Ո՞վ պետք է սահմանափակի թշնամու ախորժակը

Ո՞վ պետք է սահմանափակի թշնամու ախորժակը

Զրուցել ենք Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ, ով 2000-2012 թթ. եղել է Եվրախորհրդի կոնգրեսի անդամ, 1990-անների պատերազմների ժամանակ` Իջեւանի շրջանի ինքնապաշտպանության հանձնաժողովի նախագահը, Իջեւանի նախկին շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալը: 

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմի ռիսկերը կնվազեն, եթե մենք ունենանք լեգիտիմ, հստակ գծված սահման: Հավատա՞նք այդ խոսքերին: 

-  Չի կարող նման բան լինել, եթե բանակցություններ կոչվածը տարվում են, սահմանները գծվում են թշնամի երկրի ղեկավարի քմահաճույքներով, Ալմա-Աթայի հռչակագիր են մեջ բերում: Ալմա-Աթայի հռչակագիրը ընդամենը հռչակագիր է ՍՍՀՄ հանրապետությունների քաղաքակիրթ ապահարզանի մասին, որեւէ  քարտեզային հիմք` պետական սահմանի հետ կապ չունի: Այդ հռչակագիրը գոյություն է ունեցել եւ 2020թ-ին, եւ դրանից առաջ, երբ պայթեցին ռուս- վրացական, ռուս- ուկրաինական պատերազմները, կիրգիզա-տաջիկական-ուզբեկական սահմանային կոնֆլիկտները: Այդ հռչակագիրը ոչ մեկին չի փրկել բախումներից: Էլ չեմ ասում սահմանային սյուների հետ կապված: Այդ սյուները որեւէ երկրում խաղաղության երաշխիք չեն կարող հանդիսանալ: Երկրներ կան, որոնք ամուր բետոնյա պատնեշներով են սահմանազատված, բայց այդ երկրների միջեւ արյունահեղություն է տեղի ունենում: Օրինակ` պաղեստինա-իսրայելական պատերազմը:

- Իսկ ինչո՞ւ դադարեցվեց սահմանազատում կոչվածը: Ալիեւը Փաշինյանին կորցնելու վախի՞ց գնաց նման քայլի եւ դա ժամանակավոր բնույթ կկրի` շարժումը մարեցնելու համար: 

- Եկեք խնդրին գլոբալ նայենք: Պետք է դադարեցնել այս գործընթացը. սառեցնել, ընդհատել, կիսատ թողնել: Չի կարող պարտվող կողմը` նվաստացած վիճակում, հաղթող կողմի հետ առանց միջնորդների նստել բանակցությունների սահմանազատման հարցերի շուրջ: Երկրորդ. մենք  հայտարարում ենք, որ թշնամու ռազմական ներուժը քանի անգամ գերազանցում է մերին: Այն դեպքում, երբ թշնամու ախորժակը մեծանում է եւ սկսում է այլ պահանջներ դնել, պատերազմի սպառնալիք տակ` առանց միջնորդի: Ո՞վ պետք է սահմանափակի թշնամու ախորժակը: Երրորդ. եթե մենք հրաժարվել ենք միջնորդներից, ուրեմն անընդհատ բավարարելու ենք թշնամու պահանջները: Հակառակ դեպքում, մեր երկրի գլխին դամոկլյան սրի նման միշտ կախված է լինելու պատերազմի վտանգը: Եվ վերջինը` անհասկանալի փոխակերպում տեղի ունեցավ բանակցությունների հարթակում. Արեւմտյան հարթակից անցում դեպի ՀԱՊԿ-ի տիրույթ` Ղազախստան, թուրանական աշխարհ: Պատերազմ չունենալու համար սահմանազատումը պետք է իրականացնել միջազգային իրավունքի հիման վրա, միջազգային երաշխիքների ներքո եւ մասնակցությամբ: Կազմաքանդված բանակը եւ դիվանագիտությունը ուժեղացնել, գտնել միջազգային գործընկերներ, իրական  դաշնակիցներ: Թե չէ` բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, հստակ գծված սահման ենք ուզում ունենալ: Բայց այս թվարկածս խնդիրները չկարգավորելու պայմաններում, այսպիսի իրավիճակում չի կարելի գնալ սահմանազատման: Դա ուղղակի աններելի է։