Նոր մանրամասներ՝ թզբեհների «հերքված» պատմությունից

Նոր մանրամասներ՝ թզբեհների «հերքված» պատմությունից

«Հրապարակ»-ի այսօրվա համարում լուր ենք հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցած շաբաթ օրը տեղի ունեցած մի միջադեպի մասին: Գրել ենք. «Անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բերդի օպերլիազորը դատապարտյալներից մեկից մի տոպրակ թզբեհ է ուզել վերադասի՝ Անդրյանի անունից։ Իսկ ձեռքի աշխատանք թզբեհները դատապարտյալները վաճառում են բավականին թանկ գներով։ Անդրյանի պահանջը կատարվել է, սակայն լուրը հասցրել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, ով իր մոտ է կանչել նախ օպերլիազորին, ով հաստատել է, թե պետի պահանջով է գործել, ապա՝  Անդրյանին, եւ հրահանգել է ազատման դիմում գրել։ Թզբեհի պատմությունը վերադասի ականջը գցելու համար օպերների միջեւ վեճ է սկսվել` մեկը մյուսի վրա է գցել, «ռազբորկան» վերածվել է ծեծկռտուքի։ ՔԿԾ-ի լրատվության բաժնից հաստատեկ էին, որ Էդիկ Անդրյանն ազատվել է հունիսի 18-ին, պատճառը «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է»»:

Կոնֆլիկտի մասին հարցին ՔԿԾ-ից նույն պատասխան էին մեզ տվել, թե պետն ազատվել է տարիքի պատճառով, այլ ինֆորմացիա չունեն, այսինքն` չէին հերքել:
Ի դեպ, ազատված պաշտոնյան ընդամենը 45 տարեկան է, այս պաշտոնին նշանակվել էր 2024 թ․ հունվարի վերջին, եւ առնվազն տարօրինակ է, որ  ընդամենը 4 ամսից թոշակի է գնում: Գրել էինք նաեւ, որ փաստորեն, չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՔԿՀ-ները բարեփոխվել են, այնտեղ իրականում նույն անտերությունն է տիրում։

Մեր հրապարակումը կարդալուն պես արդարադատության համակարգում իրարանցում,«վհուկների որս են սկսել», նախ փորձել են պարզել՝ ով է ինֆորմացին դուրս հանել: Հընթացս Քրեակատարողական ծառայությունը «Հերքում» վերնագրով տեքստ է տարածել, թե` «ռազբորկա», ծեծկռտուք տեղի չի ունեցել եւ Անդրյանը ազատվել է «երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու» կապակցությամբ: Կրկին հիշեցնենք, որ ազատված պաշտոնյան ընդամենը չորս ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնին, բացի այդ` օրենքը թույլ է տալիս, որ համակարգում աշխատեն մինչեւ 60 տարեկանը, նույնիսկ եթե իրավապահ համակարգում կենսաթոշակի անցնելու տարիքին են հասել: Իրականում ՔԿԾ -ն փորձում է հերքել մի բան, որի մասին «Արմավիրում» բոլորն են տեղյակ:

Հատուկ հերքում տարածողների համար նոր մանրամասներ ենք հրապարակում. վիճաբանությունը տեղի է ունեցել քրեակատարողական ծառայության շենքի 3-րդ հարկում` օպերատիվ վարչության պետի առաձնասենյակի դիմաց, որտեղ Անդրյանի տեղակալը ծեծել է մեկ այլ աշխատակցի` Գեւորգ Մաթեւոսյան անունով, որն էլ բացել էր թզբեհների թեման։ Ծեծկռտուքը փորձել է դադարեցնել անձամբ ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Այս պատմության մասին տեղեկացել է նաեւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որն էլ հանձնարարել է ՔԿԾ պետին` պարզել կատարվածի հանգամանքները եւ պատժել։ Ի դեպ, Էդիկ Անդրյանին պաշտոնին նշանակել է հենց Ամբակում Գրիգորյանը։ Միջադեպը տեղի է ունեցել երեք օր առաջ ու այն արձանագրված է տեսաձայնագրման սարքերով, որոնք տեղադրված են ՔԿԾ շենքում։