Արշակ սրբազանը` իրեն ԱԱԾ հրավիրելու մասին

Արշակ սրբազանը` իրեն ԱԱԾ հրավիրելու մասին

Այսօր լուրեր էին տարածվել, որ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանին կանչել են ԱԱԾ: Արշակ սրբազանը քիչ առաջ հայտարարություն է տարածել` չհերքելով փաստը:

«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։ Աստված է մեր Տերը: Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝  իր չարածի համար»։

Ի դեպ, մենք հարցում էին արել ԱԱԾ եւ Ազգային անվտանգության ծառայությունից մեզ պաշտոնապես հերքել էին, որ Արշակ սրբազանին հրավիրել են։ ԱԱԾ լրատվականից մեր հարցմանն ի պատասխան ասել էին՝ «ԱԱԾ-ն Արշակ սրբազանին չի հրավիրել»։ Սակայն մեր աղբյուրները եւ Արշակ սրբազանի հայտարարությունը վկայում են, որ ԱԱԾ-ն ստում է: Մենք տեղեկացանք, որ ոչ թե այսօր են սրբազանին հրավիրել ԱԱԾ, այլ մի քանի օր առաջ եւ դա կապված է Ծիծեռնակաբերդում` ապրիլի 23-ին ունեցած ելույթի հետ: Եւ մի մանրամասն էլ. սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Արշակ սրբազանին հրավիրում են ԱԱԾ: Մեկ անգամ էլ հրավիրել էին տարիներ առաջ` երբ ԱԱԾ տնօրենը դեռ Արթուր Վանեցյանն էր: Ճիշտ է` այն ժամանակ սուրճ էին հյուրասիրել եւ հարգալից ճանապարհել, խախտելով Փաշինյանի հրահանգը եւ արժանանալով նրա զայրույթին: