Շարժման առաջին լուրջ հաջողությունը

Շարժման առաջին լուրջ հաջողությունը

2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով էր պարգեւատրում երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ում անմիջական ղեկավարությամբ հայկական ստորաբաժանումները մեկ ամիս դրանից առաջ կարողացել էին սահմանային մեկ դիրք վերադարձնել: Այն նույն գեներալին, ում նկատմամբ նրա հրահանգով շարունակ քրեական գործեր են հարուցվում իրավապահների կողմից: Ինչեւէ, 2020 թ․ հուլիսյան մարտական այդ գործողությունը գնահատվել էր որպես «առաջադրված բոլոր մարտական խնդիրների փայլուն կերպով կատարում»: Իրադարձության կապացությամբ պարգեւատրվել էին 70-ից ավելի զինվորականներ, իսկ ԶՈՒ կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել էր Ազգային հերոսի կոչում: 

44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո պարտության խորհրդանիշ անձը շարունակում էր ամեն տարվա մայիսի 28-ին այցելել հաղթական հերոսամարտի վայրը եւ ճառ ասել: Չեզոք դիտորդի տեսակետից դա կարող էր գնահատվել որպես տրագիկոմեդիա, իսկ հայրենասիրական զգացումներով օժտված հայության համար դա ողբերգություն էր: Նույնը կկատարվեր նաեւ 2024-ին, եթե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը դրա նախորդ օրը բազմաթիվ աջակիցներով չայցելեր Սարդարապատի համալիր ու գիշերը չմնար այնտեղ: Ինչի շնորհիվ էլ վերջապես կտրվեց 1918 թվականի հաղթական հերոսամարտի հուշահամալիրի եւ պարտության խորհրդանիշ անձի աննորմալ ու անբնական «կապը»: 

Այդ իրադարձությունը, նախ, ցույց տվեց, թե որքան ճիշտ էր հաշվարկված սրբազանի քայլը: Եվ երկրորդ՝ որքան ճիշտ էր նրա կողմից շարժումը ղեկավարելը: Որովհետեւ ով էլ լիներ սրբազանի փոխարեն, Փաշինյան Նիկոլը կայցելեր Սարդարապատ: Եվ դրա վկայությունն էր այն, որ նախորդ օրն այնտեղ էր մեկնել Հանրային հեռուստաընկերության շարժական նկարահանող կայանը: Հիշե՛նք Եռաբլուր մեկնելը եւ զոհված զինվորականների ծնողներին նրա ճանապարհից հեռացնելու ոստիկանական բռնի գործողությունը: Կարծում եմ, որ սա առաջին լուրջ հաջողությունն է Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելու ճանապարհին: Մայիսի 28-ի վաղ առավոտյան «Հրապարակ»-ը գրել էր, որ նախագահականում մեդալներ բաժանելուց հետո  վերջինս գնալու է Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր: Բայց դա արդեն էական չէր. նույն «հաջողությամբ» նա կարող էր այցելել նաեւ Բաքվի Շահիդների (կամ Շեհիդների) պուրակ: Ինչպես հասկանում եմ՝ նրա համար այդ առումով որեւէ տարբերություն չպետք է որ լիներ:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ անձի՝ Սարդարապատ չայցելելը սրբազանը մեկնաբանել էր երկու պատճառով: «Մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երեւի դրսից են ասել, որ չես գնալու»։ Համաձայն եմ սրբազանի բարձրաձայնած առաջին պատճառին. «Այդ մարդն այլեւս որեւէ ձեւով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երեւի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»։ Սակայն կարծում եմ, որ շատ ավելի էական էր երրորդ՝ հենց սրբազանի անձի գործոնը, ինչի մասին արդեն ասվեց: Որովհետեւ դրսից ասելու դեպքում հանրայինի նկարահանող խումբը նախորդ օրը չէր մեկնի հուշահամալիր: 

Ինչեւէ, այդ հարցում սրբազանը համեստություն է ցուցաբերել: Ինչն ինքնին դրական հատկանիշ է, սակայն հանուն հայրենիքի գոյամարտում այն կարող է խանգարիչ հանգամանքի վերածվել: Իսկ որ նրա կողմից ղեկավարվող շարժումը հենց գոյամարտ է՝ դրանում կասկած լինել չի կարող: Եվ կասկած լինել չի կարող նաեւ այն, որ սրբազանի առաջնորդությամբ վերջապես կազատվենք նախապես պայմանավորված պատերազմում պարտված լինելու եւ հատկապես՝ արժանապատվությունը կորցրած լինելու խարանից:

ՀԳ. Երբ արդեն գրվել եւ խմբագրվել էր հոդվածը՝ «Հրապարակ»-ը հաղորդեց, որ Փաշինյան Նիկոլի ավտոշարասյունը, այնուամենայնիվ, ուղղություն է վերցրել դեպի Սարդարապատ: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե նա վախեցել է ժողովրդից: Ասեմ, որ նա վախեցել է ոչ թե ժողովրդից, որին քշել կտար բերետավորների միջոցով, այլ հենց սրբազանով առաջնորդվող ժողովրդից: Իսկ ոչ վաղ առավոտյան նրա՝ Սարդարապատ գնալն ասվածի առումով ոչինչ չի փոխում: Ավելացնեմ, որ եթե սրբազանը չկատարեր այդ քայլը, պարգեւատրումները կկայանային ոչ թե նախագահականում, այլ հենց Սարդարապատում, ինչպես 2020 թվականին: Սակայն, ի տարբերություն 2020-ի, այս անգամ, ի հեճուկս հայության, պարգեւատրվելու էին ոչ թե հաղթողները, այլ նիկոլական պարտվողականությանն աջակցողները: 

ՀԳ 2. Ի դեպ, հենց իր՝ վաղուց արդեն գոյություն չունեցող հեղինակության, ռեաբիլիտացմանն էր ուղղված կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւորականների փոքր խմբի մուտքը հուշահամալիր արգելելու՝ ոստիկանությանը տրված հրահանգը: