Պաղեստինամետ ուսանողական բողոքի ակցիաներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Եվրոպա

Պաղեստինամետ ուսանողական բողոքի ակցիաներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Եվրոպա

ԱՄՆ բուհերում ուսանողները շարունակում են բողոքել Գազայում ընթացող ռազմական գործողությունների դեմ։ Աշխարհում արձագանքը տարբեր է՝ համերաշխությունից մինչև դատապարտում: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանն էր պաղեստինամետ ուսանողական բողոքի ակցիաների էպիկենտրոնը, որոնք տարածվեցին ողջ Ամերիկայում:

Բողոքող ուսանողները կոչ են անում իրենց համալսարաններին դադարեցնել Իսրայելի հետ ակադեմիական համագործակցությունը: Նաև պահանջում են ԱՄՆ կառավարությունից դադարեցնել ռազմական օգնության հատկացումը Իսրայելին։

Այժմ բողոքի ակցիաները տարածվում են աշխարհի այլ վայրերում, ներառյալ՝ Բեռլինում, ուր անհանգիստ է Ազատ համալսարանում: Ընդհանրապես, ամերիկյան բողոքի ակցիաները լայն աիձագանք են գտել Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, ինչպես նաև Գազայի ուսանողների շրջանում։

Իսկ Իրանը քննադատել է ամերիկյան ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները ԱՄՆ բուհերում։ Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին X հարթակում իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ ուսանողներին: Իրանի համալսարաններից մեկն անգամ կրթաթոշակ է առաջարկել ամերիկյան բուհերից վտարված ուսանողներին և աշխատանք՝ հեռացված դասախոսներին։ 

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ին քննադատում են այնպիսի երկրներ, ուր բողոքի զանգվածային ակցիաները հաճախ ուղղակի արգելված են։ Վերջերս Չինաստան կատարած այցի ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է բողոքի ցույցերին․ «Մեր երկրում ժողովրդավարության մի մասն է, որ մեր քաղաքացիները ցանկացած պահի հայտնեն իրենց տեսակետները, մտահոգությունները, զայրույթը»: