Անգամ Ծառուկյանի` եկեղեցուն սատարող նյութը, շարժման ուղիղ եթերներն է ջնջել ֆեյսբուքը

Անգամ Ծառուկյանի` եկեղեցուն սատարող նյութը, շարժման ուղիղ եթերներն է ջնջել ֆեյսբուքը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը իշխանություններին սարսափի հերթական նոպայի մեջ է գցել: Իշխանությունն իր ֆեյսբուքյան բանակն է գործի դրել եւ ֆեյքերի ՊՈԱԿ-ը գերակտիվ է սոցցանցերում: Հատկապես արագությամբ արգելափակում են լրատվամիջոցների եւ անհատ անձանց` ընդդիմադիրների ֆեյսբուքյան էջերը, նյութեր են ջնջում ֆեյսբուքից, սահմանափակում են տեսանելիությունը: Պարզ է, որ այս մասսան մնացել է հին կլիշեների շրջանակներում, մինչդեռ գոնե անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների լսարանը հետզհետե տարանջատվում է ֆեյսբուքից եւ մարդիկ արդեն ուղիղ համացանցում են կարդում նորությունները: Իսկ հանրային կարծիքն ու վերաբերմունքը գրեթե կապ չունի ֆեյսբուքյան լսարանի կարծիքի ու վերաբերմունքի հետ: Դրա մասին էր վկայում նաեւ այն բազմահազարանոց հավաքը, որը տեղի ունեցավ մայիսի 9-ին` Հանրապետության հրապարակում: 

Ամեն դեպքում փորձեցինք հասկանալ, թե ինչով է Բագրատ Սրբազանը առաջացրել ֆեյսբուքյան գրաքննիչների եւ անձամբ Մարկ Ցուկերբերգի զայրույթը, որ նրա հետ կապված ցանկացած հրապարակում, անգամ նրա նկարները ֆեյսբուքը ջանադրաբար ջնջում է, այնպես ինչպես Մոնթե Մելքոնյանի լուսանկարներն էր ժամանակին ջնջում: Բայց եթե Մոնթեն զենքը ձեռքին կռված մարտիկ է, ապա Սրբազանը համերաշխության, բարեկրթության կոչեր է անում միայն, հայրենիքի պաշտպանության ու փառաբանմամբ է հանդես գալիս: Չէ որ մինչ օրս մեզ համոզում է, որ ՖԲ-ն հեռացնում է ատելության խոսքը, ագրեսիան, պատերազմի կոչերն ու թշնամանքը: 

Լրագրող Սյուզի Բադոյանը «Հրապարակին» պատմեց, որ ժամեր առաջ իր անձնական ֆեյսբուքյան էջից մեծ թվով հրապարակումներ են ջնջվել: Լրագրողը նշեց, որ Lurer.com կայքի ֆեյսբուքյան էջը նույնպես արգելափակված է.

«Իմ անձնական էջից ժամեր առաջ գրառումներ են ջնջել, իսկ այսօր արդեն Lurer.com-ի հիմնական էջն են ջնջել, անգամ ջնջել են ուղիղ եթերները: Սովորաբար ուղիղ եթերները չէին ջնջում, ջնջում էին միայն յութուբյան էջեր: Yerevan today-ի ու «Առավոտ»-ի դեպքում այդպես եղավ: Ավելի քան ինը տարվա ինֆորմացիան ջնջել էին: Բայց հիմա ջնջել են արդեն ուղիղ եթերները, դա ինձ համար նորություն էր: Հատկապես ջնջում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին նյութերը: Օրինակ` իմ անձնական էջից ջնջել էին պարզապես ոստիկանների լուսանկարներ: Հոգևորականների երգի հրապարակումն են ջնջել, ջնջել էին նաև մի հրապարակում, որտեղ մարդիկ քաջալերման խոսքեր էին պարզապես ասում:  Ջնջել են Mediahub-ից շեյր արած մի նյութ: Արդեն մի քանի լրատվամիջոցներից ստացել եմ զանգեր, որ անգամ լրագրողների անձնական էջերն են կոտրում: Բնականաբար այս ամենի ետևում կանգնած է նա, ում խանգարում է այս ամենը: Ես տեղեկություն ունեմ, որ ոստիկանությունում աշխատանքային խումբ է ստեղծվել` անանուն մի խումբ, որը զբաղվում է ոչ լեգալ աշխատանքներով` հատուկ էջերի ստուգմամբ: Երբ Նարեկ Մալյանին ձերբակալեցին, այդ ժամանակ էլ էր ոստիկանությունն ինչ-որ տեսանյութ ներբեռնել: Այնպես որ սա արդեն փաստ է, որ նման գործունեություն են ծավալում»-, ասաց Սյուզի Բադոյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168 ժամ լրատվական կայքի ու համանուն թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց. «168-ի աշխատակիցները նույնպես նկատել են, որ նյութեր են ջնջվում, իբրև գովազդ պարունակելու համար, կամ այլ պատճառներով: Անգամ Գագիկ Ծառուկյանի` եկեղեցուն սատարող նյութն էր ջնջվել մեզ մոտից: Ընդ որում, այդտեղ ոչ ատելության խոսք կար, ոչ էլ քննադատություն, պարզապես Ծառուկյանը եկեղեցուն էր պաշտպանել: Աշխատում են խայտառակ ծավալի ֆեյքեր ու ադրբեջանցիներ: Փաստացի լրատվամիջոցների վրա հարձակումներ են գործում: Բայց կայուն լսարան ունեցող լրատվամիջոցների վրա, ըստ էության, այդ ամենը չի ազդում», - նշում է Սեյրանյանը: