխարհում լինել միայնակ ու չունենալ դաշնակից։ Մենք ունենք ցավակցողների մեծ ցանկ, հենց մի բան լինում է, հերթով հեռագրերը տալիս են, ցավակցում են, ինչպես եղավ Արցախի դեպքում՝ օնլայն ռեժիմում դիտում էին, թե ինչպես է տեղի ունենում էթնիկ զտում, ցեղասպանություն։ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ դաշնակիցներ ձեռք բերելու եւ իր վարկը միջազգային հարաբերություններում վերականգնելու։ Մենք մի կարեւոր ու ցավոտ բան պետք է ընդունենք՝ մեր միջազգային վարկն այսօր զրո է՝ պարտության եւ անկանխատեսելի վարքի պատճառով։ Մեզ չեն հարգում, միջազգային հարաբերություններում դա շատ վտանգավոր բան է, մեր խնդիրն այդ վարկը կամաց-կամաց բարձրացնելն է, որ մեր ձայնը լսելի լինի։ Շատ կարեւոր է հետեւյալը․ երբ խոսում ենք արտաքին քաղաքական, միջազգային գործընկերներ ձեռք բերելու մասին, միանգամից ասում են՝ Ռուսաստան եւ Իրան, ու տպավորություն է, թե օրվա իշխանությունն Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունի, թե նա պրոարեւմտյան է։ Դա ամենակոպիտ սխալն է։ Հայաստանը պետք է վերականգնի իր հարաբերություններն ինչպես ՌԴ-ի եւ Իրանի, անպես էլ Արեւմուտքի հետ։ Եթե դու դնում ես ճիշտ օրակարգ, կարողանում ես ձեւակերպել քո շահերն ու խնդիրները, այս իշխանությունը չի կարողանում ձեւակերպել ճիշտ օրակարգ, տարբեր ուժային կենտրոններից տարբեր անհեթեթ բաներ է ակնկալում, մինչդեռ դու պետք է դնես ճիշտ օրակարգ՝ Արեւմուտքի հետ ո՞րն է քո օրակարգը, Ռուսաստանի, Իրանի հետ ո՞րն է, արաբական աշխարհի, Մերձավոր Արեւելքի հետ ո՞րն է։ Արդեն չգիտեմ՝ այստեղ միտում կա՞, թե՞ սա լիակատար անգրագիտություն է։ Թերեւս՝ երկուսը միասին։ Այնպես որ, Հայաստանն ունի իր մեջքն ուղղելու հնարավորություն, անեինք երեկ՝ արդյունքն այսօր կլիներ, անենք այսօր՝ վաղը կլինի։ Սա է խնդիրը։