Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովգորոդի մարզի իր Վալդայի նստավայրում հանդիպել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն, երկու առաջնորդները քննարկել են «Միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական համագործակցությունը, համատեղ նախագծերը և տարածաշրջանային անվտանգության հարցերը»։
Նրանց հանդիպումը շարունակվել է դեմ առ դեմ ձևաչափով, հայտնում է բելառուսական կողմը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Լուկաշենկոն կարող են շարունակել իրենց բանակցությունները հունիսի 27-ին։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարություններ կամ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, ասել է Պեսկովը։
Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ։
Վերջին շրջանում հաճախակիացել են այն խոսակցությունները, թե փորձեր են արվում Բելառուսին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։
Օրերս այդ թեմային անդրադարձել էր Բելառուսի ՊՆ ղեկավարը։
Հարցը կտրուկ էր դրել նաև Լուկաշենկոն՝ օրերս ՌԴ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ինքը դեմ է նման փորձերին և որ այդ հարցը բազմիցս քննարկել է Պուտինի հետ։