Անդրանիկ Կարապետյան․ Հետհաշվարկ

Անդրանիկ Կարապետյան․ Հետհաշվարկ

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

- Տեսնես որքա՞ն կտեւի Աստծո 
համբերությունը…
«Աստված Սեր է»-ասում էր 
սեւազգեստ քահանան,
Ու մենք մտածում էինք, որ 
սիրո գույնը սեւն է՝
Հանգցնում էինք սենյակի լույսը,
Արտաշնչում էինք պատուհանի ապակուն
Եվ մատով նետահարված սիրտ նկարում
Երկնքի սեւ ֆոնի վրա…

- Տեսնես որքա՞ն կտեւի Աստծո 
համբերությունը…
«Աստված ողորմած է»-ասում էին
մեծահասակները 
Այս ու այն կողմից,
Ու մենք ապավինելով նրան,
Որ Աստված մեզ կողորմա ու միշտ կների՝
Անտեսեցինք Աստծո բոլոր տասը 
պատվիրանները,
Աստված սկսեց զայրանալ
Երկրաշարժերի, ցունամիների, 
հրդեհների… տեսքով:

Մենք հակադարձեցինք Աստծո զայրույթը՝
Նրա ուղղությամբ հրթիռներ ուղարկելով,
Աստված տարուբերեց գլուխը
Եվ փակեց բոլոր զգայարանները…

- Տեսնես որքա՞ն կտեւի Աստծո զայրույթը…
- Աստծո սիրտ է,- ասում էր մայրս.
10… 9… 8… 7… 6…

***

Հառաչում է դարձյալ լուսաբացը,
Մի չարագույժ դող կա նրա սրտում,
Տարակույսը էլի նստակյաց է,
Ցավը վաղուց մաշկի տակ է անցել՝
Արթնանում է հաճախ ու սրթսրթում,
Արշալույսի աչքը ալ ու թաց է:

Քնա՛ծ երկիր, քեզ ո՞վ, ո՞վ օրորեց,
Որ չես կարող բացել աչքդ էլի,
Ոտքիդ տակի հորը այդ ո՞վ փորեց
Ու ջաղացի քարեր վրան շարեց,
Խռմփում է հիմա ողորմելին
Թավշյա վրանի տակ օտար ու մեծ:

Ձենդ զլի՛ր, Օհա՛ն: Երկի՛ր, ի սո՛ւր,
Դո՛ւ ես քո էպոսը քո ճակատին գրել,
Դու բաշխել ես արդեն երկու զարկդ իզուր,
Զարկդ երրորդ օրհնյալ է, անվրեպ,
Ու մեծ զարկից կայծեր 
կբարձրանան վերեւ՝
Դեպի լուսաբաց ու երկինք լազուր:

***

Մենք հաղթանակի մեր բերդը 
կառուցեցինք
Եվ այն պարսպապատեցինք 
Շքեղ ատամնաշարով…
Բայց մինչ մենք քնած էինք բերդի մեջ՝
Թշնամին արթուն էր,
Եվ մեր իսկ ձեռքով քաշեց
Խարխլած ատամները պարսպի:

Մենք մի օր արթնացանք եւ տեսանք,
Որ մեր հաղթության պարսպի ատամները
Արհեստական են դարձել.
Այն սկզբից ցավեցնում էր, 
Հիմա թմրած է,
Անցավ,
Սովորական…

Հիմա այն հանել-դրել են ջրի մեջ,
Եվ դեռ գոռգոռում են,
Որ հաղթանակը ատամնաշար չի՛ ունեցել,
Որ այն ինչ տեսել եք՝ չի՛ եղել,
Ուրեմն փակե՛ք բերաններդ,
Որ չերեւա ո՛չ պարիսպ,
Ո՛չ ատամնաշար,
Ո՛չ հաղթանակ…

***

Մի անլվա տականք, մի կեղծավոր,
Որ արցունք է թափում, եթե պետք է,
Որ արյուն է թափում գիշեր ու զօր՝
Սրբամասունք արյունն իմ ալեւոր…
Ճերմակ հողի վրա մի սեւ հետք է:

Մի գարշաբույր տականք՝ առնետակերպ,
Արմատներն է կրծում իմ հին ծառի,
Կրծում է պատմությո՛ւն, դրո՛շ ու գե՛րբ
Գայլի ախորժակով ու դիմակով գառի:

Ու մենք մրափում ենք այնպես անհոգ,
Այս անեծքը տեսնես շա՞տ կտեւի,
Թե՞ կբացենք ճամփան, Աստծո կամոք,
Ուրի՜շ տեսակ, ուրի՛շ կերպ ու ձեւի…

***

Ի՞նչ եղավ, եղբայր, ի՞նչ եղավ,
Գրված էր, պետք է լիներ.
Մեզանից ծնվեց հավատը
Մենք պետք է ծնեինք եւ նեռ:
Բոլորը ոտքի կանգնեցին՝
Իմ հորեղբայրը, քո քեռին,
Կողպեցին դռները կյանքի,
Ճանապարհ բացեցին նեռին:
Իսկ նեռը նշանով եկավ-
Տրորեց զարթոնք ու գարուն,
Շալակին՝ ուսապարկ՝ գաղթի,
Թաթին կար մի կաթիլ արյուն:
Եվ ահա արյուն է հեղվում
Ամեն օր, ժամ ու ակնթարթ,
Արյունը գետ դառել, հոսում է
Իմ երկրի բորբ սրտից անդադար:
Նայում է նեռն ու քրքջում,
Քանդում է, ավերում փութով,
Իսկ Աստծո որդին դեռ լուռ է,
Բայց կգա, կխոսի շուտով:
Կսրբի նա մեր աչքերի
Փառը՝ անթափանց, լեղի,
Ու դարձյալ մենք նետ կդառնանք
Հայկի պրկված աղեղին…

***

Բարձրացել Հայրենիքի տանիքը՝
Պահմտոցի էինք խաղում…

Մի օր էլ սայթաքեցինք, գլորվեցինք ցած:

Բարձր էր տանիքն Հայրենիքի-
Մենք դեռ գլորվում ենք…


ԽԵԼԱՀԵՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Երկիրը դուրս է ժամանակից,
Ժամանակից դուրս է երկինքը,
Չե՞ս հավատում՝ նայի՛ր վերեւ.
Ամենուր փողային 
Ու անհամար հարվածային գործիքներից
Հառաչում է երկինքը:
Այս թեւավոր ու անթեւ 
հրթիռների շարանը,
Նայի՛ր, 
Պսպղում է երկնքի պարանոցին
Ինչպես մահվան սառը ադամանդաշար:

Աստղերը խռովել, հեռացել են երկնքից
Կամ մտել են թաքստոցները…
Դու էլ քե՛զ տեղավորիր
Թաքստոցի մեջ ժամանակի
Ու մնա՛ աննկատ,
Ու գնա՛ աննկատ
Դեպի վերջն այս խելահեղության…

***

Մենք արթուն էինք՝ նեռն էր քնած,
Եվ ամրակուռ էր բազուկն Հայի,
Ու մեր մեջ սերն էր բանագնաց-
Ինչքան էլ ցավեր, դավեր կային:

Նեռն է արթնացել, մենք ենք քնած,
Մահն է կաթկթում նեռի բազկից,
Թշնամու առաջ դարպասն է բաց,
Եվ աչքերն է փակ հոգնած ազգիս:

Մե՞նք վրիպեցինք այսքան ցավոտ,
Թե՞ սա էր գրված մեր ճակատին,
Բայց տե՛ս, կոչնակն է գալիս աղոտ՝
Իջնում մեր վերքին կաթիլ-կաթիլ:

***

Իմ աչքերի մեջ է 
Իրիկունը փակում վարագույրն իր,
Շատրվանը մութի ցայտում է լուռ,
Հիշողությունը հենվել իմ ուսերին, 
որպես Կորած երկիր
Սեղմում է, մղկտում մրմուռ-մրմուռ:

Ես վերցնում եմ գետնից 
Վրձինը ձեռքիցս վաղուց ընկած,
Փորձում եմ խզբզել Հույսի պատին,
Պատից ինձ է նայում մի 
մութ կտավ-երկինք՝ 
Տխուր ու թաց,
Տակից՝ դեռ չծնված աստղեր անթիվ…

***

Տերեւի պես պաղ է շրթունքն աղջամուղջի,
Ասուպների լուռ շքերթ է երկնքում բաց,
Հիմա, հիմա կբոցկլտա կիրքը հանգած,
Ու զայրույթը լեռան կրծքից դուրս կփախչի:

Բացվող օրը խոլ վրեժի հանդերձներով
Կքլքլտա երակներում արյան հանգույն,
Էլ չենք հաշվի, թե արդյոք ե՞րբ այսքան թանկ ու էժան կյանքը 
եկավ-լցրեց տեղը սիրո:

Ու կզարթնի՛, կմոլեգնի՛ ծանր քամին,
Կգա՛, կավլի՛ երակների անտարբերը,
Դատարկ տեղը կմխրճի՛ Ոխն ու Սերը,
Այն սանիտար, մեր սրտերը վաղո՜ւց-վաղո՜ւց լքած քամին…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ