Հայաստանն ընտանիք է, որի 10 անդամից 8-ը քեզ դեմ է, ինչպե՞ս ես մտնում մի տուն, որտեղ դու մերժված ես

Հայաստանն ընտանիք է, որի 10 անդամից 8-ը քեզ դեմ է, ինչպե՞ս ես մտնում մի տուն, որտեղ դու մերժված ես

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում երկրում տիրող իրավիճակի մասին: Նշում է, որ անելանելի վիճակում ենք հայտնվել, եւ օր առաջ պետք է հաղթահարել երկրում առկա ճգնաժամը. 

«2018 թվականին Սերժ Սարգսյանը մի տեսակ շատ հանգիստ իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին: Թե դա ինչ ծրագիր էր, Նիկոլ Փաշինյանը ոնց եկավ ու միանգամից այդ աթոռին նստեց, ցույց կտա ժամանակը: Փաստն այն է, որ այդ մարդը եկավ իշխանության: Եկավ Հանրային ռադիոյի դռներն ու լուսամուտները կոտրելով, այդ ինչպե՞ս ստացվեց, որ փակ օբյեկտի դուռն ու լուսամուտը կոտրող անձը չձերբակալվեց: Այն ժամանակվա ոստիկանապետն էլ բոլորիս քաջ հայտնի գեներալ Վլադիմիր Գասպարյանն էր: Գիտենք, որ Վլադիմիր Գասպարյանի համար տասը հոգու ձերբակալելն ուղղակի մի բաժակ ջուր խմելու նման բան էր: Թե ինչու նա չարեց այդ բանը, շատ հետաքրքիր է: Մի բան հստակ է` ոստիկանապետը ենթարկվում է երկրի ղեկավարին, իսկ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, հավանաբար` նրանից նման «դաբրո» չէր ստացել: Արդյունքում իշխանափոխություն եղավ: Նիկոլ Փաշինյանը, զգալով մարդկանց տրամադրությունները, կաշառակերության, անօրինականությունների և բոլոր բացասական երևույթների պատճառով, կարողացավ հասնել իշխանափոխության, և մարդիկ գնացին նրա հետևից` ակնկալիքներով: Բղավում էր` «Արցախը Հայաստան է և վերջ», «Կոռուպցիա չի լինելու», «Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ», բայց արեց դրա հակառակը, հայ ժողովուրդը տեսավ, որ այդ մարդը պարզապես հեքիաթներ էր պատմում, ուրիշ ոչինչ: Մարդիկ միամտաբար հավատացին, արդյունքում նա ոչ մի բան իր խոստացածից չարեց:

Սա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, այլև` իրականությունը: Ի՞նչ եղավ Արցախի հետ, ո՞ւմ մնաց Արցախը: Քանի անգամ ենք լսել, որ Ռուսաստանը ցանկացել է պատերազմը դադարեցնել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել: Նիկոլ, եթե պետք է հողերը հանձնեիր, ինչո՞ւ 5000 տղերքին զոհեցիր: Ափսոս չէի՞ն, ո՞նց ես կարողանում գիշերները քնել: Ասում է` կարող էի հանձնել առանց պատերազմի, բայց ինձ կասեին դավաճան: Ի՞նչ տարբերություն, հիմա էլ են քեզ դավաճան ասում, ի՞նչդ ավելացավ, որ այդքան մարդու զոհեցիր: Նիկոլ, երբ գիշերը գլուխդ դնում ես բարձին, կարողանո՞ւմ ես աչքերդ փակել: Խոսում էր կոռուպցիան վերացնելու մասին, ի՞նչ արեց, վերացրե՞ց, իհարկե` ոչ: Հակառակը: Ազնվությամբ եմ ասում, եթե նախկին իշխանությունների ժամանակվա կոռուպցիայի հետ համեմատենք, ապա այսօր այն ավելի շատ է, քան առաջ: Ցանկացած նախկին նախարար եթե իմանար, որ Նիկոլի օրոք այսպիսի կոռուպցիա է լինելու, աթոռը ոչ մի գնով չէր թողնի: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա այս իշխանությունների մոտ դա իսպառ բացակայում է: Ինչքան անգրագետ, անարժան մարդ կա, բերել պաշտոններ է տվել, այդ մարդիկ անգամ չգիտեն այդ պաշտոններն ինչի համար են ստեղծված: Փաստացի մի օրինակ` Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարն է, բայց բանակում մարդ է դանակահարել ու բանտ է գնացել…. մի մարդ, ով բանակից ոչ մի բան չի հասկանում, ո՞նց կարող է բանակ ղեկավարել: Պատերազմից հետո ընդդիմությունը փորձում է գլուխ բարձրացնել, հեղափոխություն անել, բայց, ինչպես տեսնում ենք, արդեն քանի տարի է` չեն համախմբվում, չեն միավորվում: Ստեղծվեց «Միասին» շարժում` էլի չմիացան դրան, մի քանի միտինգ արեցին, ու ամեն ինչ ավարտվեց:

Ընդ որում, ասեմ Ձեզ, որ սկզբում ահագին էլ մարդ էր հավաքվել` 10 հազար մարդը քիչ չէ: Ամեն մեկն իր վարչապետի թեկնածուն ունի, դրա համար էլ հայավարի ասում են` ինչի՞ ուրիշի թեկնածուի համար գանք միտինգ անենք: Մեկը չեղավ այդքանի միջից, որ սթափության կոչ անի: Հայաստանում մոտ 7 լուրջ կուսակցություն կա, անգամ նրանք չֆայմեցին բոլորին հավաքել, կլոր սեղանի շուրջ նստեցնել ու այս իրավիճակին լուծումներ առաջարկել: Ընդդիմությունը տարիներ շարունակ փաստացի չկարողացավ համախմբել ու համախմբվել: Այսօր շատ լավ է, որ այդ ամենը կարողանում է անել Բագրատ սրբազանը ու հիմա քայլելով գալիս է Երևան: Լավ է, որ մարդիկ միանում են: Ես կարծում եմ, որ իշխանափոխություն լինելու է: Նիկոլ Փաշինյանը մի անգամ ելույթ ունեցավ ու ասաց. «Հելնեմ ռադս քաշե՞մ», հա, եղբայր, եթե տեսնում ես այս իրավիճակն է, վեր կաց` ռադ եղիր: Գիտե՞ս ես ինչի վրա եմ զարմանում, որ ադրբեջանցիները գովաբանում են Նիկոլ Փաշինյանին: Ապշելու բան է: Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դառնալ Հայաստանի բարեկամը: Եկեք ամեն մեկս մեր վրա պատկերացնենք, մենք երես կունենայի՞նք մեր ժողովրդին ասել` «Ադրբեջանի հետ ուզում ենք բարեկամանալ»: «Գելափ»-ի վերջին տվյալներով, այս իշխանությունն ունի մոտ 8 տոկոս ձայն: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին. ընդունենք, Հայաստանն ընտանիք է, դու էլ այս ընտանիքի հայրն ես, քո տան մեջ ապրում է տասը մարդ, և այդ տասից 8-ը քեզ դեմ է, ի՞նչ պետք է անես: Նման իրավիճակում ինչպե՞ս ես նման տուն մտնում, մի տուն, որտեղ դու մերժված ու ընդունված չես»: