Խլել Ուկրաինայի բոլոր տարածքները և բանտ նստեցնել Զելենսկուն․ Կադիրովի կոչը

Խլել Ուկրաինայի բոլոր տարածքները և բանտ նստեցնել Զելենսկուն․ Կադիրովի կոչը

Ռուսական բանակը պետք է «ավելի ակտիվ գրոհի» մայիսին՝ Օդեսայի և Խարկովի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Կարծում եմ, որ պետք է ավելի ակտիվ գրոհել, պետք է ուժեղ հարվածներ հասցնել, քանի դեռ ժամանակ կա։ Այս ամիս պետք է գրավել մոտակա տարածքը, պետք է անպայման գրավել Օդեսան և Խարկովը։ Հետո բանտ նստեցնել Զելենսկուն և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին, մեր պետության անվտանգությանը, քաղաքացիներին, Ուկրաինայի տարածքում բնակվող ռուսալեզու բնակչությանը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

Կադիրովը պնդել է, որ եվրոպական երկրները, որոնք օգնում են Կիևին, ցանկանում են օկուպացնել Ուկրաինայի տարածքները, և Ռուսաստանը չպետք է դա թույլ տա։

«Ես զարմանում եմ, երբ Եվրոպան ինչ-որ բան է ասում, և երբ մարդիկ ուշադրություն են դարձնում դրանց։ Նա այնտեղ ոչինչ չունի: Նրանց վերեւում ԱՄՆ պաշտպանության նախարարն է։ Նրանք այնտեղ ոչինչ անել չեն կարող։ Նրանց հատկացրած գումարները Ուկրաինա չեն հասնում։ 

Ուզում են թալանել, հետո տարածքներ գրավել ու այդ տարածքները տալ եվրոպական պետություններից մեկին։ Ուստի մենք չպետք է դա թույլ տանք։ Մենք պետք է Ուկրաինայից խլենք բոլոր տարածքները»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը։