Ոմանք` տագնապով, ոմանք` սրտի թրթիռով

Ոմանք` տագնապով, ոմանք` սրտի թրթիռով

Երկիրը սպասումի մեջ է. ոմանք սրտի տագնապով են հետեւում Տավուշից Երեւան եկող թափորին, մյուսները` սրտի թրթիռով ու մեծ հույսերով: Նրանք, ովքեր հոգնել են այս իրավիճակից եւ փոփոխություններ են ուզում, օրհնում են Բագրատ սրբազանին, նրա գլխին լուսապսակ դնում, հավատով լսում նրա ասած ամեն մի բառը եւ հույսով սպասում, որ հոգեւոր հոր առաջնորդությամբ կստացվի անել այն, ինչ չկարողացան անել քաղաքական գործիչները: 

Նրանք, ովքեր սարսափում են այս շարժումից եւ ցանկացած փոփոխությունից, պատրաստ են հանուն իրենց աթոռի, կասկածելի բարեկեցության ու կոմֆորտի, ամեն ինչի գնալ` անգամ վտանգել իրենց հայրենիքի ապագան, աննկարագրելի ջանքեր են գործադրում այս շարժումը կասեցնելու համար: 
Հայհոյանք, աղետալի կանխատեսումներ, քաղաքագիտական դառը վերլուծություններ, պատերազմի ու Ռուսաստանի ծայրագավառ դառնալու նկարագրություններ, անհիմն զրպարտություններ ու վարկաբեկումներ. բոլոր միջոցները գործադրվում են: Ոչ մի գործիքակազմից այս զանգվածը չի խորշում: 

Եւ երբ այս ամենի ֆոնին խոսում են արդար ընտրությունների, սահմանադրական եղանակով իշխանափոխության, դեմոկրատական արժեքների մասին, մարդ ուղղակի ուզում է քրքջալ` եթե պատրաստ եք իշխանությունը հանձնելու, եթե հարգում եք մարդու իրավունքները, օրենքներն ու Սահմանադրությունը, եթե թեկուզ մի գրամ մտածում եք ձեր երկրի ապագայի մասին, ինչո՞ւ եք նման նողկալի եղանակներով փորձում կանխել ժողովրդական շարժումը եւ ճնշել ժողովրդի ձայնը: Ինչո՞ւ եք ատամներով պահում իշխանությունը:

Չէ որ 2018-ին էլ դուք եք նման եղանակով` առանց ընտրության, իշխանության եկել, թաքնվելով ժողովրդի բողոքի, փոփոխությունների ազնիվ ցանկության տակ: Եւ միայն ամիսներ անց ընտրություններում հաղթել եք` լեգիտիմացնելով իշխանափոխությունը: 

Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանին մերժելն ավելի կարեւոր ու լեգիտիմ նպատակ էր, քան երկիրը մաս-մաս հանձնելը կասեցնելը եւ պարտված, կոտրված, զիջումների պատրաստ բանակցողին փոխելը լեգիտիմ ու արդար նպատակ չէ: