Գերագույն ինկվիզիտորը

Գերագույն ինկվիզիտորը

Ինկվիզիցիան լատիներեն (inquisitio) բառ է, որ թարգմանաբար նշանակում է հետաքննություն, հետախուզում։ Այն միջնադարում ստեղծված եկեղեցական ինստիտուտ էր, որը կոչված էր հետաքննելու, դատապարտելու Հռոմի Կաթողիկե եկեղեցու դրույթներին ու դոգմաներին չհամապատասխանող, շեղվող թեզերը, տեսակետներն ու աղանդները:

Առաջին և ամենահայտնի Գերագույն Ինկվիզիտորը Դոմինիկյան վանական Թոմաս դե Տորկվեմադան էր (1420-1498թթ): Նա` բացի այն, որ փայլուն տեսաբան էր ու հռետոր, աչքի էր ընկնում իր հաստատակամությամբ ու ընդգծված դաժանությամբ։

Մամուլի ասուլիսը երկարաշունչ էր ու ձանձրալի։ Լրագրողների քանակը քիչ էր։ Ժամանակային տեւողությունը նախատեսված էր` ըստ ավանդույթի, մինչեւ չորս ժամվա կտրվածքով։ Մնում էր, հիմնականում կրկնվող հարցերը լսել և առաջ մղել սեփական թեզերն ու մտասեւեռումները, ինչ նպատակով էլ հրավիրված էր ասուլիսը։

Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, իր ճառերից մեկի լուսանցքում հետեւյալ նշումն է կատարել. «Փաստարկները քիչ են։ Մտքերը պետք է փորձել դարձնել համոզիչ` ձայնի ելեւէջներով»:

Ինկվիզիտորն այդ նպատակով օգտագործում էր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները։ Ինտերակտիվ էկրան, պուլտ, ձայնի երանգային փոփոխություններ` համեմված դեմքի արտահայտիչ միմիկայով, ձեռքերի անկառավարելի շարժումներով։

Բայց ձանձրալի էր, շատ էր ջրոտ ու հոգնեցուցիչ։ Ոնց որ մաղով ջուրը տեղափոխես մի բաժակից մյուսի մեջ։
Հանուն արդարության պետք է ասել, որ կային նաեւ ուսուցողական կտորներ, որոնք հիշեցնում էին համաշխարհային պատմությունից որոշ արյունալի անցքեր։

Դա «վատ» հոգեւորականների բանադրանքն էր, որոնք վաղուց և անվերադարձ թերացած լինելով իրենց հիմնական ծառայության մեջ, անցել են հոգեւոր հոտի հոգիներում ու ուղեղներում կասկածի որդի ներդրմանը։ Պարզվեց, որ ըստ Ինկվիզիտորի վերլուծության, մի քանի Արքեպիսկոպոսներ, ամենայն հավանականությամբ թերացել են Նոր Կտակարանի ընթերցման հարցում։ Դե, Հին Կտակարանին նույնիսկ չեն էլ անդրադարձել (ծավալուն է և չափազանց այլաբանական), քանի որ չունեն անհրաժեշտ գիտելիքներ և «գործիքակազմ»:

Պետք է նշել, որ աստվածաբանական երկխոսությունով` ասեմ, թե՞ բանավեճով, ասուլիսից մեկ օր առաջ մասսայաբար սկսել էին զբաղվել Ինկվիզիտորի ճիզվիտները։ Իհարկե, մտքերն ավելի պարզունակ էին և ճակատային` համեմված ագրեսիվ խոսույթով։ Դե, ճիզվիտ են։ Ի՞նչ սպասել նրանցից:

Մեծն ինկվիզիտորը ուղիղ նայելով նկարահանող սարքին, դիմում էր իր հավատավոր հոտին, այդ թվում բարձրադաս հոգեւորականությանը` բացատրելով, որ պետք է վերացարկվել Կտակարանի տառից ու բառից և ինքնահայեցողությամբ, ինչպես ինքը, խորանալ թաքնված մտքերի ու գաղափարների մեջ։

Իսկ ի՞նչ են անում Սրբազանները` Հայ առաքելական եկեղեցու սպասավորները։ Սաղմոս ասելու փոխարեն, ոտքով ընկած չափչփում են Պետության, որն իրենք Հայրենիք են կոչում, ճանապարհները։ Խեղճ, անմիտ ժողովուրդն էլ, փոխանակ զբաղվի աշխատանքով, որպեսզի ապահովի Պետության տնտեսության աճի բարձր տոկոսները, անձրեւի ու կարկուտի տակ խարխլում է հանրային առողջության ինդեքսը։

Եթե իր տեղում լիներ Տորկվեմադան, մի հարյուր խորանարդ մետր Իջեւանի անտառներից կտրած չորացրած փայտ կբերեր ու Հատիս լեռան վրա այդ անհավատների համար մի լավ խարույկ կկազմակերպեր։

Ասուլիսը տանջվելով ու տանջելով ներկա լրագրողներին, մի կերպ ավարտվեց։ Ինկվիզիտորը դահլիճում մենակ էր։ Հոգին անհանգիստ էր, փոթորկված` կքած վատ սպասումների բեռի տակ։ Մեկ էլ մտովի լարվեց, քորեց գլուխը։
-Հը՞, իսկ ինչու՞ ոչ։ Պատմության նկատմամբ սերը նրան տեղափոխել էր 16-րդ դարի Անգլիա` Հենրիխ VIII-ի ժամանակները (ով հայտնի է հիմնականում երկու բանով. առաջինը` իր վեց պաշտոնական ամուսնություններով և երկրորդը, որն ամենակարևորն է` Անգլիական Կաթողիկե եկեղեցու ռեֆորմացիայով, որը ճակատագրի հեգնանքով` բխում էր առաջինից։ Հռոմի պապ Կլիմենտ VII-ը հրաժարվեց չեղարկել նրա ամուսնությունը Եկատերինա Արագոնացու հետ, որն էլ հանգեցրեց Անգլիական եկեղեցու` Վատիկանի ենթակայությունից դուրս բերելուն։ Հենրիխը միավորեց թագավորական ու եկեղեցական իշխանությունը մեկ ձեռքում` Անգլիայի արքայի):

Ինկվիզիտորը ժպտաց.- բայց վատ գաղափար չի. ո՞ր կրոնավորը ինձնից շատ Սաղմոսներ գիտի (հարմարեցված կյանքի բոլոր դեպքերին) և ո՞վ կարող է հավասարվել ինձ իր քարոզչական շնորհով։ Իսկ Շնորհն Աստծուց է։ Գնամ, գամ, հանձնարարեմ ճիզվիտներիս բացել Օվերտոնի պատուհանները։

Աչքը կպավ։ Ներքին (քնած) ինքնահայեցողության պահին միտքը սկսեց սահել Մաթեւոսի Ավետարանից` Ղուկասի Ավետարան, հետո Մարկոսի Ավետարանից` Հովհաննեսի Ավետարան։ Այստեղ քունը դարձավ հուզախռով։ Այլաբանական խորխորատներից, կրակների միջից երեւացին կոտոշավոր գազանները...Սկսեց անհավասար մարտը...
Մեկն սկսեց ցնցել ուսը, հետո ավելի ու ավելի համառորեն։
Աչքերը բացեց և տեսավ անհանգստացած Նազելի խոսնակի այլայլված դեմքը։ Տեսնելով, որ Պատրոնը վերադարձավ իրականություն, խոսնակն իր մշտնջենական ժպիտով արտաբերեց.- Пора!

Աշոտ Նազարյան