Շատ նման է 2018-ի ապրիլի 23-ին

Շատ նման է 2018-ի ապրիլի 23-ին

Բագրատ սրբազանը դեռ չի հասել Հանրապետության հրապարակ, սակայն հրապարակն արդեն լեփ լեցուն է եւ մարդկանց հոսքը չի դադարում: Մարդիկ` խմբելով ժամանում են տարբեր կողմերից: Լրագրողները չեն հասցնում ֆիքսել այդ ամենը: Մի կողմից դիվանագետների խումբ է մտնում, մյուս կողմից` ուսանողները, երրորդ կողմից` գրողները: Գալիս են նաեւ մարզերից: Մարդիկ հույսի շող են տեսել եւ հավատում են, որ այսօրվա զանգվածի քանակից է կախված Հայաստանի ճակատագիրը եւ Նիկոլ Փաշինյանի հեռացման հավանականությունը:

Շատ հուզիչ տեսարան է` ներկաներից ոմանց աչքերը թաց են: Խմբագրություն զանգահարած քաղաքացին հենց նոր ասում էր, որ ամեն ինչ շատ նման է 2018-ի ապրիլի 23 -ին` «Սերժի վերջին օրվան» եւ վստահ էր, որ հենց այսօր իշխանափոխության հարցը լուծվելու է: Իհարկե, գրագետ մարդիկ հասկանում են, որ այս զանգվածը հակաօրինական քայլերի չի գնա` ինչպես 2018 թվականին գնաց Նիկոլ Փաշինյանը` կաթվածահար անելով ողջ հանրապետությունը, բայց ամեն դեպքում` ձայն բազմաց, ձայն Աստծո:

Ի դեպ. ոստիկանների պահվածքն էլ է շատ նման 2018-ին` նրանք ոչ մի միջամտություն չեն դրսեւորում, շատ հարգալից են մարդկանց նկատմամբ, ինչը խոսում է այն մասին, որ մեծաթիվ բազմությունից բոլոր իշխանություններն են վախենում` անգամ ոստիկանությանը մահակ դարձրած նիկոլական իշխանությունը: