Քաղաքական ուժերը չպետք է խանգարեն սրբազանին

Քաղաքական ուժերը չպետք է խանգարեն սրբազանին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

- Պատերազմից հետո Ձեր կուսակցությունը նույնպես 16 այլ կուսակցությունների հետ միացավ Հայրենիքի փրկության շարժմանը: Հիմա ի՞նչ կարծիք ունեք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին: Չե՞ք մասնակցելու վաղվա հանրահավաքին:

- Ես հենց այս պահին քայլում եմ: Խուսափում եմ կադրերում երևալուց: Ես առաջիններից եմ եղել, ով գնաց Ոսկեպար: Այժմ միացել եմ սրբազանին: Բայց ես կոչ եմ անում մյուս քաղաքական ուժերին` ձեռնպահ մնալ բացահայտ երևալուց, ցույց տալով, որ սա անկախ շարժում է, իսկ սրբազանը պետք է իր միսիան կատարի:

- Կարծո՞ւմ եք եթե քաղաքական ուժերը ասպարեզ գան շարժումը կձախողվի՞:

- Այո, ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ:

- Հիմա Դուք ինչո՞վ կարող եք վտանգել շարժումը:

- Ավելորդ չեմ ուզում երևալ: Թող շարժումը գա հասնի հանգուցալուծման, քաղաքական ուժերը թող աջակցեն: Ես մի քանի օր է քայլում եմ, բայց ինձ ասպարեզ չեմ բերում, ավելորդ հայտարարություններով հանդես չեմ գալիս: Փառք Աստծո սրբազանի, թե գրագիտությունը, թե կրթությունն ու փորձառությունը լիովին բավարար են, որ նա ներկայացնի այն ամենն, ինչ պետք է: Պետք չէ, որ քաղաքական ուժերը խանգարեն սրբազանին: Նիկոլ Փաշինյանի ողջ ուշքն ու միտքն այն է, որ այս շարժման ետևում ինչ-որ ուժեր են կանգնած, բայց հավատացնում եմ` այդպես չէ:

- Բայց չե՞ք կարծում, որ սա քաղաքական պայքար է և պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա, արդյունքում պետք է ասպարեզ գան քաղաքական ուժեր, որովհետև Բագրատ սրբազանն ինքն էլ իր խոսքում նշում է, որ չի պատրաստվում դառնալ երկրի ղեկավար և հետո կան տեսակետներ, որ եթե քաղաքական ուժեր չգան ասպարեզ, ռիսկերը կմեծանան:

- Ոչ, ես այդպես չեմ կարծում: Ի՞նչ ասել է` Բագրատ սրբազանը չլինի առաջնորդ: Ո՞վ է նրան արգելու, ո՞ր սահմանադրական կետը, ո՞ր օրենքը: Կարող ենք շատ հանգիստ առաջադրել մեկին, ով քաղաքական գործիչ չէ, ապաքաղաքական մարդն էլ իր իմացությամբ, իր շնորհով կարող է երկիր ղեկավարել, կարևորը հայրենասեր լինի, սիրի իր հայրենքն ու ժողովրդին: Բագրատ սրբազանի մեջ այդ հատկանիշները կան և հետո նա եկեղեցի չէ, նա առանձին սպասավոր է: Ասում են` պետությունը եկեղեցուց անջատեք, անջատում ենք` Բագրատ սրբազանն անհատ է, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, ոչ մի տեղ գրված չէ, որ հոգևորականը չի կարող լինել երկրի ղեկավար:

- Այսինքն` Դուք կարծում եք, որ Բագրատ սրբազանն է երկրի վարչապետի թեկնածուն:

- Այսօրվա դրությամբ դա է միակ ճիշտ տարբերակը:

- Բայց նա նշում է, որ չի ցանկանում, բացի այդ օրենքը թույլ չի տալիս` նա երկքաղաքացի է:

- Չի ուզում, բայց նաև չէր ուզի, որ նման շարժում ձևավորեր, եթե ամեն ինչ նորմալ գնար: Ով չէր ուզի` ամեն ինչ երկրում լավ լիներ: Բայց իրավիճակը ստիպեց, որ Բագրատ սրբազանը պայքարի դուրս գա և շարժում ստեղծի: Այսքանից հետո քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան, որ չպետք է խանգարեն այս շարժմանը: Ավելորդ իրենց ֆիզիկական ներկայությամբ խանգարելու են: Ես քաղաքական ուժերին կոչ եմ անում ակտիվ քաղաքական մասնակցությունից զերծ մնալ: Արդեն լսում ենք, որ Բագրատ սրբազանը չի կարող դառնալ երկրի ղեկավար, ինչո՞ւ: Գրագիտությունը չի՞ հերիքում, թե՞ ի՞նչ:

- Այսինքն` Բագրատ սրբազանին առանձին որպես անհատ արդեն քաղաքական ուժի կարգավիճակում եք տեսնում, այլ ոչ թե Հայաստանը կրոնապետության կարգավիճակում:

- Այո, իհարկե: Ի՞նչ կրոնապետություն, ինչի՞ մասին է խոսքը: Ո՞վ է կրոնապետության մասին խոսել: Խոսքը նրա մասին է, որ ոչ մի օրենք չի արգելում հոգևոր սպասավորին դառնալ պետության ղեկավար: