Պատերազմել Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

Պատերազմել Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

Այս երկու հնարավոր տարբերակներից Նիկոլ Փաշինյանն ընտրություն է կատարել հօգուտ երկրորդի: Նրան թվում է, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին հաղթելն իր համար ավելի հեշտ կլինի, եւ այդ հաղթանակն իրեն կապահովի իշխանություն Հայաստանի նկատմամբ եւս որոշ ժամանակով, որովհետեւ հաղթողներն իշխանություն են ստանում պարտվածների նկատմամբ: Մինչեւ հիմա նրա այս ընտրությունը ճիշտ է եղել, եւ իրեն հաջողվել է հաղթել Հայաստանին: Ասում են` հնդկահավի համար էլ տարվա 364 օրերն անցնում էին ուրախ եւ ապահով, մինչեւ գալիս է Գոհաբանության օրը: 

Փաշինյանն ասում է, որ եթե ինքը Հայաստանից տարածքներ չզիջի Ադրբեջանին, ապա դա բերելու է պատերազմի Ադրբեջանի դեմ: Հազար անգամ է ասվել, որ այն, ինչ հիմա անում է նա, սահմանազատում չէ, որովհետեւ չկա որեւէ համաձայնեցված քարտեզ կամ սահման, որի հիման վրա իրականացվում է այդ սահմանազատումը: Փաշինյանը Հայաստանի եւ իր տարածքում ապրող հայ մարդկանց հողի եւ ունեցվածքի հաշվին միակողմանի զիջումներ է կատարում Ադրբեջանին: Ադրբեջանը պահանջում է սա հանձնել, նա հանձնել, նա կատարում է Ադրբեջանի պահանջները՝ դրանով իսկապես կանխելով Ադրբեջանի հետ պատերազմի հնարավորությունը: Ադրբեջանի համար ի՞նչ իմաստ ունի պատերազմել` մարդկային եւ նյութական ռեսուրս ծախսել ինչ-որ նպատակների հասնելու համար, այն էլ՝ խիստ կասկածելի հեռանկարով, եթե Հայաստանը կամավոր կատարում է իր պահանջները, կամավոր հանձնում է այն, ինչ ինքը պահանջում է: Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու մինչ օրս առաջ քաշած պահանջներով, դեռ այս պահանջներն ամբողջովին չկատարած՝ Ալիեւը նոր պահանջներ է ներկայացնում եւ դարձյալ նույն տրամաբանությամբ` եթե չտաս, պատերազմ կլինի:

Ադրբեջանի պահանջների շարունակական կատարումն իր համար ապահովում է իշխանության երկարաձգում, համենայնդեպս, մինչեւ հիմա այդպես է եղել: Այսինքն՝ մի բան զիջում է, դրա փոխարեն Ադրբեջանը թողնում է, որ մի քանի ամիս էլ մնա իշխանության ղեկին, եւս մի քանի ամիս իրեն երջանիկ զգա Հայաստանի վարչապետի կարգավիճակում: Հետո գալիս են նոր պահանջները, դրանց շուրջ իբրեւ թե մի քանի ամիս բանակցում են, Փաշինյանը Հայաստանին համոզում է, որ ստիպված պետք է կատարենք, թե չէ պատերազմ կլինի, իսկ մենք պատրաստ չենք պատերազմի, պատերազմ չենք ուզում, ուստի ելքը մեկն է` հանձնենք պրծնենք:

Ադրբեջանի պահանջները բավարարելն ապահովում է լոյալություն Ադրբեջանի եւ դրա ղեկավարի կողմից, բայց իր դեմ է հանում Հայաստանին եւ հայությանը, որոնց հաշվին արվում են այդ զիջումները: Խուսափելով Ադրբեջանի դեմ պատերազմից՝ Փաշինյանը փաստացի կանգնել է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ պատերազմելու հեռանկարի առաջ: Նրան թվում է, որ ինքն ընտրել է ավելի թույլ հակառակորդի, որ Ադրբեջանին հաղթելն իր համար անհնար էր, իսկ, ահա, Հայաստանին եւ հայ ժողովրդին կկարողանա հաղթել: Դե, Ադրբեջանի դեմ մի քանի անգամ պատերազմելու փորձ ունի, եւ բոլոր պատերազմներն էլ ավարտվել են խայտառակ պարտությամբ ու նվաստացմամբ: Ալիեւին հնարավոր չէ խաբել, դեմագոգիայով եւ խոստումներով համոզել, սիրաշահել, նա պահանջում է կոնկրետ զիջումներ, իսկ ահա Հայաստանին եւ հայությանը 6 տարի շարունակ հաջողվում է ե՛ւ սիրաշահել, ե՛ւ խաբել ու մոլորեցնել, իսկ պետք եղած ժամանակ` բռնությամբ ճնշել եւ վախեցնել: Իր տրամաբանությամբ՝ եթե վեց տարի շարունակ հաջողվել է, ուրեմն հիմա էլ կստացվի, ճիշտ է` համոզելն ու խաբելն այնքան էլ հեշտ չեն լինի, դրա համար չի ասում` սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց գոնե ճնշել, վախեցնել ու ահաբեկել կստացվի: Ի վերջո, ինքը դրան է պատրաստվել այդ 6 տարիների ընթացքում: Բանկ չի սարքել, զինվորների ու սպաների աշխատավարձը չի բարձրացրել, նրանց համար ծառայության նորմալ պայմաններ չի ապահովել, ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա չի գնել, փոխարենը` փող չի խնայել ոստիկանական համակարգ ստեղծելու վրա: Ոստիկաններին ապահովել է ամենաժամանակակից եւ թանկարժեք մեքենաներով, զինվորականներից մի գլուխ բարձր աշխատավարձով ու դրամական խրախուսման այլ մեթոդներով: Մի խոսքով, ստեղծել է այնպիսի ոստիկանական համակարգ, որն իր բազմամարդությամբ եւ քաղաքացիական անձանց նկատմամբ դրսեւորած անողոք ու հակամարդկային վարքագծով ահուսարսափ տարածի հասարակության մեջ:

Բայց ոնց որ Փաշինյանի հաշվարկը հերթական անգամ սխալ է դուրս գալիս: Նրան առաջիկայում սպասվում է հերթական եւ վերջնական պարտությունը, այս անգամ՝ Հայաստանից եւ հայ ժողովրդից: Հայաստանը երկար հանդուրժեց փաշինյանական կեղծիքը, դեմագոգիան, պոպուլիզմն ու սպառնալիքները: Ռուսական ասացվածք կա. «Ռուսները երկար են պատրաստվում, բայց արագ են գնում»: Հիմա մերն է` 6 տարի դիմացանք եւ հանդուրժեցինք, բայց 6 օրում հնարավոր է լուծել Հայաստանում արդարության վերականգնման հարցը:

Ավետիս Բաբաջանյան

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/