Հայը և հայկականը Հայերը և օրհներգերը

Հայը և հայկականը Հայերը և օրհներգերը

 «Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես առաջին հերթին կտայի Հայաստանի անունը»…

Ռոքուել ՔԵՆԹ,

ամերիկացի գրող, նկարիչ, ճանապարհորդ

Հայկական լեռնաշխարհը համարվել է քաղաքակրթության միջնաբերդ: Դերեւս հին շումերներն ու եգիպտացիներն են Հայկական լեռնաշխարհն անվանել Սրբազան հող, Աստվածների երկիր, Արդար օրենքների երկիր: Հնագույն ժամանակներից օտարերկրյա գահակալները ձգտել են բոլոր հնարավոր միջոցներով հայերին հրավիրել իրենց երկրներ՝ մշակույթ, գիտություն, արհեստներ ու արվեստ, առեւտուր տարածելու համար: Համայն Ռուսիո ցար Պետրոս Մեծը խրախուսում էր․«Հայերին բոլոր հնարավոր միջոցներով շահագրգռել եւ օժանդակել, որտեղ անհրաժեշտ է՝ նրանց մուտքը ավելի խրախուսելու համար»: Ողջ Եվրոպայում բոլոր միապետները ձգտում էին, որ իրենց թիկնապահները բացառապես հայեր լինեն: 6-րդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու հավաստմամբ․«․․․հռոմեական կայսրերը իրենց թիկնապահներին ընտրելիս, հաշվի առնելով մարդկանց արժանիքները, նախապատվությունը տալիս էին հայերին»։ Որովհետեւ հայերն աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ ու եղել են անկաշառ: Արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու Գորգին խանի անգլիացիներին տված պատասխանը:

Նոր միջավայրում հայը դարձել է նորի սկզբնավորող ու հիմնադիր, արարող ու երկնող: Հայերն են երկնել կամ մասնակցություն են ունեցել Եթովպիայի, ԽՍՀՄ, Ռումինիայի, Սոմալիի եւ այլ երկրների, Մոսկվա ու Սեւաստոպոլ քաղաքների եւ բազմաթիվ միջազգային ու այլ կազմակերպությունների օրհներգերի, դարձել հեղինակ ու համահեղինակ:

  

 ԵԹՈՎՊԻԱՅԻ 1930-1974 թթ. (այլ տվյալներով` օրհներգը կատարվել է մինչեւ 1992թ.) կայսերական օրհներգի երաժշտությունը ստեղծել է Եթովպիայի զինվորական եւ արքունի նվագախմբերի հիմնադիր եւ ղեկավար Գրիգոր (Գեւորգ) Նալբանդյանը (1887-1963), որի համար արժանացել է լորդի տիտղոսի: Եթովպիայի կայսերական օրհներգի խոսքերի հեղինակը Յոֆթեհե Նեգուսեն է:

ԶԱՆԶԻԲԱՐԻ (1528-17 դ. վերջ` Պորտուգալիայի, ապա Օմանի գաղութ, 1856-1890-ին` անկախ սուլթանատ, 1890-1963-ին` անգլիական պրոտեկտորատ, 1963-1964-ին` անկախ պետություն, 1964-ից` Տանզանիայի Միացյալ Հանրապետության մաս) 1964-ի օրհներգի երաժշտության հեղինակը հայազգի երգահան, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Կարեն Սուրենի Խաչատրյանն է (ծնվ. 19.09.1920)` Ա. Ե. Խաչատրյանի եղբորորդին:

ԹՈւՐՔԻԱՅԻ ժամանակակից օրհներգի`İstiklâl Marşı-ի («Անկախության մարշ»),  երաժշտության հեղինակությունը վերագրվում է թուրք երգահան Օսման Զեքի Ունգյորին, սակայն… 

1920-ական թթ.-ին թուրքական պառլամենտը մերժեց մասնագետների կողմից հավանության արժանացած Թուրքական Հանրապետության նոր օրհներգն այն պատճառով, որ օրհներգի հեղինակը ազգությամբ հայ էր:

  1924-ին ընդունվեց Թուրքիայի նոր օրհներգը, որի գործիքավորումը հանձնարարվեց այն նույն երգահանին, ում առաջարկած օրհներգը թուրքական երեսփոխանները մերժել էին: Այդ երգահանը Կ. Պոլսում ծնված Էդգար Մանասն (1875-1964) էր: 

 Այնուամենայնիվ, Թուրքիայի Հանրապետության ժամանակակից օրհներգի`İstiklâl Marşı-ի («Անկախության մարշ»)  երաժշտությունը,  ըստ երաժշտագետների` ստեղծվել է հայ մեծանուն երգահան Տիգրան Չուխաջյանի  [1837-11 (23) մարտ, 1898)] երաժշտության հիմքի վրա:

ԽՍՀՄ վերջին պետական օրհներգի խոսքերի տեքստը գրել է Գաբրիել Էլ-Ռեգիստանը (Ուրեկլյան, 1892.15.12.1899-30.07.1945)`Ս. Միխալկովի համահեղինակությամբ:

Գ. Ուրեկլյանը տեղեկանալով, որ Ստալինը հանձնարարել է ԽՍՀՄ նոր օրհներգ գրել, այդ մասին հայտնում է իր 20-ամյա որդուն` Հարոլդին (1950-ականներին Հարոլդ Ռեգիստանը հայտնի է դարձել իր բանաստեղծություն-երգերով, որոնք հնչել են բազմաթիվ կինոնկարներում): Էլ-Ռեգիստան-ավագը ռեստորան հրավիրելով Սերգեյ Միխալկովին, համատեղ քննարկել են ԽՍՀՄ ապագա օրհներգի տեքստը: Գաբրիելն, անձեռնոցիկի վրա գրել է ապագա օրհներգի տեքստը: Ս. Միխալկովը ուղղումներ մտցնելով, ավելացրել է Ստալինի անունը (1977-ին Ստալինի անունը հանվել է) եւ այդ տեքստը ներկայացրել է մրցույթի, որը հաղթող է ճանաչվել եւ 1943թ դեկտեմբերի 14-ին հաստատվել: Օրհներգի համար երաժշտությունը գրել է Ալեքսանդր Ալեքսանդրովը: Օրհներգն առաջին անգամ հնչել է 1944 թ. հունվարի 1-ի գիշերը` քաղբյուրոյում, իսկ  մարտի 15-ից սկսել է պաշտոնապես կիրառվել:

 Ոչ Միխալկովը, ոչ Ստալինը չկռահեցին, որ խաբված են, քանի որ օրհներգի խոսքերի հեղինակը ոչ թե Գաբրիել Էլ-Ռեգիստանն էր,այլ նրա 20-ամյա որդին, որովհետեւ ոչ ոք լուրջ չէր ընդունի այդքան երիտասարդ հեղինակի առաջնայնությունն, այլ բան էր հայտնի լրագրողի եւ նշանավոր բանաստեղծի հեղինակությունը: Իսկ ռեստորանում կազմակերպվածն ուղղակի շոու էր:

Այդ օրհներգը դարձավ նաեւ ՌԽՖՍՀ օրհներգ:

1943-1956-ին օրհներգը կատարվել է նախնական տարբերակով` Ստալինի անվան հիշատակումով:

1977-1991-ին օրհներգը կատարվել է նոր խմբագրմամբ, որը հաստատվել է ԽՍՀՄ ԳԽ 1977թ. մայիսի 27-ի որոշումով:Նոր տարբերակում հանվել է Ստալինի անունը:

ՌԽՖՍՀ, մինչեւ 1990թ. նոյեմբերի 27-ը ՌԽՖՍՀ-ը սեփական օրհներգը չի ունեցել եւ 1944թ. մարտի 15-1990թ. նոյեմբերի 23-ը որպես պետական օրհներգ պաշտոնական արարողությունների ժամանակ կիրառել է ԽՍՀՄ օրհներգը: Այժմ ՌԴ օրհներգը ԽՍՀՄ օրհներգի վերափոխված տարբերակն է, որն ընդունվել է նախագահ Վ. Պուտինի 1-ին պաշտոնավորման ժամանակ:

ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ներկա օրհներգի խոսքերի տեքստի իրական հեղինակը Գաբրիել Էլ-Ռեգիստանն է (Ուրեկլյան, ծնվ. 1892), որտեղ որոշակի ուղղումներ է կատարել Ս. Միխալկովը: Այն ԽՍՀՄ վերջին օրհներգի տարբերակ է:

  Ս.Միխալկովը 2000-ին գրելով ՌԴ օրհներգը, բառացիորեն կրկնել է ԽՍՀՄ օրհներգի տեքստը, սակայն այն ներկայացրել է որպես ինքնուրույն ստեղծագործություն, առանց հիշատակելու տեքստի խոսքերի բուն հեղինակի` Գ. Էլ-Ռեգիստանի անունը:

ՌՈւՄԻՆԻԱՅԻ 1953-1977-ի օրհներգի`«Te slăvim Românie» («Փառաբանենք քեզ, Ռումինիա»), երաժշտությունը Աուրել Բարանգի տեքստի եւ Եուջեն Ֆրունզեի ու Դան Դեշլիուի խոսքերի հիման վրա, գրել է Ռումինիայի պետական մրցանակի դափնեկիր, Ռումինիայի արվեստի վաստակավոր գործիչ, 1949-1954թթ. Ռումինիայի կոմպոզիտորների միության նախագահ, Ռումինիայի ԳԱ-ի թղթակից անդամ, հայազգի երգահան Մաթեյ Սոկորը (1908-1980) (Մաթեյ Սոկորի հայկական ծագման մասին տես  Բոգդան Քըուշ. «Հայ դեմքեր Ռումինիայում», «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Երեւան-2003, էջ 454 ):

Ռումինիայի օրհներգի խոսքերի հեղինակը հայազգի Միհայ էմինեսկուն է:

ՍՈՄԱԼԻԻ 1972-ի օրհներգի երաժշտության հեղինակը  ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Կարեն Խաչատրյանն է:

 ԼԵՀ  ԺՈՂՈՎՐԴԻ  ազգային ազատագրական շարժման («Հրդեհների ծխով»` «С дымом пожарищ») հիմնի երաժշտությունը լեհ բանաստեղծ Կարոլ Ույեյսկու խոսքերի տեքստի հիման վրա գրել է լեհահայ երգահան Յուզեֆ Նիկորովիչը (02.04.1827-06.01.1890): Օրհներգը գրվել է 1846-ին` Կրակովյան ապստամբության պարտությունից հետո (Յու.Նիկորովիչի հայկական ծագման մասին տես  Ա. Բախչինյան «Հայազգի գործիչներ», Երեւան-2002, էջ 191, «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Երեւան-2003, էջ 289):

ՄՈՍԿՎԱ քաղաքի օրհներգը, 1941-ին ռազմաճակատ մեկնելուց առաջ, լեյտենանտ Մ. Լիսյանսկին «Նովի միր» լրագրի խմբագրություն ներկայացրած «Моя Москва» («Իմ Մոսկվա») բանաստեղծությունն է, որը տպագրվեց լրագրի դեկտեմբերյան համարում: 1942-ի գարնանը երգահան Ի. Դունաեւսկին այդ ստեղծագործության համար երաժշտություն գրեց, սական երգահանին դուր էր եկել միայն բանաստեղծության առաջին տան 8 տողը, իսկ երկրորդ տունը եւ 3 տան առաջին 4 տողերը նա խնդրեց գրել իր համույթի երիտասարդ երգահան Սերգեյ Ագրանյանին, ում հետ նրանք պատերազմի առաջին ամիսներին արդեն մի քանի երգեր էին գրել:

   1942-ին երգն առաջին անգամ հնչեց Մ. Բաբյալոյի կատարմամբ: 1943-ին երգը ռադիոյի համար ձայնագրվեց սկավառակի վրա: 1944-ին երգի համահեղինակները հանդիպեցին եւ համաձայնեցրին երգի տեքստը: Վերջնական տարբերակում տեղ գտավ նախնական տարբերակի 1-ին տունը եւ 2-րդ տան վերջին 4 տողը: Հետագայում «Моя Москва» («Իմ Մոսկվա») երգը դարձավ Մոսկվա քաղաքի օրհներգը եւ հաստատվեց 1995թ. հուլիսի 5-ին:

ՍԵՎԱՍՏՈՊՈԼ քաղաքի օրհներգի`«Легендарный Севастополь»-ի («Դու թռիր, թեւավոր քամի…»),  երաժշտությունը Պ. Գրադովի խոսքերի հիման վրա գրել է Վ. Մուրադելին (Հովհաննես Մուրադյանը) (1908-1970): Օրհներգը  որպես երգը ստեղծվել է 1954-ին, սակայն Սեւաստոպոլի օրհներգ է դարձել 40 տարի անց` 1994-ին:

ԱՇԽԱՐՀԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ օրհներգի երաժշտությունը գրել է հայ նշանավոր երգահան Տիգրան Մանսուրյանը (ծնվ.1939):

ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈւԹՅԱՆ օրհներգի երաժշտությունը 1949-ին գրել է ԽՍՀՄ ժող. արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վանո  Մուրադելին  (Հովհաննես Մուրադյանը) (1908-1970):

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ օրհներգի երաժշտության հեղինակը հայազգի երգահան Դավիթ Թուխմանովն (ծնվ. 1940) է: Այդ օլիմպիական խաղերը կայացել են Մոսկվայում, 1998-ին:

ՍՈՉԻ-2014 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ պաշտոնական օրհներգի խոսքերի հեղինակը ռուսա- եւ անգլիագիր ռուսաստանցի բանաստեղծ Կարեն Արտավազդի Կավալերյանն է (ծնվ. 05.06.1961), իսկ երաժշտության հեղինակը` հայազգի երգահան, երգիչ Նիկոլայ Հարությունովը (ծնվ. 1958):

 OCCYPI-ի օրհներգի երաժշտությունը 2012 թ. սեպտեմբերին ձայնագրել են Մորելլոն եւ Սերժ Թանգյանը:

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» հեռուստատեսային մրցույթի («Россия» հեռուստաալիք, 2004-2006թթ.) օրհներգի խոսքերի` «Зажигай» բանաստեղծության, հեղինակը մոսկվայահայ բանաստեղծ Կարեն Կավալերյանն (ծնվ. 1961) է:

 FM «ՌԱԴԻՈԴԻՍԿՈ», ռադիոկայանի օրհներգի խոսքերը 2005-ին`գրել է Ռուսաստանցի հայ բանաստեղծ Կարեն Արտավազդի Կավալերյանը (ծնվ. 05.06.1961), իսկ երաժշտությունը` Կիմ Բրեյթբուրգը:

Բացի վերոհիշյալ օրհներգերից հայ արվեստագետները հեղինակել են ԽՍՀՄ ավտոտեսչության օրհներգի երաժշտությանը (Կարեն Խաչատրյան), «թելեթոնիներին», նշանավոր իրադարձություններին [(Դավիթ Թուխմանովի «День победы» («Հաղթանակի օրը») եւ այլն)], նաեւ անհատներին նվիրված օրհներգերի ստեղծման [Գեղունի Չթչյանի Գային (Հայկ Բժշկյանցին) նվիրված օրհներգը եւ այլն]: Միայն Վ. Մուրադելիի ստեղծած մոտ մեկ տասնյակ երգեր ձեռք են բերել օրհներգերի հնչեղություն ու արժեք, այդ թվում. «Կիրովի հիշատակի սիմֆոնիան» (1938),  պոեմ-կանտատ «Առաջնորդին» (1939), «Կանտատ Ստալինի մասին» (1939), Մոլոտովի 50-ամյակի հանդիսավոր ուվերտյուրա (1940), Ստալինին նվիրված  «Песня-здравица» (1941),  «Нас воля Сталина вела» երգը (1945), Ա. Լեւիկովի խոսքերով գրված  «Песня журналистов» երգը (1962) [«Երեք օր քայլել, երեք օր չքնել, հանուն թերթում մի քանի տողի…»],  «Марш космонавтов» («Ես`Երկի~ր») (1963) երգը, «Марш пограничников» երգը:

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ