Կամո Ցուցուլյանը շարունակում է փրկարար ծառայությունը դարձնել ոստիկանություն

Կամո Ցուցուլյանը շարունակում է փրկարար ծառայությունը դարձնել ոստիկանություն

Անցած տարի սեպտեմբերին Հայաստանի թավշյա ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց, հայհոյեց, բերման ենթարկեց ի պաշտպանություն Արցախի Հանրապետության հրապարակում հավաքվածներին։ Ոստիկանների առաջին շարքում էր նախկին ոստիկան, այժմ՝ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ փրկարարի համազգեստով: 

 «Հրապարակը» հարցին անդրադարձավ բարոյական հարթությունում եւ գրեց, որ մարդկանց փրկելու վեհ առաքելությունը խորհրդանշող համազգեստն այսօր կրում է մեկը, ով հանգիստ հետեւում է, թե ինչպես են Արցախի համար մտահոգ քաղաքացիներին ծեծում եւ հայհոյում:

Կամո Ցուցուլյանը չի խրատվում. 22 տարի ոստիկան աշխատելուց հետո, 2023 թվականի հունվարին փրկարար ծառայության տնօրեն նշանակված Ցուցուլյանը, դեռ չի ընկալել սեփական կարգավիճակի փոփոխությունն ու իրեն ոստիկան է զգում։ Մայիսի 9-ին հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Կամո Ցուցուլյանը նորից ոստիկանների առաջին շարքում էր։ 

Մինչդեռ Կամո Ցուցուլյանի այս պահվածքը տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի տրամաբանության մեջ։

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 460․ Ինքնիրավչությունը. «Ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Ցավալի է, բայց Կամո Ցուցուլյանը ոչ միայն ինքն է փրկարարի համազգեստով ոստիկան աշխատում, այլ ողջ փրկարար ծառայությունն է վերածում ոստիկանության։ Մարտի 18-ին ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Նման բացատրական աշխատանք են սկսել իրականացնել նաեւ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները: Ոչ միայն բացատրում են, այլ հրշեջ-փրկարարական ջոկատում ընդունում կամավոր հանձնվող զենքը։ Ահա ոստիկանության տարածած տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=BT63hDbQrqQ

Լավ, եթե փրկարարը ոստիկանի գործն է անում, բա փրկարարի գործն ո՞վ է անում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնիրավչություն։ Ո՞ր օրենքն է փրկարարին իրավունք տալիս հրշեջ-փրկարարական ջոկատում զենք ընդունել։ Փրկարարն ունի՞ դրա համար անհրաժեշտ գիտելիք, հմտություն, կարողություն, պայման։ Բա որ մի բան լիներ, ո՞վ էր պատասխան տալու։ 

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
 

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/