«Մենք այդքան դժվարությամբ ազատվեցինք ռուսներից»․ Բաքվում հիստերիա է

«Մենք այդքան դժվարությամբ ազատվեցինք ռուսներից»․ Բաքվում հիստերիա է

Ռուսաստանի արտգործնախարարության՝ օկուպացված Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին լուրը փոթորկումներ է առաջացրել ադրբեջանական հանրության շրջանում և, ինչպես իրենք են պնդում, բացասական վերաբերմունքի է արժանացել շարքային քաղաքացիների կողմից։ 

«Ռուսաստանին ինչի՞ն է պետք Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտում) գլխավոր հյուպատոսություն, եթե այնտեղ Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի չկա, Շուշիում և Աղդամում (Ակնա) նույնպես։ Իսկապե՞ս ուզում են դաղել հայերիին. այնտեղ «աղով չլցված» տեղեր չկան, ապա էլ որտե՞ղ և ինչու՞ւ»,- հարցնում են նրանք սոցիալական ցանցերում։

«Մենք այդքան դժվարությամբ ազատվեցինք ռուսներից։ Այստեղ ինչ-որ թաքնված օրակարգ կա։ Միգուցե սա ոչ թե հյուպատոսություն կլինի, այլ հետախուզական կենտրոն։ Ռուսները ցանկանում են տարածաշրջանը պահել իրենց վերահսկողության տակ և ցույց տալ մեզ իրենց մկանները։ Երբ մեր քաղաքացիները վերադառնան Ստեփանակերտ, ռուս զբոսաշրջիկներ հայտնվեն, մենք ինքներս կմտածենք ու կորոշենք, թե որտեղ բացենք հյուպատոսություն»,- Tv Musavat հեռուստաալիքին տված հարցազրույցում վրդովված հայտնել է քաղաքագետ Է.Շահինօղլուն։

Թերևս, Շահինօղլուն տեղյակ չէ, որ Ղարաբաղը վաղուց բաժանված է Ալիեւի, Էրդողանի եւ Պուտինի միջեւ։ Ընդդիմադիր «չար» լեզուները պնդում են, որ շուրջ 50 ռուսական ընկերություններ արդեն 3 տարի ներդրումներ են կատարում օկուպացված Արցախում, իսկ ռուսական ընկերությունները վերահսկում է հենց Վալենտինա Մատվիենկոյի որդին՝ ձեռներեց, դոլարային միլիարդատեր Սերգեյը։
Ընդդիմադիր OSMANQIZI TV հեռուստաալիքին տված հարցազրույցում տնտեսագետ, Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Ազեր Գասըմլին ենթադրել է, որ Մոսկվան, հավանաբար, մտադիր է հայերին վերադարձնել Ղարաբաղ.

«Խաղաղապահների դուրսբերման հարցը քննարկելիս ես ասացի, որ մեզ դեռ անակնկալներ են սպասվում։ Հյուպատոսության բացումից հետո մեզ կարող են կատարված փաստ ներկայացնել ու ասել, որ մոնիտորինգի կենտրոնի նման մի բան են բացում, որում թուրքեր այլեւս չեն լինի։ Հյուպատոսության բացումը խորհրդանշական է. Ռուսներն ուզում են ասել՝ մենք տարածաշրջանում ենք, և այս ամենը մեզ է պատկանում։ Լրագրող Սեւինջ Օսմանգիզին չի բացառել, որ այս հյուպատոսությունում կաշխատեն ՊԱԿ-ի, ԱԴԾ-ի, ԳՀՎ-ի աշխատակիցներ և այլն:

LAF հեռուստաալիքի եթերում ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կոչ է արել անհապաղ փակել այս հարցը հենց Մոսկվայում։ Դիմելով ռուսական կողմին՝ նա հարցնում է՝ ինչո՞ւ հյուպատոսություն չեք բացում մեր մյուս քաղաքում, հավանաբար ինչ-որ գաղտնի մտադրություն ունեք։ Պետք է Ռուսաստանին ապտակ տանք, որ խելքի գա. Ռուսաստանը դեռ շարունակում է իր կեղտոտ ծրագրերը; Նրան դռնից հանում ես, պատուհանից ներս է մտնում: Մենք չենք մոռացել ո՛չ հունվարի 20-ը, ո՛չ Խոջալուն, ո՛չ էլ տարածքների օկուպացումը: Սա Կարասինի գործը չէ։ Նա կատարում է Լավրովի ու Պուտինի հրահանգները... Իսկ միգուցե նրանք մտադիր են հայերին վերադարձնել Ղարաբա՞ղ»։

Հարկ է հիշեցնել, որ Կարասինի հայտարարությունից քիչ առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին հայտնել էր, որ իրենք հարցում են ուղարկել Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Այս մասին խոսվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Բայց հարցը մնաց չլուծված։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում ենթադրվում էր, որ «Գլխավոր հյուպատոսություն բացելու՝ Թուրքիայի մտադրությունը կարող էր չգոհացնել Ռուսաստանին, և թուրքերի նախաձեռնությունը չեզոքացնելու համար նա դրսևորեց Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն ունենալու իր ցանկությունը։ Այստեղ մի պարզ հաշվարկ կա, որ Բաքուն կզրոյացնի իրավիճակը. կհրաժարվի թուրքերին Շուշիում ներկայացուցչություն բացել, որպեսզի բալանսավորված մերժի ռուսներին։ Ռուսաստանի համար Շուշիում Թուրքիայի ներկայացուցչության բացումը ռուսական հեղինակության խնդիր է, տարածաշրջանում Թուրքիայի հզորացման ցուցանիշ։ Չկարողանալով ռազմական ուժ պահպանել Ադրբեջանում՝ Կրեմլը ցանկանում է պահպանել ինչ-որ այլ ներկայություն՝ գոնե անհարկի գլխավոր հյուպատոսության տեսքով»։

Գրպանի քաղաքագետների ու փորձագետների կարծիքով՝ այս հայտարարությամբ Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։
Պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կարծում է, որ գլխավոր հյուպատոսության բացումը միայն անհավասարությունը վերացնելու համար արդարացված չի թվում։ Նա կարծում է, որ թեև Կարասինը փորձառու դիվանագետ է, սակայն Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսության համար նրա հայտարարությունը չպետք է ընդունվի որպես պաշտոնական։ Նրա կարծիքով, դա ավելի շուտ հետախուզական բնույթ է կրում, և Ադրբեջանի դիրքորոշումը կորոշվի միայն ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան նոտայից հետո։

«Այստեղ ռուսական ընկերություններ չկան, օդային և երկաթուղային հաղորդակցությունները չեն վերականգնվել։ Անհասկանալի է, թե ինչ հյուպատոսական գործունեություն է մտադիր այստեղ իրականացնել ՌԴ ԱԳՆ-ն։ Եթե ​​մենք քայլենք ենթադրությունների երերուն հողի վրա, ես կկիսվեմ վարկածով: Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ներկայումս ապրում են մի քանի տասնյակ, գուցե հարյուր հազարավոր հայեր, որոնց արմատները Ղարաբաղից են։ Դրանց թվում կան բավականին հայտնի անուններ, չեմ թվարկի, քանի որ հայերն իրենք են հաճախ հաղթաթուղթ դարձնում նրանց։ Եթե ​​ենթադրվում է, որ Խանքենդիում Ռուսաստանի հյուպատոսությունը կբացվի ՌԴ քաղաքացիների կարգավիճակով Ղարաբաղ մեկնելը հեշտացնելու համար, ապա դա վաղաժամ է։ Մինչ այժմ հայտնի պատճառներով չի թույլատրվել ազգությամբ հայ անձանց՝ անկախ քաղաքացիությունից, մուտքը Ադրբեջան։ Մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի կնքումը դժվար թե այդ կարգը փոխվի, և, հետևաբար, Խանքենդիում ՌԴ հյուպատոսության համար աշխատանք չի լինի»,- ամփոփել է Մուսաբեկովը։

Մուսաբեկովի ասածին Ակիֆ Հասանովը հավելել է. «Տարածաշրջանում ապրում էր մոտ 100 հազար հայ, և նրանց թվում՝ բավականաչափ ՌԴ քաղաքացիներ կային, որոնք արխիվներում թողեցին իրենց անշարժ և շարժական գույքը, գրանցման փաստաթղթերը և այլն։ Թերևս այս պատրվակով էլ բարձրացվում է համապատասխան ինստանցիայի անհրաժեշտության հարցը, որը կարող է լուծել այս խնդիրները»։

Globalinfo.az-ի հետ զրույցում հեռուստահաղորդավար, AzTV քաղաքական մեկնաբան եւ վաստակավոր լրագրող. Թոֆիկ Աբբասովն ասել է, որ «հյուպատոսական ծառայությունների բացումը սովորաբար իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ։ Եթե ​​ադրբեջանական պետությունը դրական է արձագանքում դրան, ապա այս նախաձեռնությունը նպատակաուղղված է որոշակի հարցերի և կողմերի հարաբերությունների կարգավորմանը։ Ես չեմ հավատում, որ սրա հետևում մեծ խնդիրներ կան: Այս դեպքում Ռուսաստանը պարզապես ընդլայնում է իր ներկայացուցչությունը կովկասյան տարածաշրջանում։ Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին»:

Աբբասովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի հեռանա Կովկասից, իսկ Թուրքիան ապահովում է իր ներկայությունն այստեղ։ «Եթե 100 տարի առաջ Մոսկվայի մտահոգությունները կապված էին Օսմանյան կայսրության և Թուրքիայի հետ, ապա Աթաթուրքի գալուց հետո հարաբերությունները բարելավվեցին։ Ներկայումս Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-թուրքական հարաբերություններում հանդես է գալիս որպես յուրօրինակ երաշխավոր։ Պուտինը հավատում է Էրդողանին, և նրանց հարաբերությունները նորմալ են»,- կարծում է լրագրողը։

Նրա պնդմամբ, Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսության բացումը չի սահմանափակի Ադրբեջանի շահերը. «Ռուսաստանը հաշտվել է մեր ստեղծած նոր իրականության հետ, մեր հասարակությունների միջև չկան անհանգստություն պատճառող խնդիրներ: Ինչպես ասացի, Ռուսաստանի ամենամեծ խնդիրը Հայաստանն է»։

Սրան, ինչպես ասում են, ավելացնելու ոչինչ չկա։

Ռուզաննա Հարությունյան