Ոչ թե աշխարհաքաղաքացի, այլ հայ մարդ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Զարմանալ կարելի է, թե ինչպիսի համառությամբ այսօրվա ռազմաքաղաքական ընտրանին այդպես էլ չի ուզում հասկանալ, որ սին են իր եւ Փաշինյան Նիկոլի հույսերն ու «կաղապարված պատկերացումներն» այն մասին, թե իբր ազգային արժեհամակարգը զիջելով կամ, որն ավելի հարազատ է իրենց խոսույթին` ազգայնականության ազդեցությունը պետության վրա փոքրացնելով, մեզ թշնամի նշանակած միջավայրի հետ կկարողանանք խաղաղության հասնել:
Այս իմաստով, վտանգավորն ամենեւին էլ միայն այն չէ, որ այս պետության եւ նրան թշնամաբար տրամադրված միջավայրի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների մասին այսպիսի «կաղապարված պատկերացումներ» ունեն, որ խաթարվում են «պետություն» եւ «միջավայր» հասկացությունների մասին մեր ունեցած պատկերացումները, այլ նաեւ այն, որ այդպիսի «կաղապարված պատկերացումների» պատճառով, Նիկոլի ու նիկոլականների պատկերացումների նման, «խաթարված ու կաղապարված» են դառնալու նաեւ ինքնիշխանության մասին մեր պետության ու պետականության ունեցած պատկերացումները: Դրանք՝ այդ պատկերացումները, դառնալու են պատկերացումներ, որոնք ոչ թե պետություն «ունենալուն կամ չունենալուն», այլ իշխանություն «պահելուն կամ չպահելուն» են վերաբերելու, դառնալու են պատկերացումներ, որոնք ոչ թե պետության ինքնիշխանությունը «մեծացնելու կամ չմեծացնելու», այլ պետության «բովանդակազրկման ու հանձնվողականության» մասին են լինելու:
Իհարկե, մենք հասկանում ենք, թե «Նիկոլի ու նիկոլների» ինչին է պետք պետության եւ ինքնիշխանության մասին այսպիսի խեղված պատկերացումներով պետություն ունենալը: Բայց, այ, ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե աշխարհում ապրող 10-12 միլիոն հայության այդ ինչին է պետք, որ նա ունենա-պահի մի պետություն, որը ոչ միայն հայության եւ հայկականության մասին չէ, այլեւ, վերջնահաշվարկում, նաեւ նրա արժեհամակարգի հակառակորդը կարող է դառնալ:
Այո, այդ իմաստով, նիկոլիզմի պատկերացրած Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ որեւէ առնչություն չունեցող պետություն է, այլեւ այն հայ մարդուց եւ Հայաստանի քաղաքացուց «աշխարհաքաղաքացի կերտելուն» վերաբերող նախաձեռնություն է: Եվ եթե այդպես է, ապա ուզում ենք հասկանալ, թե այդ ինչու պիտի Նիկոլին այդքան պետք ու նրա կողմից այդպես «պաշտպանվող» պետության համար, իր` Նիկոլի ու նիկոլների փոխարեն, հայ մարդն ու Հայաստանը վճարեն: Վճարեն իրենց չարքաշ աշխատանքով, վճարեն իրենց զավակների կորստով, վճարեն իրենց հայրենիքը կորցնելով:
Իհարկե, մենք հասկանում ենք, թե այդ պետությունը Փաշինյան Նիկոլի ինչին է պետք: Դա նրան պետք է, որովհետեւ այդ պետությունում ինքը թագավոր է: Իհարկե, մենք գիտենք նաեւ, թե այդ պետությունը մյուս «նիկոլների» ինչին է պետք: Նրանց էլ պետք է, որովհետեւ այդ պետությունում իրենք իշխանիկներ են: Բայց թե այդ ինչու պետք է աշխարհում ապրող 10-12 միլիոն հայերն ամեն ինչ զոհեն ու կորցնեն այդ պետությունը պահելու համար, այ, հենց դա է, որ չենք կարողանում ու երբեք էլ չենք հասկանա:
Չենք հասկանա, որովհետեւ գիտակցում ենք, որ եթե հայ մարդն ու հայությունն այդքանը պետք է անեն միայն «աշխարհաքաղաքացի դառնալու» համար, ապա նրանք դա՝ «աշխարհաքաղաքացի դառնալը», կարող են անել նաեւ այս երկրի սահմաններից դուրս, մանավանդ, որ այդ դեպքում ինչ-որ անհասկանալի պետություն պահելու, ինչ-որ անհասկանալի պետության համար իրենց երեխաների կյանքը վտանգելու պարտականություն չեն ունենա:
Այնպես որ, եթե ուզում ենք, որ մեր պետությունն ապրի ու ինքնիշխանություն ունենա, եթե ուզում ենք, որ այս պետությունն աշխարհասփյուռ հայ ժողովրդի ու Հայաստանի քաղաքացու կողմից պաշտպանված պետություն լինի, ապա նրան պետք է առաջին հերթին իր հայկական բովանդակությունը վերադարձնենք, նրան պետք է նպատակ ու երազանք ունեցող երկրի արժանապատվությամբ զինենք եւ, վերջապես, նրան պետք է իր արժանապատվության համար պայքարող պետություն դարձնենք:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ