Վեհափառի հետ կապված այսօրվա միջադեպով Փաշինյանը ցույց տվեց իր կարճամտությունը

Վեհափառի հետ կապված այսօրվա միջադեպով Փաշինյանը ցույց տվեց իր կարճամտությունը

Փաշինյանական ռեժիմն այսօր հերթական «Պյուռոսյան հաղթանակը» տոնեց․ խոչընդոտեց Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Այդ «որոտընդոստ գործողության» իրականացումը վստահվել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ոստիկաններին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ցնծություն ու տոնական տրամադրություն է եղել իշխանական ճամբարում․ բա հո կատակ բան չէ՝ Վեհափառին հասկացրել են, թե ով է երկրի «իրական տերը»։

Իրականում կատարվածը ամոթալի լինելուց բացի նաեւ ծիծաղելի կարող էր լինել՝ իշխանությունների համար, եթե այդքան ողբերգական ու ողորմելի չլիներ կողքից դիտողի համար ու չվերաբերեր մեր ժողովրդին ու մեր երկրին։ Իրականում, տեղի ունեցածը արձանագրեց եւս մեկ «աննախադեպ իրադարձություն» Փաշինյանական ժամանակների «ակտիվում»․ Հայ ժողովրդի (եթե կուզեք՝ Հայաստանի) պատմության մեջ առաջին անգամ հայկական իշխանությունների հրահանգով արգելվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը մեր ազգային պետականության խորհրդանիշներից մեկը համարվող Սարդարապատի համալիր։ Պատմությունը մի դաժան «բնավորության գիծ» ունի․ երբեք ոչինչ չի մոռանում եւ կատարված ամեն ինչը արձանագրում ու խնամքով ի պահ է դնում «դաֆթարներում» ապագայի սերունդների համար, որպեսզի գալիք սերունդներն իմանան ու ըստ այդմ՝ դատեն։ Ու ապագայում ըստ այս դրվագի նաեւ պատմության անողոք դատաստանի առաջ է կանգնելու Փաշինյանը` իր ողջ թիմով  հանդերձ։ Այս ամենը նաեւ ցույց է տալիս փաշինյանական թիմի՝ գիտելիքների մասով եղած ողջ բոբիկությունը։ Այս քայլով ապացուցվեց, որ Հայաստանի գործող վարչակարգում չկա գեթ մեկը, ով քիչ թե շատ նորմալ պատկերացում կունենա իրական քաղաքականության, Եկեղեցու, գլոբալ իմաստով կրոնական եւ քաղաքական հարցերի հարաբերակցության եւ էլի հազար ու մի նրբությունների մասին։ Միաժամանակ նաեւ՝ ապացուցվեց, որ Փաշինյանական վարչակարգը չափազանց ինքնավստահության ու ինքնահիացքի մեջ ընկնելով, կորցրել է իրականության զգացողությունը ոչ թե երկրի ներսի հետ կապված, այլ դրսի աշխարհի։

Փաշինյանն ու իր թիմը, թերեւս, մոռացել են, որ Եկեղեցին կարեւոր գործոն է եղել, կարեւոր գործոն է եւ այդպիսին կլինի միշտ ամբողջ աշխարհում։ Գոնե պատմությունից սովորեին, որ դա ժամանակին հասկացել է նույնիսկ այնպիսի աթեիստ, ինչպիսին Ստալինն է, ով Չերչիլի եւ Արեւմտյան քաղաքական էլիտաների սիրտը շահելու համար իր երկրում կրոնական կառույցների եւ հատկապես՝ Եկեղեցիների հանդեպ վերաբերմունքը մեղմացրեց, նույնիսկ թույլ տվեց, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու գահակալ ընտրվի եւ այլն, որովհետեւ հասկանում էր, որ իր դիմաց կանգնած Չերչիլն ու  Արեւմուտքը, որի հետ փորձում էր հարաբերություններ նորմալացնել, հավատացյալ մարդիկ են եւ իր հետ գործ բռնելուց առաջ նաեւ կրոնական գործոնն են հաշվի առնում։ Կարելի է երկար խոսել ու բացատրել այս տարրական բաները, սակայն կարծես թե ավելորդ է, ինչպես ժողովուրդը կասեր՝ «խեւին խրատն ինչ կանի, սեւին` սապոնը»: