Որ չխենթանան

Եթե դուք կարծում եք` իշխանություններին պաշտպանող, նրանց քաղաքականությունը ողջունող, Նիկոլ Փաշինյանին լավ վարչապետ համարող մարդիկ մոլորության մեջ են կամ չհասկանալով են այդ թեզերն առաջ մղում, այ` հիմա մենք նրանց կբացատրենք, թե երկրում ինչ է կատարվում, եւ նրանք նույնպես դուրս կգան փողոց` պայքարելու, ապա համոզված եմ, որ չարաչար սխալվում եք: Բայց նաեւ եթե կարծում եք, որ նրանք գիտակցաբար են ստում, ձեւացնում, թե գոհ են այս իշխանություններից, դրա գլխավոր պատճառն այն է, որ չեն ուզում զրկվել իրենց պաշտոնից, արտոնություններից, փայից, կարծում եմ, որ էլի սխալվում եք:
Այստեղ բոլորովին այլ ֆենոմեն կա, որը թերեւս հոգեբանների տիրույթում է գտնվում, բայց արժե, որ մեր քաղաքական-հասարակական դաշտն էլ դրա մասին խորհի: Այս մարդկանց մի ահռելի մաս իրականում ինքն իրեն համոզել է, որ ինքը ճիշտ է, որ ամեն ինչ լավ է` որ Նիկոլը հմտորեն է կառավարում երկիրը, որ ՔՊ-ականները նորմալ իշխանություն են, որ մեր երկիրը դեպի լուսավոր ապագա է գնում, ճիշտ է` մենք կորուստներ ենք ունեցել, բայց դա անխուսափելի էր, այ, հիմա խաղաղության պայմանագիր կկնքենք, սահմանները կզատենք, եւ պետությունը կսկսի զարգանալ` ազատվելով ռուսի լծից ու գնալով դեպի լուսավոր Եվրոպա: Այսպես մտածող մարդիկ, իրականում, ընդամենը ինքնախաբեությամբ են զբաղված, սա ընդամենը պարզ ինքնապաշտպանություն է: Այս մարդկանց բնազդներն իրականում շատ ուժեղ են, այդ բնազդները նրանց ստիպում են այսպես մտածել, որ... չխենթանան, որ կարողանան ապրել, որ չկորցնեն հույսն ու հավատը: Հակառակ դեպքում նման ներքին կոնֆլիկտով, նման մտածումներով ապրելը, անգամ արտահայտվելու հնարավորություն չունենալով, կարող է մարդուն հոգեկան խանգարման հասցնել: Եկեք չմեղադրենք նրանց:
Կարծիքներ