Կլիմայի փոփոխությունը կարող է նոր պատուհասի պատճառ դառնալ, ինչի մասին է խոսքը

Կլիմայի փոփոխությունը կարող է նոր պատուհասի պատճառ դառնալ, ինչի մասին է խոսքը

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ կլիմայի փոփոխությունը կարող է ընդլայնել այն մոծակների բնակության շրջանը, որոնք մալարիայի, դենգե տենդի, Զիկա վիրուսի եւ այլ՝ մարդու կյանքի համար վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ են տարածում։ Նշվում է, որ մոծակները հանդիսանում են մեր մոլորակի ամենամահաբեր միջատները, որոնք կարող են առաջացնել սուր ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներ։ Տարեկան նրանց տարածած հիվանդություններից մահանում է երկու միլիոն մարդ։ Գիտնականները նշում են, որ կլիմայական փոփոխությունները կարող են ընդլայնել, նեղացնել կամ առհասարակ փոփոխել մոծակների բնակության շրջանները։

Այսպես, ավելի բարձր ջերմաստիճանները կարող են ընդլայնել մոծակների բնակության շրջանները դեպի բեւեռներ ուղղությամբ, այն դեպքում, երբ հասարակածում, շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում մոծակներն այլեւս չեն կարողանա բնականոն կյանք վարել։ Այս փոփոխությունները կարող են առաջացնել նրանց տարածած հիվանդությունների բռնկումների նոր օջախների առաջացման ռիսկեր։

Ուշագրավն այն է, որ ամերիկացի գիտնականների կողմից գիտափորձերում ներառված մոծակների թվով 9 տեսակներն էլ կլիմայական պայմանների փոփոխությունների հանդեպ բավականին կայունություն են ցուցաբերել։