Ու՞մ մտքով կանցներ, որ 32 տարի անց ստիպված կլինենք Հայաստանը ազատագրել Երեւանում

Ու՞մ մտքով կանցներ, որ 32 տարի անց ստիպված կլինենք Հայաստանը ազատագրել Երեւանում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ Արամազդ Զաքարյանն է: 

-  Դուք, չնայած այստեղ չեք գտնվում, բայց վստահ եմ`հետեւոմ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ի՞նչ սպասումներ ունեք այս ամենից:

- Մենք այսօր պետք է նշեինք Շուշիի ազատագրման օրը: Ցավոք, այդ հաղթանակը մեզանից խլեցին, խլեցին մեր ներսի տականքների ձեռքով: Ու՞մ մտքով կանցներ, որ 32  տարի անց մենք ստիպված պետք է լինենք Հայաստանը ազատագրել հենց Երեւանում: Մենք այսօր այդ տխուր իրողության մեջ ենք: Բագրատ Սրբազանի, արժանապատիվ հայերի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  ազգային ազատագրական պայքարը մտնում է Երեւան: Ես լիահույս եմ, որ մենք ազգովի գտանք մեր կարեւոր զենքը, որը մեզանից խլել էին մեր ներսի տականքի միջոցով: Դա աշխարհի հզորագույն զենքն է, որի դեմ որեւէ կայսրություն, որեւէ բռնապետ  հազարամյակներով պայքարել ու հաղթանակի չի հասնել: Այդ զենքը մեր ազգային հավաքական միասնությունն է: Երբ խաթարվում է այդ միասնությունը, մենք ունենում ենք շարունակական պարտություններ: Մենք 6 տարի շարունակ ունենում ենք միայն կորուստներ, պարտություններ, որովհետեւ մեզանից խլել էին այդ զենքը: Մենք այդ զենքը վերագտանք: Ամբողջ աշխարհով հայությունը դարձել է մեկ բռունցք, որը բերում է համերաշխություն, սեր, հավատ, որն, ի վերջո բերում է հաղթանակներ: Ես համոզված եմ, որ սա հետագա հաջողությունների սկիզբն է:

- Ի՞նչ եք կարծում, իշխանությունը կդիմի՞ բիրտ ուժի:

- Ոչինչ չի բացառվում: Այս մարդկանցից ամեն սադրանք սպասելի է: Բայց այս դեպքում թող սադրանքի դիմողը վախենա, որ կստանա արժանի պատասխան: Կոչս ուղղում եմ մեր հայրենակիցներին, որոնց մեջ նաեւ այն մարդիկ, ում մենք փրկում ենք չարքապատկան ուժերից: Այսօր մարդիկ դուրս են եկել պայքարի` հանուն մեր երկրի ապագայի, հանուն Եռաբլուրի, հանուն հաղթանակների: Մյուս կողմում էլ մարդիկ են, ովքեր ծառայում են սատանային եւ չարքապատկան ուժերին: Միգուցե նրանց հանձնարարված է, որպեսզի նրանք խանգարեն հայրենիքի համար սուրբ պայքարի դուրս եկած մարդկանց: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մեր ժողովուրդը համբերատար է, բայց այդ համբերությունն անսպառ չէ: Խելքներդ գլուխները հավաքեն նաեւ այն երկրապահները, ովքեր երկրածախ չեն: Կանգնեք ժողովրդի կողքին եւ ցույց տվեք, որ դեմ  եք այս պարտություններին: Հակառակ դեպքում դուք հետագայում ձեր երեխաներից ամաչելու եք: Այնպես ապրեք, որ ձեր երեխաները հպարտանան, որ ապրել եք Բագրատ սրբազանի եւ այս պայքարի մյուս առաջամարտիկների օրոք, եղել եք նրանց կողքին: Հակառակ դեպքում, ձեր երեխաները իմանալով ձեր արածները, մի օր կհարցնեն` հայրիկ, երբ Հայաստսնը կործանվում էր, դու ի՞նչ էիր անում: Իսկ դու պատասխանելու ես, որ օգնում էիր կործանողներին, խանգարում` փրկողներին: Դա իմանալով, քո որդին կամ թոռը թքելու է երեսիդ կամ միզելու է քո գերեզմանին: Կանգնեք ժողովրդի կողքին: Հաղթանակը մոտ է, եւ սա փրկություն է նաեւ ձեզ համար: