Ռուսաստանը փորձում է ուղղել «տարերային իննսունականների» սխալները

Ռուսաստանի Պետական Դուման դաշնային կառավարություն է ուղարկել հարկային օրենսդրության փոփոխությունների մասին խորհրդարանական լսումների ամփոփիչ ցուցումները։ Ըստ ռուս փորձագետների եւ վերլուծաբանների, այժմյան հարկային փոփոխություններն ունեն մի յուրահատկություն` դրանք, այսպես ասած, «արդարացիության սկզբունքի» հիման վրա են իրականացվում։
«Արդարացիության սկզբունքը» հռչակվել է այդպիսով Ռուսաստանի տնտեսական վերափոխումների համար գլխավոր նպատակ։ Դրան հասնելու համար Դուման Կառավարությանը խորհուրդ է տալիս ապահովել հարկային բեռի ավելի արդարացի բաշխում՝ ֆիզիկական անձանց հարկման պրոգրեսիվ մեխանիզմի ներդրման տարբերակով, ինչպես նաեւ՝ վերանայելով եկամտահարկի տոկոսադրույքը։
Բացի այդ, խորհուրդ է տրվում հասնել նրան, որ հասարակության մեջ եղած սոցիալական անհավասարությունը նվազի։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռեգիոնների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ հարկային խթանների կիրառմանը։ Պրոգրեսիվ մեխանիզմի սահմանաչափերի որոշումը խորհրդարանականները վերապահել են կառավարությանը։ Այստեղ մասնագետները մի քանի դիտարկում են առանձնացնում։
Պետք է հստակեցվի սոցիալական արդարության սահմանումը, աղքատության նվազագույն շեմը, ապահովվածության չափանիշները, սահմանվի, թե որ դեպքում են մարդիկ կոչվելու հարուստ կամ չափազանց հարուստ։ Այս ամենը պետք է արվի նրանց եկամուտների հաշվառման հիման վրա։
Մյուս կողմից, ինքնանպատակ պիտի չլինի հարուստների ու շատ հարուստների հարկային բեռի ավելացումով նրանց եկամտի մի մասի վերցնելը։ Այս ամենին հասնելու համար փորձագետները կարեւորում են զգոնությունն ու աչալրջությունը՝ հնարավոր ֆինանսատնտեսական սպեկուլյատիվ գործողություններ թույլ չտալու համար, ինչպես նկատում է nezigar տելեգրամյան ալիքը։ Խորհուրդ է տրվում հարկման առումով ուշադրության կենտրոնում պահել այն միջոցները՝ լինեն դրանք անշարժ կամ շարժական կապիտալ, որոնք ձեռք են բերվել 90-ական թվականներին, որոնք Ռուսաստանում հայտնի են «տարերային 90-ականներ» անունով եւ որոնց ընթացքում, ըստ մասնագետների, տեղի է ունեցել անարդար մասնավորեցման եւ հարստացման գործընթաց։
Ըստ ամենայնի, կարելի է ասել, որ Ռուսաստանը փորձ է անում իրականացնել ունեցվածքի վերաբաշխում եւ սոցիալական հավասարություն հաստատելուն ուղղված արդարացի տնտեսական բարեփոխումներ։ Թե ինչքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն պարզ է այն, որ իշխանությունները փորձում են հասարակության սիրտը շահել հատկապես «տարերային իննսունականների» թեմայի վրա խաղարկելով «սոցիալական արդարացիության» սկզբունքը։
Կարծիքներ