Սպորտ

Պատրաստվում եմ մասնակցել համաշխարհային օլիմպիադային, սպասելիքներս մեծ են․ Ռոբերտ Հովհաննիսյան

Պատրաստվում եմ մասնակցել համաշխարհային օլիմպիադային, սպասելիքներս մեծ են․ Ռոբերտ Հովհաննիսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, ՀՀ առաջնության եռակի հաղթող (2011, 2024, 2025) Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Ֆրանսիայում կայացած «Dole Open 2026» միջազգային մրցաշարի հաղթող։ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել տիտղոսակիր գրոսմայստերին։

- Դուք և մեր շախմատային ազգային ընտրանու մեր մյուս անդամ Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում ոչ մի պարտություն չկրեցիք, իսկ վճռրորոշ փուլում՝ թայմ-բրեյքով 2։0 հաշվով առավելությունն ու վերջնական հաղթանակը ձերն էր։ Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ ձեր խաղացած պարտիանները և ո՞րն էր դրանցից, ըստ ձեզ, ամենատվապորիչն ու դրամատիկը։

- Մրցաշարը հաջող ստացվեց ինձ համար, գոհ եմ նաև իմ ցուցադրած խաղի որակից։ Ամենահիշարժանը, երևի, 2-րդ տուրում խաղացած պարտիայից Թեոդորա Ինյացի դեմ էր, որում ստացել էի շատ վատ դիրք ու ամեն գնով փորձում էի բարդացնել դիրքը, որն այդքան էլ բնորոշ չէ իմ խաղաոճին։ Ի վերջո, կարողացա հաղթել այդ պարտիան։

- Փաստորեն միջազգային մրցասպարեզում Հայաստանը շարունակում է «տոն տալ» և հիշեցնել մեր փոքրիկ երկրի շախմատային գերտերություն լինելու մասին։ Հետաքրքիր է, ձեզնից և Հայկից բացի՝ մեր այլ հայրենակիցներ մասնակցու՞մ էին իմաստուն խաղի միջազգային ստուգատեսին։

- Մրցաշարում խաղում էին նաև մի շարք մեր հայրենակիցներ։ Մասնավորապես ուզում եմ առանձնացնել Սերգեյ Սկլոկին-Բագիյանին (Հայաստանը ներկայացնող շախմատիստ է, միջազգային վարպետ-խմբ․), ով տաղանդավոր երիտասարդ շախմատիստ է և մեծ հույսեր ենք կապում նրա հետ։

- Կնկարագրե՞ք ինչո՞վ է հայտնի, ի՞նչ առանձնահատկություն ունի «Dole Open 2026» մրցաշարը։ Ի՞նչ մասնակիցների կազմ էր հավաքել այն այս անգամ։

- «Dole Open»-ը մի շարք մրցաշարերից է, որոնք FIDE Circuit մրցաշարերի ցանկում են, և շախմատիստները կարողանում են միավորներ հավաքել հավակնորդների մրցաշարի համար պայքարելու համար։ Պատահական չէ, որ խաղում էին այնպիսի ուժեղ շախմատիստներ, ինչպիսիք են՝ Նեպոնյաշչին, Տաբատաբային, Մաղսուդլոն և այլն։

- Առաջիկայում ո՞րն է ձեր հաջորդ մրցահարթակը և ի՞նչ սպասելիքներ ունեք։ Գիտենք, օրինակ, այս տարի չմասնակցեցիք ՀՀ առաջնությանը՝ գործող չեմպիոն լինելով հանդերձ։

- Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Հայաստանի հավաքականի կազմում սեպտեմբերին Ուզբեկստանում անցկացելիք համաշխարհային օլիմպիադային։ Սպասելիքները մեծ են, տեսնենք՝ ինչ կստացվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image