Ոստիկանները շատ ջերմ էին, բայց никогда не говори никогда․ Արամո

Ոստիկանները շատ ջերմ էին, բայց никогда не говори никогда․ Արամո

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն դեռևս մայիսի 6-ին է միացել Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը։ 

«Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես արտիստ, որպես մարդ, պետք է լինեմ իմ եկեղեցու կողքին՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Եվ այս երթը հենց ճշմարտության երթն է, որ սուտը պետք է վերջնականապես տապալվի»,-ասաց Արամոն։

Վաստակավոր արտիստը նշեց, որ շարժման էներգետիկան ֆանտաստիկ է, որովհետև շարժումը լցված է սիրով, բռնություն չկա, ճշմարտություն, լույս ու ժպիտ կա, ամենալավ, դրական էմոցիաներն են տիրում։

Անդրադառնալով ոստիկանության և ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրություններին, որոնցով զգուշացնում էին քաղաքացիներին օրինազանց արարքների չդիմել, ասաց, որ իշխանության տեսանկյունն է այդպիսին, ի՞նչ ասի։

«Այո, ասում են ամեն մի իրադարձություններում այդ օրգանը պիտի իր ասածն ասի, բայց այստեղ երթը հանգիստ գնում է, մարդիկ ի՞նչ են անում՝ իրենց ճշմարտության, իրենց լույսի, իրենց ապագայի, իրենց եկեղեցու համար դուրս են եկել, մեր քույր, եղբայրները գալիս են։ Փառք Աստծո, որ ոստիկաններն էլ են շատ ջերմ վերաբերվում, ես դա տեսել եմ, ոստիկանները շատ ջերմ, ոչ մի ագրեսիա, ոչ մի բան չկա մեր ժողովրդի, քայլերթի դուրս եկածների նկատմամբ՝ ասում եմ այն, ինչ տեսել եմ»,-ասաց Արամոն։

Հարցին, արդյոք մտավախություն չունի՞, որ իշխանություններն, այնուամենայնիվ, կդիմեն բիրտ ուժի, ասաց` մտավախությունը կա․ «Ամեն ինչ սպասելի է, բայց չեմ կարծում, ուզում եմ մտածել, որ չի լինի, բայց никогда не говори никогда։ Ես ուզում եմ, որ իսկապես մեր հանրությունը սթափվի, մոլորվածները հասկանան, որ ճշմարտության, լույսի մեջ հայրենիքի մեր ապագայի մասին է խոսքը, մեր մշակույթի մասին է խոսքը, եթե մի բան չփոխեք, մենք կորցնում ենք ոչ միայն մեր մշակույթը, մեր հոգևորը, ոչ միայն տարածքները, մենք ընդհանրապես դառնում ենք տարածք, իսկ մենք ունենք պետականություն, մեր հիմնը, մեր եկեղեցին, մեր դրոշը և այն մարդիկ, ովքեր ապրում են և ուզում են ապրել ազնիվ, մաքուր լույսերի մեջ»։