«Հրապարակ». Եթե նոյեմբերին պատերազմ է լինելու, ինչո՞ւ ավերեցիք պաշտպանական բնագիծը

«Հրապարակ». Եթե նոյեմբերին պատերազմ է լինելու, ինչո՞ւ ավերեցիք պաշտպանական բնագիծը

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր համար բացահայտում է հեծանվասպորտի հաճույքները, նրա ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ նոր պատերազմ է գուժում, անգամ կոնկրետ ժամկետ նշելով՝  նոյեմբեր։ «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»,- գրված է Արարատ Միրզոյանի գլխավորած կառույցի պաշտոնական հաղորդագրությունում, որով ԱԳՆ-ն արձագանքել է նախօրեին Բաքվից հնչած նոր սպառնալիքներին։

Ֆրանսիական Caesar ինքնագնաց զրահամեքենաների գնման պայմանագրի ստորագրումն էր հերթական առիթը, որ Ադրբեջանը, որի հետ խաղաղություն կառուցելու քաղցր ստով է կերակրվում հայ հանրությունը, նախազգուշացնի Հայաստանին ու Ֆրանսիային, թե «Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը եւ Մակրոնի բռնապետությունը»։ Այս տեքստով Ադրբեջանը Հայաստանին նոր պատերազմով է սպառնում, եւ այդ փաստն իր պատասխանում ուղիղ կերպով արձանագրում է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ ի դեպ, հղում անելով ոչ թե իր, այլ «մի շարք կենտրոնների վերլուծություններ»-ին։
Սրանով, փաստացի, արտաքին գերատեսչությունն արձանագրում ու ստորագրում է այն նախազգուշացումների տակ, որ Փաշինյանի խաղաղության օրակարգը ձախողվել է, որ, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը չի փակելու Ադրբեջանի ախորժակը, այլ հակառակը՝ այն, ինչպես ասում են, ուտելիս է բացվելու։

«Ինձ համար ցավալին այն է, որ հղում են անում տարբեր ուղեղային կենտրոնների, վերլուծաբանների։ Դրա անհրաժեշտությունը չէր լինի, եթե ընդամենը փորձեին լսել եւ խորքի մեջ կարդային այն մասնագիտական կարծիքը, որ 2 տարուց ավելի է՝ հնչում է տարբեր հարցազրույցներով, երկնագույն էկրաններից։ Այն, ինչ մենք ասում էինք 2,5 տարի առաջ, այսօր իրենք են փորձում հնչեցնել։ Սա, մեղմ բառով ասեմ, տգետ քաղաքականության, դիվանագիտությունից հարյուրավոր կիլոմետրեր հեռու լինելու, միջազգային հարաբերություններում աշխատանքի որեւէ փորձ չունենալու արդյունքն է, այն հիմար քաղաքականության արդյունքն է, որը որդեգրել են եւ հարյուր հատ չակերտներով ասված այդ խաղաղությունը փորձում են այս ժողովրդի վրա վաճառել։ Քանի՞ անգամ ենք ասել, որ Ալիեւը կանգ չի առնելու, որքան հնարավոր է՝ վերցնելու է։ Սրանք էլ մտածել են՝ դե, տանք, տանք, մի օր երեւի էլ չի ուզի, եւ հիմա արդեն իրենք են հնչեցնում, որ պատերազմի սպառնալիք կա, որ իրենց առաջարկներն անտեսվում են, որ իրենց բանի տեղ չեն դնում։ Իրենք, իսկապես, անտեսված են, ընդամենը գործիք են՝ ինչ-որ լուծումներ տալու համար, որոնք մեր ժողովրդի համար անդառնալի հետեւանքներ են ունենալու»,- «Հրապարակ»-ին ասում է Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Նա միեւնույն ժամանակ շեշտում է՝ սպառազինություններին վերաբերող գործարքներն այն գործարքներն են, որոնց մասին սովորաբար չի բարձրաձայնվում, հատկապես այն երկրների պարագայում, որոնք թեժ տարածաշրջաններում են գտնվում եւ հարեւանների հետ չկարգավորված հարցեր ունեն։ Դիվանագետի խոսքով՝ նույնիսկ ավելի հանգիստ տարածաշրջանների երկրներն այսպես բացահայտ չեն PR-ում սպառազինության մատակարարման գործարքներն ու գնումները։ «Իհարկե, սա չէր կարող չառաջացնել այդ ընդվզումը կամ զայրույթը, որովհետեւ իրենց տերերը զայրանում են, թե այս ի՞նչ է կատարվում։ Սրանք այն գործարքներն են, որոնք լռություն եւ կուլիսներ են սիրում, պետք է բացառել «ջուրը դեռ չտեսած՝ ասել․ սառն է» քաղաքականությունը։ Այս կրկեսային պահվածքն ուղղակի ծիծաղ է առաջացնում»,- նկատում է դիվանագետը։

Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողություններ նախապատրաստելու համար տեղեկատվական հող ստեղծելու առումով մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմին նախորդած շրջանի հետ նմանություններ է տեսնում։ Դիվանագետը մանկամիտ մոտեցում է համարում շարունակական զիջումներով Բաքվին զսպելու օրվա իշխանության փորձերը։ «Չափ ու սահմանն անցած իրավիճակ է, ի՞նչ է կատարվում, տղաներ եւ աղջիկներ։ Կատարվում է այն, որ բախվել եք դաժան իրականությանը, ինչի մասին բարձրաձայնվել ու բացատրվել է, որ նման քայլերով դուք չեք ունենալու խաղաղություն, ունենալու եք պատերազմ եւ դա կամաց-կամաց սկսել եք ընդունել»,- նշում է Վահագն Մելիքյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ մեկնաբանելով իշխանության ուղերձները՝ մենք փորձում ենք ռացիոնալության հատիկ գտնել դրանցում, սակայն դրանք, իրականում, աբսուրդի ժանրից են։ Չկա ռացիոնալության հատիկ, գործ ունենք վերջնականապես ձախողված քաղաքականության հետ։ 

«Վերջում էլ կարելի է ասել՝ «կեցցե հեծանիվը, եկեք մենք հեծանիվ քշենք, որովհետեւ մենք խաղաղություն ենք բերում, կամ՝ սկսենք ավագ դպրոցականների ուղեղները լվանալ՝ հիշողությունից, սրբություններից, ընդհանրապես ազգայինից զրկելու համար, սարքենք նրանցից դոնդող կամ վաղվա զոմբիներ, որոնք բացարձակապես կտրված պետք է լինեն իրականությունից՝ հող, հայրենիք, սահման, հավատք, սրբություն չիմանան»,- եզրափակում է դիվանագետը։
Պատերազմի ռեալ վտանգի մասին խոսում է նաեւ ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։ Ասում է՝ իրենք ամենօրյա ռեժիմով հետեւում են Ադրբեջանի ներքաղաքական ու ռազմաքաղաքական իրադարձություններին ու բազմիցս են անդրադարձել նրան, որ Ադրբեջանի գործողություններն ու պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները վկայում են՝ այդ երկիրը չի պատրաստվում խաղաղության, պատրաստվում է հերթական խոշոր ռազմական գործողություններին։

«2020թ․ պատերազմից հետո, տարեկան մոտ 7-8, անգամ 10 զորավարժություն են իրականացնում՝ ներգրավելով թե՛ հատուկ նշանակության ուժեր, թե՛ զենիթահրթիռային ստորաբաժանումներ։ Ներգրավում են իրենց ՄՈԲ ռեսուրսը։ Համադրելով այս փաստերն ու հետեւելով Բաքվի պաշտոնական խոսույթին՝ դժվար չէ գալ այն եզրահանգմանը, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական խոշոր բախմանը։ Երբ մեր ԱԳՆ-ն հղում է անում ինչ-որ կենտրոնների վերլուծություններին, ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց ՀՀ ԱԳՆ-ն հասկացավ, որ Ադրբեջանը գնում է հենց այդ ճանապարհով եւ պատրաստվում է մարտական գործողությունների։ Եթե նման գործողությունների է պատրաստվում, ինչո՞ւ են պաշտոնական մակարդակով խոսում խաղաղության մասին, դեմարկացիա-դելիմիտացիայի, ռիսկերի նվազեցման մասին»,- հարցնում է մասնագետն ու շեշտում, որ, փաստացի, ՀՀ իշխանությունն ամբողջությամբ ավերեց Տավուշի ուղղությամբ մեր ամենապաշտպանված բնագիծը, ու հիմա ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նոյեմբեր ամսին հնարավոր է Ադրբեջանը մեզ վրա հարձակվի։

«Եթե այդպես է, ինչո՞ւ մսխեցիք մեր պաշտպանական պոտենցիալը, որ մարտական գործողություններ իրականացնելն ավելի՞ հեշտ լինի։ Այդ գործընթացից Հայաստանը ոչ մի շահեկան բան չստացավ, ու եթե Նիկոլ Փաշինյանը խոսում էր ռիսկերի նվազեցման մասին, ԱԳՆ-ն փաստացի խոսում է այն մասին, որ այդ ռիսկերը ոչ միայն չեն նվազել, մի բան էլ մեծացել են»,- արձանագրում է ռազմական փորձագետն ու հնչեցնում մյուս հարցը՝ այդ վտանգներին դիմակայելու համար Հայաստանն ի՞նչ հակազդող գործողություններ պետք է իրականացնի եւ իրականացնո՞ւմ է արդյոք։ Մասնագետը որեւէ տեսանելի քայլ չի տեսնում եւ շեշտում է, որ Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությանը համարժեք կլիներ ինտենսիվ զորավարժությունների անցկացումը՝ ներգրավելով ոչ միայն ՄՈԲ ռեսուրսն ու տարբեր ստորաբաժանումներ, այլեւ այն զինտեխնիկան, որի ձեռքբերման մասին վերջին շրջանում շարունակ խոսում է իշխանությունը։ 

«Այդ զինտեխնիկան ինտեգրելու եւ ներդաշնակեցնելու լուրջ խնդիր ունենք, արդյո՞ք այդ ամենը կատարվում է, եթե ԱԳՆ-ն խոսում է, որ ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների դիմել»,- եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։