126 մլն եվրոյի անվտանգության համաձայնագիր՝ Կիևի և Լիսաբոնի միջև

126 մլն եվրոյի անվտանգության համաձայնագիր՝ Կիևի և Լիսաբոնի միջև

Ուկրաինան անվտանգության պայմանագիր է ստորագրել Պորտուգալիայի հետ, ըստ որի՝ Լիսաբոնը 126 մլն եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։

«Լիսաբոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիր։ Պորտուգալիան այս տարի կտրամադրի առնվազն 126 միլիոն եվրոյի ռազմական աջակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պայմանագիրը նախատեսված է 10 տարով։ Դրա շրջանակներում Լիսաբոնը հաստատել է մասնակցությունը F-16 կործանիչների միջազգային կոալիցիային, ծովային կոալիցիային, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինամթերքի գնման ծրագրերին և ուկրաինական տարածքում ականազերծման ջանքերին:

«Ուկրաինան և Պորտուգալիան նաև կհամակարգեն և կամրապնդեն համատեղ ջանքերը՝ աջակցելու Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Կիևն անվտանգության պայմանագրեր է ստորագրել Բելգիայի և Իսպանիայի հետ: