Հույս չունենաս

Հույս չունենաս

Երբ իշխանավարմանդ շրջանում պատերազմ, զոհեր, կորուստներ, սպառնալիքներ ու համազգային նսեմացում է ստացել քո ժողովուրդը, որքան էլ դու քեզ անմեղ համարես եւ դրանք քո վարած քաղաքականության հետեւանք չհամարես, պետք է գիտակցես, որ բոլորը չեն կարող կիսել քո ինքնարդարացման փորձերը: Նախ, որովհետեւ դրանք համոզիչ չեն, երկրորդ` մարդիկ պարտավոր չեն քեզ նման մտածել եւ մատից ծծած արդարացումներին հավատալ: Ճիշտ է` մեկը կասի, որ դու հայոց հազարամյա պատմության մեջ ամենաբացասական կերպարն ես ու չտեսնված դավաճան, մյուսը կհամարի, որ կոնկրետ շահով ես արել, երրորդը քեզ կհամարի անփորձ ու ապաշնորհ, չորրորդը` միամիտ գյուղացի եւ ակամայից ծուղակն ընկած մարդ, ու ամեն մեկը քո մեղավորության տարբեր չափ կսահմանի, բայց դրանք ընդամենը դետալներ են: Այդ բոլոր մարդիկ, անգամ քո թիմի ամենահավատարիմ անդամները, մի բանում միասնական են` Հայաստանը հայտնվել է ծանր կացության մեջ, եւ դրա մեղավորը գործող իշխանությունն է:

Այնպես որ, եթե մի փոքր ողջամտություն եւ սթափ դատելու ունակություն ունես, պետք է հասկանաս, որ մարդիկ մի օր քո վրա հովանոց են նետելու, սյունյաց ողջույններ եւ ազդանշաններ են հնչելու՝ քո շարասյանն ուղղված, մյուս օրը կնոջդ ու աղջկադ ներկայությամբ քեզ դավաճան են կոչելու, հետո ինչ-որ մեկը նռնակը ձեռքին մտնելու է որեւէ պետական հիմնարկ, կամ կառավարության շենքի առաջ ինքնահրկիզման դեպք է արձանագրվելու: Պետք է հասկանաս, որ մարդիկ չեն կարող ճանապարհ չփակել, բողոքի ակցիաներ չանել: Մանավանդ երբ դու հենց այդ ճանապարհով ես եկել իշխանության, առնվազն անբարոյական ու ծիծաղելի է փողոց փակողներին ոստիկանություն քարշ տալը եւ վախի մթնոլորտի վրա հույս դնելը: Բումերանգի եւ ըմբոստության իրավունքը ոչ մեկը չի վերացրել: