Միրզոյան-Բայրամով հանդիպումը 4 ժամ է տևել․ ի՞նչ է հայտնի

Միրզոյան-Բայրամով հանդիպումը 4 ժամ է տևել․ ի՞նչ է հայտնի

Ալմաթիում՝ Բարեկամության տուն կոչվող հաստատությունում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների առաջին փուլը։ 
Դրանք տևել են շուրջ չորս ժամ։ Հայտնի է, որ բանակցությունները կտևեն երկու օր և կշարունակվեն նաև վաղը՝ մայիսի 11-ին։

Ավելի վաղ, նախարարները հանդես են եկել հայտարարություններով։ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին այսօր Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է Sputnik Ղազախստանը։

«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները», -ասել է Միրզոյանը։ Նա հավելել է նաև, որ Հայաստանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։

«Մենք բանակցային գործընթացում ներգրավված ենք շատ կառուցողական»,- ասել է նա։
Բայրամովն իր հերթին համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար:

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լավ աշխատել այս երկու օրը, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի շուրջ»,– ասել է նա։

Բաքվի դիվանագետի պնդմամբ, վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրություն ստորագրելու փաստն է, որը սկիզբ դրեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին: Ադրբեջանում, ըստ Բայրամովի, հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացին։ Նա նաև նշել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տեղամասերը, հստակեցվել են աշխարհագրական կոորդինատները: Այդ հատվածում գրեթե ավարտվել է սահմանային սյուների տեղադրումը։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/