Միստիկ փիլիսոփայության ակունքներում

Միստիկ փիլիսոփայության ակունքներում

Միստիկ փիլիսոփայությունը, որպես գիտության ճյուղ, Հայաստանում ձեւավորվել է մեր թվարկության 21-րդ դարի 20-ական թվականների առաջին հնգամյակում, իսկ ավելի կոնկրետ՝ այն բանից հետո, երբ Բագրատ սրբազանն իր քայլերթն սկսեց Տավուշի մարզի Կիրանցից եւ նոր էր անցել Դիլիջանը, երբ ՀՀ իշխանությունների քանքարավոր ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին, որովհետեւ նրանց աչքերից ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ համոզվածությունը՝ ի տարբերություն իրենց դահիճների, որոնց պսպղուն աչքերի խորքում կեղծ բարեպաշտություն է միայն»: Որքանով է Հովիկ Աղազարյանի այս միտքը միստիկա, եւ ինչ տեսակարար կշիռ ունի այդ մտքի մեջ փիլիսոփայությունը՝ այսօր կխոսենք այս մասին:

Նախ նշենք, որ ինկվիզիցիան՝ հավատաքննությունը, կաթոլիկ եկեղեցուն հատուկ երեւույթ է եւ ընդգծված դրսեւորումներ Հայ առաքելական եկեղեցում չի ունեցել: Հայերը, ճիշտ է, առաջինն են աշխարհում պետականորեն ընդունել քրիստոնեությունը, բայց այնպիսի հերետիկոսներ չեն տվել աշխարհին, որոնց հետո ինկվիզիցիան պետք է խարույկ հաներ կամ հանձներ քաղաքացիական դատարաններին, որ վերջիններս կայացնեին մահապատժի վճիռներ: Եվ ապա՝ ինկվիզիցիան, կարելի է ասել, մահացել է ուշ վերածննդի դարաշրջանի հետ: Վերջին ինկվիզիցիոն մարմինների գործունեությունը թվագրվում է 1600-ական թվականներով եւ աննշան ձերբակալություններից ու թեթեւ հետապնդումներից այն կողմ չի անցել: Հետեւաբար, կարող եմ ասել, որ Բագրատ սրբազանի կերպարում ինկվիզիցիայի ներկայացուցչի տեսնելը, մի բան, որ արել է Հովիկ Աղազարյանը, միստիկայի ժանրից է: Միստիկան, սակայն, ոչինչ է, եթե այն համեմված չէ խոր փիլիսոփայությամբ: Եվ այստեղ գործել է Հովիկ Աղազարյանի ամենաթափանց միտքը․ որպեսզի հասկանանք, թե որքան վատ բան է ինկվիզիցիան, պետք է նայել հերետիկոսների աչքերի մեջ, որովհետեւ այդ «աչքերից ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ համոզվածությունը»: Իշխանության, իսկ ավելի ճիշտ՝ ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանն ասում է՝ ես նախանձում եմ հերետիկոսներին: Այսպես ծնվեց մեզանում միստիկ փիլիսոփայությունը:

Ինչպես ամեն նոր գիտաճյուղ, այս գիտաճյուղը եւս կարոտ է որոշակի պարզաբանումների, քանզի հասարակ ժողովուրդը, որպես կանոն, դժվարանում է միանգամից ու ամբողջությամբ ընկալել մեծ փիլիսոփաների նորահայտ մտքերը՝ որ բնագավառին էլ որ դրանք վերաբերեն: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք ահագին հնացած եւ բավականին մոռացված «ինկվիզիցիա» բառի եւ «ինկվիզիցիայի զոհեր» բառակապակցության հետ, որոնք հատկապես Փաշինյանի իշխանության տարիներին լուրջ տրանսֆորմացիաների են ենթարկվել: Ինկվիզիցիան, օրինակ, պետական մակարդակի է հասցվել: 5-րդ դարից սկսած, մինչեւ համեմատաբար վերջին շրջանի Հռոմի պապերը կերազեին դրա մասին: Նրանք բռնել էին տալիս քաղաքացիներին, քննում, հայտարարում հերետիկոս եւ հանձնում աշխարհիկ դատարաններին՝ դատելու: Փաշինյանն ինքը բռնում է, ինքը քննում, ինքը հայտարարում հերետիկոս, ինքն էլ դատարաններին հանձնարարում՝ ինչպես դատել ու ինչքան նստեցնել: Այսինքն՝ Հայաստանում այսօր ամենաբարձր՝ պետական մակարդակի ինկվիզիցիա (հավատաքննություն) գոյություն ունի:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չթվա, կարդացեք, խնդրեմ, այս փոքրիկ պատմական ակնարկը եւ այն համեմատեք Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տված հրահանգի հետ, որ վերաբերում էր սատանաներ բռնելու գործին: Ուշադրություն դարձրեք նաեւ այդ օրերի Հռոմի պապի անվանը. «15-րդ դարի վերջում, երբ Եվրոպայում սկսեցին տարածվել սովորական բնակչության մեջ վհուկների՝ սեւ ուժերի հետ պայման կապածների զանգվածային առկայության մասին պատկերացումները, հավատաքննության իրավասությունների մեջ մտան նաեւ վհուկների դատական գործընթացները։ Միաժամանակ վհուկների վերաբերյալ դատավճիռների ճնշող մեծամասնությունը կայացրին կաթոլիկ եւ բողոքական երկրների աշխարհիկ դատարանները: Չնայած հավատաքննությունն իրականում հետապնդում էր վհուկներին, նույնկերպ էր վարվում նաեւ ցանկացած աշխարհիկ կառավարություն։ 16-րդ դարի վերջին հռոմեական հավատաքննիչները լուրջ կասկածներ հայտնեցին վհուկության բազմաթիվ մեղադրանքների դեմ։ 1451 թվականից Հռոմի պապ Նիկոլայ 5-րդը հավատաքննության իրավասությանը հանձնեց նաեւ հրեական կողոպուտների գործը։ Հավատաքննությունը պետք է ոչ միայն պատժեր կողոպտիչներին, այլեւ պետք է նախազգուշացներ, կանխարգելեր բռնությունը»:

Եվ, ուրեմն, ո՞ւմ նկատի ունի Հովիկ Աղազարյանը՝ «ինկվիզիցիա» եւ «ինկվիզիցիայի զոհ» ասելով: Ինկվիզիցիան, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, իսկ ինկվիզիցիայի զոհերը՝ այդ կառավարության դեմ պայքարողները: Հովիկ Աղազարյանը, փաստորեն, իրավացիորեն նախանձում է վերջիններին, հիանում նրանց աչքերով, ի տարբերություն նրանց «դահիճների պսպղուն աչքերի, որոնց խորքում կեղծ բարեպաշտություն է միայն»:

ՀԳ. Այս հոդվածը դեռ գրվում էր, երբ հեռուստաէկրանին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի դեմքը, ու նա սկսեց ասուլիս տալ: Ինչպեսեւ հուշել էր Հովիկ Աղազարյանը, իսկույն նայեցի աչքերին: Կեղծ բարեպաշտություն եւ ունայնություն: Երբեմնի հզոր ինկվիզատորը կուռկուռի ձագ է դարձել: