Շատ լուրջ գործընթացներ են գնում և շատերի աչքերը կբացվեն վաղը․ Սարո Սարոյան

Շատ լուրջ գործընթացներ են գնում և շատերի աչքերը կբացվեն վաղը․ Սարո Սարոյան

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

- Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ռուսաստան, վաղը՝«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Երևան է հասնում։ Այս երկու փաստն իրար հետ կապ ունե՞ն` եթե նախաձեռնությունը չծավալվեր՝ Փաշինյանը կգնա՞ր Ռուսաստան։

- Իմ կարծիքով, Փաշինյանն անկախ ամեն ինչից կմեկներ Ռուսաստան, բայց այն քննարկումը, որ ներկայումս պետք է տեղի ունենա, այս խորապատկերը, որ կա ներկայիս՝ հայաստանյան, ուղղակի ազդելու է Փաշինյան-Պուտին քննարկումների վրա։

- Եվ ո՞ր ուղղությամբ կգնա այդ քննարկումը։

- Ռուսաստանը օգտվելու է նման իրավիճակից և փորձելու է դա ծառայեցնել իր շահերին։

- Այսինքն, Ռուսաստանը Փաշինյանի հետ կարող է համաձայնության գալ, պահել Փաշինյանի իշխանությունը՝ իր համար դիվիդենտներ ստանալո՞վ։

- Դա տարբերակներից մեկն է, որը նախկինում եղել է, շատ հնարավոր է այդպիսի բան էլ լինի։ Նախկինում մենք տեսել ենք նման բան, հատկապես 2023 թվականի Արցախի լուծարումից առաջ։

- Իշխանությունների հակազդեցության մեջ տեսնո՞ւմ եք այն վախը, որ չենք տեսել մյուս շարժումների ընթացքում։

- Վախի տեսանկյունից երկու բան եմ տեսնում՝ կա հոգեբանական ինչ որ արխայինություն, երևի ավելի ճիշտ կլինի ասել անհոգություն՝ կապված նախորդ տարիներին վարչախմբի կողմից կատարած տարաբնույթ հանցավոր գործունեությունը սահուն կյանքի կոչելու հանգամանքով։ Պատերազմի պարտությունը, Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները, էլ չեմ ասում սահմանային միջադեպերը, այդ ամեն ինչը բերել է հանցավոր անհոգության, որ դե այս անգամ էլ, ի՞նչ է եղել որ՝ ժողովուրդ է, ոտքի է կանգնել, ինչի այդպիսի բաներ ենք մարսել՝ դա էլ կմարսվի։ Հիմա մի կողմից այդպիսի հոգեբանական տրամադրվածություն կա շատ պաշտոնյաների մոտ, բայց մյուս կողմից կա ինչ-որ անհանգստություն այն մարդկանց մոտ, ովքեր մի քիչ ավելի մեծ փորձառություն ունեն կամ գոնե քաղաքական կյանքի հետ ավելի մեծ առնչություն են ունեցել կյանքում՝ աչքի տեսածով։ Բայց անհոգների շրջանակը շատ ավելի մեծ է, քանի որ մենք գիտենք, թե ինչ շերտ է հիմա Հայաստանի պետական կառավարման համակարգում ներկայացված՝ հիմնականում 2018 թվականի այդ ալիքի վրա չգիտես որտեղից, չգիտես ինչ հանգամանքներում, չգիտես ինչ արժանիքների հիման վրա եկած շերտը, ուրեմն իրենք բնականաբար տեսել են վերջին վեց տարվա քաղաքական կյանքը և այդպես են իրենք կարծիք կազմում իրադրության մասին։

- Մի հրապարակման մեջ նշել էիք, որ սյունը, որ դրվեց Տավուշում՝ բացեց Պանդորայի արկղը և իրավիճակն է կառավարելու Նիկոլին ու նրա թիմին։ 

- Խնդիրը հետևյալն է, երբ որ Դուք նշում եք ներկա վարչախմբի կողմից Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանդեպ վերաբերմունքը, ես այդ գնահատականը որ տալիս եմ՝ դա չի նշանակում, որ հենց այդպես էլ տեղի է ունենալու, որ հենց այդ արխայինությամբ էլ ավարտվելու է՝ ոչ, այդպես չի ավարտվելու։ Շատ ավելի լուրջ են գործընթացները և այդ լրջությունը կերևա վաղը և շատերի աչքերը կբացվեն վաղը։ Ու խոսքն այն մասին չի, ինչ-որ ուժային գործողություններ և այլն, և այլն, ես նկատի ունեմ, որ շատերին թվում է, որ այս ձևավորված ու ահագնացող ալիքը ինչպես առաջացել է, այնպես էլ կմարի, ես պնդում եմ, որ այս ալիքը չի կարող մարել, որովհետև սկսված գործընթացը չի մարելու։ Այն սահմանազատման գործընթացը, որ սկսել են՝ բացել են Պանդորայի արկղը և այնպես չի, որ ընդամենը այդ մի քանի սյունը տեղադրելով սահմանազատում եղավ, ավարտվեց, և այլն՝ ոչ։ Խնդիրն այն է, որ դա իրականում սահմանազատում չէ, դա միակողմանիորեն տարածքներ հանձնելու գործընթաց է։ Եվ այդ միակողմանիորեն տարածքներ հանձնելու գործընթացը շարունակվելու է և այս տեսանկյունից մեր ժողովուրդն այլևս դադար, հանգստություն ունենալու հնարավորություն չի ունենալու։ Եվ այդ տեսանկյունից այս ալիքը, որ հիմա սկզբնավորվել է, դադար չի ունենալու, շարունակվելու է։ Խնդիրը հետևյալն է, երկիրը մտել է տուրբուլենտության այդ վիճակի մեջ և թվում է, թե վարչախումբը կառավարում է իրավիճակը, Բագրատ Սրբազանն առաջնորդում է իր շարժումը, սակայն դա երևութական է` առայժմ երևութական է, որովհետև վաղը, երբ որ արդեն Երևանում կառավարության առջև կլինեն՝ դեմ դիմաց կկանգնեն, այս խնդրի հանգուցալուծման հետ կապված արդեն այդ անորոշությունը կբերի որոշակի այլ իրավիճակի։

- Նկատի ունեք շարժման քաղաքական խոսույթի ձևավորո՞ւմ տեղի կունենա։

- Այո, վաղվանից կսկսվի քաղաքական խոսույթի ձևավորման գործընթացը և դրա, ըստ էության, միակ քաղաքակիրթ և քաղաքական տրամաբանություն ունեցող հանգուցալուծումը կարող է լինել միայն արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եվ այդ տեսանկյունից եմ ես գնահատում, նկատի ունեմ, որ տրամաբանությունն ընդհանուր առմամբ հուշում է, որ բևեռացում է տեղի ունենալու և վաղվանից մենք շատ հստակ կսկսենք դա տեսնել։ Եվ այդ բևեռացման հանգուցալուծումը չի կարող լինել այլ կերպ, բացի խորհրդարանական ընտրությունների միջոցով լարվածությունը լիցքաթափելը։