Պետք է կանխել Հայաստանի ու հայ ժողովրդի թաղման արարողությունը

Պետք է կանխել Հայաստանի ու հայ ժողովրդի թաղման արարողությունը

«Հրապարակի» զրուցակիցը արցախցի ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանն է` Տաթև Արցախը:

- Բագրատ սրբազանը հասավ Երևան: Մարդկանց համախմբել է մեկ ընդհանուր գաղափար` հայ մնալու, հայրենիքը պահելու գաղափարը: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կարդարացնի՞ մեր սպասելիքները:

- Ցանկացած մտահոգ հայ, մտահոգ քաղաքացի պետք է փողոց դուրս գա, սա զուտ քաղաքական նկրտումներ թելադրող ակցիա չէ, սա լինել-չլինելու վերջին զարկն ու հնարավորությունն է: Մենք ամեն մեկս այդ զարկին մեր իսկ ներկայությամբ պետք է մեկ մասնակից ավելացնենք, որպեսզի կարողանանք լուծել մեր լինելիության հիմնախնդիրը: Լինելիության վերջնակետին ենք հասել, որպես պետություն, որպես ազգ` մի մեծ փոսի մեջ ենք ու մեր վրա հողն են լցնում: Պետք է կանխել Հայաստանի ու հայ ժողովրդի թաղման արարողությունը: Այս ակցիան կանխելու է ամեն ինչ: Մենք վաղուց մահացել ենք, հիմա փորձում են մեզ թաղել, բայց այ այդ մեկը չի ստացվելու: Պետք է ոտքի կանգնել, պետք է հողը մաքրել մեր դեմքից ու սկսել վերածնունդը:

- Նիկոլ Փաշինյանն էլ 2018-ին մեծ խոստումներով իշխանության եկավ: Եթե զուգահեռներ անցկացնենք այսօրվա ու 2018-ի միջեւ, ի՞նչ ընդհանրացումներ եք տեսնում:

- Պարզապես անհամեմատելի են: Բագրատ սրբազանի կատարած գործողությունները, քայլերթն ու ոգեկոչումները տարբերվում են 2018-ին տեղի ունեցած դեպքերից: 2018-ին տեղի ունեցավ իշխանազավթում: 2018-ին Նիկոլ Փաշինյանն ազդարարել է մեր կործանման ծրագիրը: Այսօր տեղի է ունենում դրա ճիշտ հակառակը: Անգամ համեմատականներ տանելը շատ ամոթալի է, ես որպես հայ մարդ, վիրավորական եմ համարում հայ մարդուն համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ:

- Արցախցիները բավականին պասիվ են, գուցե ընկճված: Ի՞նչ ես կարծում` կմիանա՞ն այս պայքարին:

- Անպայման արցախցիները միանալու են: Ես ինքս բազմաթիվ զանգեր եմ ստացել, որ գալու են: Ես չեմ կարծում, որ այսօր արցախցիները պասիվ են, մասնակցելու ենք, ունենք հստակ պահանջներ: Կորցրել ենք ամեն ինչ, մեր տները, մեր գերեզմանները, բայց պատրաստ ենք կռիվ տալ Հայաստանի համար, քանի որ մեզ համար չկա տարբերություն` Հայաստան, թե Արցախ: Երկուսն էլ մեր հայրենիքն են: Վստահ եմ, որ հոգևորը հաղթելու է, այն միշտ է հաղթել: Եթե հանձնվենք ու ասենք` ոչ մի ելք չկա, պետք է գնանք լուռ մահվան: Մենք պետք է մտածենք հաղթանակների մասին: Հայ ժողովուրդն անցել է բազում մաքառումների ճանապարհով, բայց դրանից չենք թուլացել, միշտ հաղթել ենք մեր հավատքով, մեր արժեհամակարգով, մեր միասնությամբ: Մեզ փրկելու է մեր հավատքը: Տեսնում ենք, թե ինչ ստեր են տարածում իշխանությունները, բայց նրանց բարբաջանքներն ունեն զրո ազդեցություն, պետք է ուղղակի նրանց նայել բարձրությունից և առաջ շարժվել: Այդ ձեռագրին դեռ 2018-ից ենք ծանոթ: Շակալները միշտ վերջում իրենց վերքերն են լիզում: Հիմա սրանց վերքերը լիզելու ժամանակն է եկել: