Վերլուծություն

Ինչու 5, ոչ թե 6 եւ ավելի

Ինչու 5, ոչ թե 6 եւ ավելի

Հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանի որոշումից հետո, խորհրդարանական ընտրություններին մասնակցած հինգ ընդդիմադիր ուժեր ստորագրել էին համատեղ հայտարարություն, որով ներկայացնում են ընտրությունների արդյունքների եւ հետագա համատեղ պայքարի կազմակերպման մասին իրենց ընդհանրական գնահատականը: Հայտարարությունը ստորագրել էին «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը եւ Ազգային ժողովրդավարական բեւեռը: Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 կուսակցություններից միայն 5-ը միացան այս համատեղ հայտարարությանը, չէ՞ որ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, ինչո՞ւ մյուս կուսակցությունները չմիացան դրան, երբ իրենք էլ էին անխնա քննադատում իշխանությանը: Ինչո՞ւ, օրինակ, «Միասնության թեւերը», «Լուսավոր Հայաստանը», «Նոր ուժը», ԴՕԿ-ը եւ ընդդիմադիր ներկայացող եւ թվում է, թե իշխանության հետ որեւէ առնչություն չունեցող այլ կուսակցություններ չմիացան ընդդիմադիր բեւեռին: Այս հարցի պատասխանն այնքանով է կարեւոր, որ այն շատ մեծ ջրբաժան է, որով որոշվում է, թե իրականում ովքեր էին ընդդիմադիր, իսկ ովքեր են կառավարվում իշխանության կամ իշխանության տերերի կողմից: Այս հարցի պատասխանով է պայմանավորված այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանը կալանավորում եւ փորձում ունեզրկել Գագիկ Ծառուկյանին, կալանքի տակ պահում Սամվել Կարապետյանին, առաջիկայում կարող է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, իսկ մյուսների նկատմամբ չափազանց քնքուշ է ու բարի:

Ամենակարեւոր եւ սկզբունքային հարցը ընտրության արդյունքներին եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանությանը տրվող գնահատականն է: Հայտարարությունը ստորագրած 5 քաղաքական ուժեր համարում են, որ Սահմանադրական դատարանի վճիռը «չի լուծում ձեւավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձեւավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից»: 5 քաղաքական ուժեր, որոնք միասին ստացել են 500 հազարից ավելի ձայն, Հայաստանի գործող իշխանությանը համարում են ոչ լեգիտիմ, ավելի պարզ ասած՝ ոչ օրինական, երկիրը կառավարելու իրավունքից զուրկ: Ընտրություններին մասնակցած մյուս 14 քաղաքական ուժերն այս գնահատականի հետ համամիտ չեն, նրանք Փաշինյանին եւ նրա իշխանությունը համարում են օրինակա՞ն: Սահմանադրական դատարանի վճռից հետո հայտարարություն են արել «Միասնության թեւեր» եւ ԴՕԿ կուսակցությունները, կարդացեք այդ հայտարարությունները եւ կհամոզվեք, որ դրանցում ամեն ինչ կա, ամենադաժան քննադատություն, ընտրակեղծարարության, վարչական ռեսուրսի չարաշահման հիշատակումներ, նույնիսկ իշխանության դեմ պայքարը շարունակելու վճռականություն, բայց չկա իշխանության ոչ լեգիտիմ, ոչ օրինական լինելու գնահատական: Մյուսներն ընդհանրապես լռում են, ինչը նշանակում է համաձայնություն ՍԴ որոշման եւ Փաշինյանի հաղթանակի հետ:

Դեռեւս ընտրություններից առաջ ասել ենք, որ իշխանությունը խրախուսում է ընտրություններին մեծ թվով կուսակցությունների մասնակցությունը, ոչ միայն այն պատճառով, որ այդ կուսակցությունները ձայներ են փոշիացնելու, իշխանությունը շատ լավ գիտեր, որ դրանց մի մասն իրենց համար փոշու արժեք չունի եւ ընդունակ չէ նույնիսկ մի քանի հազար ձայն փախցնել, այդ մասնակցությունը պետք էր, որ նրանք ճանաչեին իշխանության լեգիտիմությունը, ճանաչեին հաղթանակի օրինականությունը, ինչը եւ նրանք անում են իրենց լռությամբ կամ անիմաստ աղմուկով: Ինչ կլիներ, եթե, օրինակ, ընտրություններին մասնակցեր 6 կուսակցություն՝ ՔՊ-ն եւ հայտարարությունը ստորագրած 5 կուսակցությունները, կստացվեր, որ մյուս բոլոր մասնակիցները չեն ճանաչում ՔՊ-ի իշխանության օրինականությունը, կամ ընտրությանը մասնակից 18 կուսակցություններից ոչ թե 5-ը, այլ 17-ը ստորագրեին այս հայտարարությունը: Հիմա լրիվ ուրիշ պատկեր է, Փաշինյանը կարող է ասել՝ հետո՞ ինչ, որ 5 կուսակցություն չի ճանաչում մեր օրինականությունը, դրա փոխարեն եւս 12-ը ճանաչում է, ոչինչ, որ այդ 5-ը միասին ստացել են 40 տոկոսից ավելի քվե, իսկ մնացած 12-ը միասին՝ 10 տոկոսից էլ պակաս, կարեւորը՝ որ 12-ը մեծ է 5-ից:

Համատեղ հայտարարությանը չմիանալու մյուս կարեւոր պատճառը կարող էր լինել ապագա Հայաստանի մասին պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունը: Հայտարարությունը ստորագրած 5 կուսակցությունները համարում են, որ «իշխանափոխությունը եւ նոր որակի ազգային իշխանության ձեւավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման եւ անվտանգության ապահովման միակ նախապայմանը»։ Հայտարարության հեղինակները կարեւորում են ոչ միայն սոսկ իշխանափոխությունը, այլ նոր իշխանության ազգային լինելը: Ընտրությանը մասնակցած շատ կուսակցություններ ֆինանսավորվել եւ ուղղորդվել են լիբերալ գլոբալիստական շրջանակների կողմից, որոնց համար ցանկացած ազգային ոչ միայն օտար է, այլեւ՝ մերժելի:

Հայաստանում ձեւավորվում է նոր ընդդիմադիր բեւեռ, որը, որոշ պայմանականություններով, կարելի է համարել ազգային պահպանողական, որը հակադրվելու է իշխող ռեժիմին, որն իրականում չունենալով որեւէ արժեքային եւ քաղաքական հենարան՝ միեւնույն ժամանակ կառավարվում է արեւմտյան լիբերալ գլոբալիստական շրջանակների կողմից: Այդ շրջանակների համար Հայաստանի եւ նրա պետականության գոյությունը որեւէ նշանակություն չունի եւ կարող է զոհաբերվել իրենց աշխարհաքաղաքական շահերի սպասարկմանը, այդ թվում եւ Մեծ Թուրանի ծրագրի իրագործմանը: Գագիկ Ծառուկյանը կալանավորվում եւ ունեզրկվում է հենց այդ ծրագրին դեմ լինելու եւ ոչ թե խոշոր սեփականատեր լինելու համար: Հայաստանում ազգային կապիտալի ներկայացուցիչները պետք է փոխարինվեն թուրքական եւ ադրբեջանական կապիտալի կամ այդ կապիտալի հետ սերտորեն փոխկապակցված գործարարներով:

ՀԳ. Երեկ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մի քանի առանցքային կուսակցություններ համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ ընդդեմ իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի դեմ սանձազերծված արշավի: Տարօրինակ է, որ հայտարարությանը չէր միացել «Ուժեղ Հայաստանը», թեեւ ասում են՝ առանձին են հայտարարություն անելու: Բայց երբ երկու կուսակցություն համատեղ հայտարարություն է ստորագրում՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու եւ ազգային իշխանություն ստեղծելու մտադրության մասին, ենթադրվում է, որ բոլորը պետք է միավորվեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image