Հայը և հայկականը. Հայերի անուններով անվանակոչված գիտ․ և ուսումնական հաստատություններ․ մաս 2

Հայը և հայկականը. Հայերի անուններով անվանակոչված գիտ․ և ուսումնական հաստատություններ․ մաս 2

(2-րդ մաս)

 «Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»…

Ռոքուել ՔԵՆԹ,

ամերիկացի գրող, նկարիչ, ճանապարհորդ

 

  

Ա. Միկոյանի անվան ՓԿԲ եւ ՓԿԲ-ի մուտքը

«ՄԻԿՈՅԱՆԻ անվան փորձարարական կոնստրուկտորական բյուրո» ինժեներական կենտրոն (ռուս․՝ Инженерный центр Опытно-конструкторское бюро им. А. Микояна), Արտեմ Միկոյանի անվան փորձարարական կոնստրուկտորական բյուրո,  որը որպես ինքնուրույն հատուկ նախագծային բաժին հիմնվել է 1939 թ. դեկտեմբերի 8-ի Մոսկվայի № 1 ավիագործարանի տնօրեն Պ. Ա. Վորոնինի հրամանով՝ կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի անմիջական աջակցությամբ: Բաժնի ղեկավար է նշանակվել Արտեմ Միկոյանը, տեղակալ՝ Միխայիլ Գուրեւիչը: Հիմնումից հետո բյուրոն նախագծել է նոր տիպի ինքնաթիռներ, որոնք հայտնի դարձան ՄիԳ անունով:

   Այժմ բյուրի նախագծով թողարկվում են ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւ այլ թռչող սարքեր, ինչպես նաեւ իրականացնում է վերանորոգում, տեխսպասարկում եւ թռչող սարքերի եւ շարժիչների ձեւափոխում:

Ինժեներական կենտրոնը գտնվում է Մոսկվայում, Գրինի 211 հասցեում:

ВИТИМ-ի շենքը

ՄԻԿՈՅԱՆԻ անվան ԽՍՀՄ գյուղատնտեսական մինիստրության ծխախոտի եւ մախորկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ (ԾՄՀԳԻ), ԽՍՀՄ-ում մախորկայի եւ ծխախոտի աճեցման եւ արտադրության կազմակերպման ԳՀԻ: ԾՄՀԳԻ կազմավորվել է 1923 թ.-ին՝ Կրասնոդարում, 1913-1915 թթ.-ին ստեղծված Եկատերինոդարի ծխախոտագործության փորձարարական լաբորատորիայի բազայի վրա, որը 1934 թ.-ին միավորվել է Համամիութենական մախորկայի արդյունաբերության ինստիտուտի հետ: ԾՄՀԳԻ-ն ունեցել է սելեկցիայի, սերմնաբուծության, ընդհանուր գյուղատնտեսության, ինչպես նաեւ բերքի մշակման, մեքենայացման, քիմիական տեխնոլոգիաների, գիտական ​​եւ տեխնիկական տեղեկատվության իրականացման բաժիններ: Փորձարարական կայանները գտնվել են Հայաստանում, Աբխազիայում, Ղըրղըզստանում, Ղրիմում, Լագոդեխիում եւ այլուր, 2 հիմնակետեր Ադրբեջանում եւ Ուզբեկստանում: Մոլդովայում եղել է Մոլդովական մասնաճյուղը: ԾՄՀԳԻ-ում  մշակվել եւ բարելավվել է ծխախոտի տեխնոլոգիան, չորացման եւ խմորման մեթոդների բարելավման աշխատանքները: ԾՄՀԳԻ-ում ստեղծվել են ու շրջանացվել նոր սորտեր: 1974 թ.-ին  արդեն շրջանացվել էր 33 տեսակի ծխախոտ եւ երեք տեսակի մախորկա:

Ինստիտուտը կոչվել է Անաստաս Միկոյանի անունով:

 

Կաչինսկի զինվորական բարձրագույն օդաչուական ուսումնարանի շենքը եւ ուսումնարանի հիմնադրման 100-առթիվ թողարկված ՌԴ նամականիշ

ՄՅԱՍՆԻԿՈՎԻ անվան Կաչինսկի զինվորական բարձրագույն օդաչուական ուսումնարան, լրիվ անվանումը՝ Ալ. Ֆ. Մյասնիկովի անվան Կաչինսկի Լենինի շքանշանակիր Կարմրադրոշ զինվորական բարձրագույն օդաչուական ուսումնարան (КВВАУЛ, КВВАОЛКУЛ; նախկինում՝ ККВАШ), առաջին 2 օդաչուական դպրոցներից եւ 1-ին ամբողջապես ռազմական դպրոցը Ռուսաստանում: Հիմնվել է 1910 թ. նոյեմբերի 21-ին որպես Սեւաստոպոլյան ավիացիայի սպայական դպրոց, որն 1-ին շրջանավարտները տվել է 1911 թ. հոկտեմբերի 26-ին: 1912-ին վերակազմավորվել է որպես ավիաբնակավայր Կաչա գետի վրա, որից էլ հետագայում ստացել է Կաչինսկ անունը: 1922 թ.-ին Սեւաստոպոլյան ավիադպրոցը միավորվել է Մոսկվայի 1-ին ռազմական օդաչուների Օդային կարմիր ֆլոտի դպրոցի հետ: 1941թ.-ին էվակուացվել է Կրասնի Կուտ: 1954 թ.-ին ուսումնարանը վերահաստատվել է Ստալինգրադում: 2010 թ. նոյեմբերին Ռուսական ավիացիայի  եւ Կաչինսկի ուսումնարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ ՌԴ ՊՆ Անատոլի Սերդյուկովի հրամանով Կրասնոդարի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարանը վերավորակավորվել է Կաչինսկի զինվորական բարձրագույն օդաչուական ուսումնարանի մասնաճյուղի, սակայն գործնականում այն չի իրականացվել:

Զինվորական բարձրագույն օդաչուական ուսումնարանը կոչվել է Ալ. Ֆ. Մյասնիկյանի անունով:

Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան (ինստիտուտ)

ՆԵՄԻՐՈՎԻՉ-ԴԱՆՉԵՆԿՈՅԻ անվան դպրոց-ստուդիա (ինստիտուտ), Ա. Չեխովի անվան МХАТ-ին կից, թատերական պետական կրթական հաստատություն: Դպրոց-ստուդիան բացվել է 1943 թ.-ին՝ Գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի, ջանքերով: Դպրոց-ստուդիան ունի 3 ֆակուլտետ՝ դերասանական, բեմադրական եւ պրոդյուսերական: Ուսումնառությունը 4-5 տարի է: Դպրոց-ստուդիան կապեր է հաստատել Հարվարդի համալսարանին կից թատերական բարձրագույն  կրթության ինստիտուտի եւ ԱՄՆ-ի Յուջին Օ’Նիլի ինստիտուտի հետ, ուանողների փոխանակումներ է իրականացնում Վիեննայի թատերական դպրոցի եւ Ստրասբուրի Ազգային թատերական դպրոցի հետ: Դպրոց-ստուդիայի շրջանավարտների թվում են դերասաններ. Օ. Տաբակովը, Ալ. Բատալովը, Ե. Եվստիգնեեւը, Օ. Բասիլաշվիլին, Վլ. Վիսոցկին, Ն. Կարաչինցեւը, Ե. Միրոնովը եւ այլք: Դպրոց-ստուդիայի շրջանավարտների թվում են նաեւ ռեժիսորներ Օ. Եֆրեմովը, Գ. Վոլչեկը, Ֆ. Յանկովսկին, Ալ. Բարդուկովը:

 

Ջ. Չամչյանի անվ. քիմ. ինստիտուտ

ՉԱՄ(Ի)ՉՅԱՆԻ անվան քիմիական ինստիտուտ (իտալ․՝ Instituto Chimico Giacomo Ciamician), Իտալիայի Բոլոնիա քաղաքում: Ինստիտուտը հիմնադրվել է 1737թ. Բոլոնիայի ինստիտուտում գործող քիմիական ամբիոնի հենքի վրա: 1920-ական թթ. Ջ. Չամ(ի)չյանի նախաձեռնությամբ ու նախագծով այն վերաբազավորվել է ինստիտուտի, որը մինչեւ մահը ղեկավարել է հայազգի քիմիկոսը: 1987թ. ինստիտուտը վերաորակվել է նույն կառուցվածքների դեպարտամենտի:

Քիմիական ինստիտուտը կոչվել է  իտալահայ աշխարհահռչակ քիմիկոս Լուիջի Հակոբ (Ջակոմո) Չամիչյանի (Չամչյան) անունով:

  

«Ուզգիպրոմելիովոդխոզ»-ի 50-ամյակի առթիվ թողարկված կրծքանշան եւ ԳՀԻ-ի շենքը

ՍԱՐԿԻՍՈՎԻ անվան գիտահետազոտական ինստիտուտ,  «Սրեդազգիպրովոդխլոպոկ» («Средазгипроводхлопок»), Միջին Ասիայի նախագծային գիտահետազոտական ինստիտուտ: ԳՀԻ-ն հիմնադրվել է 1929թ. Հ. Ա. Սարկիսովի ջանքերով: Հետխորհրդային տարիներին այն վերանվանվել է եւ այժմ հայտնի է «Ուզգիպրոմելիովոդխոզ» («Узгипромелиоводхоз») անունով:

Գիտահետազոտական ինստիտուտը գտնվում է Տաշքենդում, Շայխանտաուրսկի քաղաքային շրջանում, Նավոյի 44 հասցեում:

Գիտահետազոտական ինստիտուտը կոչվել է Տաջիկստանի վաստակավոր իռիգատոր, Ուզբեկստանի վաստակավոր շինարար, 1941-1942-ին Ուզբեկստանի հողժողկոմի 1-ին տեղակալ Հակոբ Աբրահամի Սարկիսով (1907-1971) անունով:

Մ. Սինանի համալսարանի ընդհանուր տեսքը

ՄԻՄԱՐ ՍԻՆԱՆԻ անվան պետական համալսարան, Մ. Սինանի անվան Արվեստի Ակադեմիա: Համալսարանը բացվել է 1882 թ.-ին՝ Օսման Համդի Վսեմի օժանդակությամբ: Ակադեմիան Մ. Սինանի անունով է կոչվել 1982 թ.-ին: Համարվում է Թուրքիայում բացված առաջին բարձրագույն գեղարվեստական ուսումնական հաստատությունը: Ուսման տեւողությունը 4 տարի է;

Արտասահմանցի ուսանողները վճարում են 3 անգամ ավելի ուսման վճար, իսկ տեղացի ուսանողների վարձավճարը տարեկան կազմում է մոտ 300 ԱՄՆ դոլար: Բոլոր ուսանողներն տրանսպորտից օգտվում են արտոնյալ պայմաններով: Սնունդը համալսարանում էժան է, 4 տեսակի ճաշատեսակներից կազմված ճաշացանկն արժե մոտ 70 ցենտ:

Համալսարանը գտնվում է Կոստանտինոպոլսի Բեշիկթաշ թաղամասում, Բոսֆորի ափին:

   

Ս. Հարեթի համալսարանի լոգոն եւ շենքը

ՍՊԻՐՈւ  ՀԱՐԵԹԻ անվան համալսարան, մասնավոր համալսարան Ռումինիայում: Համալսարանը հիմնադրվել է 1991 թ.: Ըստ հրապարակած տվյալների՝ 2010 թ. համալսարանն ուներ 30 ֆակուլտետ: Ըստ «Financiarul» թերթի՝ Ռումինիայի խոշորագույն համալսարանն է: 2009 թ. ունեցել է 311.928 ուսանող: Անդրադառնալով ուսանողների թվին, թերթը սխալմամբ այն անվանել է ամենամեծ համալսարանն աշխարհում: Մինչդեռ այն երկրորդ խոշորագույն մասնավոր համալսարան է, իսլամական Ազադ համալսարանից հետո: Ռումինիայի ուսուցիչների մեծ մասը եւ գրանցված իրավաբանների 1/3 Ս. Հարեթի համալսարանի շրջանավարտներ են: Հռոմի պապ Իոհան Պավել II-ը եւ Ռումինիայի նախկին պրեզիդենտ Ի. Իլեսկուն Ս. Հարեթի համալսարանի պատվավոր դոկտորներ են:

Համալսարանը կոչվել է ռումինահայ մաթեմատիկոս-աստղագետ, սոցիոլոգ, պետական-հասարակական գործիչ Սպիրու Կոստաքե Հարեթի անունով:

 

ՀՌԳՀԻ (ВНИИтрансмаш)

Ա. Լ. ՔԵՄՈւՐՋՅԱՆԻ անվան գիտա-տեխնիկական կենտրոն: ԳՏԿ-ն հիմնադրվել է 2003 թ. սեպտեմբերի 18-ին: ԳՏԿ-ն գործում է Համառուսաստանյան գիտա-հետազոտական տրանսմաշ ինստիտուտին կից: ԳՏԿ-ն մասնագիտացված է բնական գիտությունների բնագավառում գիտական հետազոտությամբ եւ վերամշակմամբ:

ԳՏԿ գրանցված է Սանկտ Պետերբուրգումб Զարեչնայա-2 (Գորելովո շրջ.) իրավաբանական հասցեում:

Գիտա-տեխնիկական կենտրոնը կոչվել է հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար, աշխարհում առաջին լուսնագնացների եւ մարսագնացների ստեղծող, տեխնիկական գիտությունների դոկտոր (1971 թ.), պրոֆեսոր (1971 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1973 թ.) Ալեքսանդր Լեւոնի Քեմուրջյանի անունով։

 

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ