«Հրապարակ»․ Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»

«Հրապարակ»․ Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»

Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ  են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել: Մեր աղբյուրի խոսքով՝  «Կայֆավատ լինել պետք չի», որպեսզի չգրգռեն մարդկանց:

Իշխանական թիմում թերեւս լավ գիտեն հանրության՝ իրենց նկատմամբ իրական վերաբերմունքը, որքան էլ  քարոզչամեքենան եւ Փաշինյանը ներկայացնեն, թե շարժումն աջակիցներ չունի, կամ պայքարողները ՌԴ-ում ծվարած «նարկոբարոններն» են: Այդուհանդերձ, նրանք հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու։

Ի դեպ, այս օրերին ՔՊ ներքին քննարկումներում գերիշխում է այն կարծիքը, որ իրադարձությունների՝ իրենց համար վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ անելու են, որ արտահերթ ընտրություններով հանգուցալուծեն իրավիճակը, այլ ոչ թե խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով, ինչպես եղավ 2018-ին։ Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն գործի կդնեն մուրճն ու մանգաղը, սեւերն ու սպիտակները, խաղաղությունն ու Ռուսաստանի ծայրագավառ չդառնալը: