Այստեղ որպես այդպիսին լիդեր չկա` բոլորս ենք լիդեր, երաշխավորը Բագրատ Սրբազանն է

Այստեղ որպես այդպիսին լիդեր չկա` բոլորս ենք լիդեր, երաշխավորը Բագրատ Սրբազանն է

«Հրապարակ»-ի զրուցակիցն է «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով Տավուշում էր պայքարի առաջին օրվանից եւ հիմա էլ միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

-«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները հայտարարում են, որ այն հասարակական շարժում է։ Սակայն փաստ է, որ այն ինչ-որ մի պահի պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա, ո՞րն է շարժման հանգրվանն ու վերջնանպատակը։ 

-Այս պահին մենք չենք շեղվում այն օրակարգից, որը բարձրաձայնել ենք․ միակողմանի հանձնման գործընթացը պետք է անպայման կասեցվի։ Սա ոչ միայն Տավուշի, այլեւ ամբողջ Հայաստանի խնդիրն է, պետության եւ պետականության հարցն է։ Զուգահեռ պետք է հաղթահարվի նվաստացման, ստորացման, ինքնության եւ արժանապատվության դեմ արշավը։ Մինչեւ մայիսի 9-ը այս օրակարգով ենք գնալու, հետո չեմ կարող ասել, թե օրակարգը ինչպես կփոխվի, ինչ գործընթացներ կավելանան։ Սա ժողովրդի պահանջով սկիզբ առած շարժում է։ Պլանավորված բան չի եղել, բնական, օրգանիկ, ինքնաբուխ է ձեւավորվել։ 

-Ու՞մ մտահղացումն է այս շարժումը, ո՞վ է կանգնած ակունքներում՝ Դո՞ւք, Գառնիկ Դանիելյանը, Բագրատ Սրբազանը, ո՞վ։

-Անձնավորել պետք չէ։ Բագրատ Սրբազանի եւ Գառնիկ Դանիելյանի ներգրավվածությունն էլ է եղել օրգանական, պայմանավորվածություն չի եղել։ Դուք գիտեք, որ մինչ շարժումը, ես արդեն մոտ 2 ամիս ապրում էի Ոսկեպարում։ Ես այնտեղ փորձել եմ իմ հնարավորության սահմաններում իրավիճակը ներկայացնել, բնակիչներին օգնել։ Ոսկեպարի բնակիչներն ինձ էին լիազորել իրենց անունից հանդես գալ՝ եւ՛ իշխանության հետ հարաբերություններում, եւ՛ մնացած դեպքերում։ 

-Կա՞ն կուսակցություններ, ուժեր, անհատներ, որոնց մասնակցությունը Դուք անընդունելի եք համարում եւ անգամ ասում եք` մեր կողքից մի քայլեք։

-Կողքին քայլելն այլ բան է, շարժումը աջ ու ձախ տանելը` այլ բան։ Սա համազգային է, համահայկական, յուրաքանչյուր ոք՝ արեւմտամետ, ռուսամետ ազատ է աջակցելու շարժմանը։ Բայց այս շարժումն ունի հստակ արժեքներ եւ սկզբունքներ, եւ որեւէ մեկն այն ինչ-որ մի պահի տեսականորեն անգամ չի կարող  օգտագործել սեփական կուսակցական, անձնական կամ խմբային շահի համար։ 

-Կա՞ն այդպիսի ուժեր։

-Մինչեւ այս պահը չեմ նկատել, անձնական առումներով տարբեր մարդիկ են գալիս, տարբեր ցանկություններ գուցե ունենան, բայց որեւէ նման բան դեռեւս չի եղել, իսկ հենց արտահայտվի՝ մեր կողմից կլինի շատ չոր, կոպիտ պատասխան։

-Շարժման լիդերը, առաջնորդը ո՞վ է։

-Այստեղ որպես այդպիսին լիդեր չկա, բոլորս ենք լիդեր։ Երաշխավորը Բագրատ Սրբազանն է։

-Երաշխավորն այլ բան է, լիդերը, առաջնորդը` այլ բան։ Կա՞ մեկը, որի հետեւից գնում են, ո՞վ է նա՝ Գառնիկ Դանիելյա՞նը։

-Չէ, չէ, եթե այդ տեսանկյունից եք նայում, ապա բնական ձեւով առաջնորդությունը Բագրատ Սրբազանինն է։ Մենք մեր մեջ չենք պայմանավորվել, լիդեր չենք ընտրել։ 

-«Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ ի՞նչ խնդիր եք ունեցել, մենք տեղեկացանք, որ ցանկացել են երթին միանալ, ասել եք՝ թույլ չեք տալիս։ Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս մոտեցումը։ «Ապրելու երկիրը» քաղաքական մեծ ուժ է ներկայացնում, ավելին՝ ՏԻՄ-երում հաղթանակներ է տարել, համայնքապետերի պաշտոններ ունեն։ 

-Նման խոսակցություն չի եղել, չի էլ կարող լինել, մենք բոլորին ասել ենք՝ շատ ուրախ ենք բոլորիդ աջակցության համար, նույնիսկ մենք ենք ասել՝ րոպե առաջ սպասում ենք ձեր աջակցությանը։

-Երթի ժամանակ Ձեր կողքից քայլող տղաները հրմշտում են քաղաքացիներին։ Բագրատ Սրբազանը խոսում է հաշտության, համերաշխության մասին, ինչո՞ւ են ձեր ընկերներն ագրեսիվ վարք դրսեւորում, ի դեպ` ովքե՞ր են, ասում են՝ անվտանգության աշխատակիցներ ունեք, ումի՞ց եք պաշտպանվում` ժողովրդի՞ց։

-Ես անվտանգության աշխատակից ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ ունեմ։ Մենք ուղղակի փորձում ենք երթի կարգը պահել, դրա համար էլ մարդիկ կարող է իրար հրմշտել են։ Շատ դեպքերում կասկածելի մարդիկ են եկել, ովքեր փորձել են սադրել, կռիվ գցել։ Ներդրված մարդիկ են եղել։ Մենք խնդրել ենք, որ թույլ չտան մոտենալ առաջին շարքով քայլող մարդկանց։ 

-Ասում եք բոլորին ասել ենք` րոպե առաջ սպասում ենք ձեզ, պատրաստ ենք բոլորին ընդունել: Ձեր շարքերում կընդունե՞ք, օրինակ, Հովիկ Աղազարյանին։

-Շատ ավելի լավ, ես միայն կողջունեմ, հույս ունեմ, որ նման խելամտություն կունենան։

-Ինչո՞ւ են Ձեր անունը կապում Սերժ Սարգսյանի, նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ, ի՞նչ առնչություն ունեք։

-Չեմ կարող ասել, ինձ էլ է հետաքրքիր։ Ավելի անհեթեթ բան չկա: Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն իմ անցած ճանապարհը, իմ անձնական հարաբերությունները, կարող են փաստել։

-Ձեր անցած ճանապարհը ո՞րն է` աշխատել եք պետական կառույցում եւ պահանջել եք Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նը։

-Ես 2014թ․-ից մինչեւ 2017թ․-ը աշխատել եմ տրանսպրտի եւ կապի նախարարությունում, ոչ մեկին չեմ մերժել։ Ես եղել եմ գործուղման Շվեդիայում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Իրականության հետ կապ չունեն այդ խոսակցությունները։